Հա

Համայնք

04/08/2019 - 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

«alikonline.ir» - Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

Ստորեւ Սրբազան Հօր կատարած հետազօտական ուսումնասիրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

«Ղարադաղի գաւառներում ու գիւղերում մեր կատարած շրջագայութիւնների ընթացքում, բացի մեր ձեռքում եղած արխիւային անկանոն նիւթերից կամ ցարդ կատարւած մասնակի հրատարակութիւններից, այս բնակավայրերին անձամբ ականատեսը լինելու բարեբախտութիւնը ինքնին առաջնորդում է մեզ եւ մղում, որ որոշ եզրակացութիւնների յանգենք՝ տեղի հայաբնակչութեան կենցաղային պայմանների, ուսման մակարդակի եւ յատկապէս թւաքանակի մասին: Այսպէս օրինակ, Սղըն գիւղում, որտեղ այցելեցինք ուրբաթ, 2 օգոստոս 2019-ին, գիւղացիները մեզ ցոյց տւեցին հայկական դպրոցի տեղը, որի շէնքի երկու պատերը մնացել էին միայն: Ուրեմն, ուսումն ու կրթութիւնը նախկին սղընցի հայերի համար կարեւոր էր համարւել, նրանք հետամուտ էին եղել Թաւրիզից ուսուցիչ հրաւիրելու այնտեղ, լեզու եւ պատմութիւն սովորեցնելու համար նոր սերնդին, մէկ խօսքով իրենց ազգութիւնը ապրել են ուզել ո՛չ միայն հողի հանդէպ իւրայատուկ կապւածութեամբ, այլեւ պատմութեան արմատներին: Միւս կողմից, Ղարադաղի գիւղերում մեր տեսած բոլոր գերեզմանատների ամէնից ընդարձակին հանդիպեցինք Սղընում, որը լռելեայն պատմում է բնակչութեան թւաքանակի մասին:

Սղընը ծովից բարձր է 1360 մետր: Գիւղ հասնելու համար, Քալէյբարից քշեցինք 55 կմ. լեռնային ոլորապտոյտ ճանապարհներով, մինչեւ հեռւից տեսանք Աւարսին գիւղի վերեւում գտնւող Ուրարտական բերդը, դրա կարմիր կրաքարի մնացորդները նշմարելով պարիսպների մէջ: Բերդը անմատչելի բարձունքում է կառուցւած, որտեղ միայն քայլելով կարելի է բարձրանալ եօթ ժամից:

 

Բնակչութիւն եւ գիւղանուն

Աւարսինի կամ Սղընի Ուրարտական բերդի գտնւած լեռան ստորոտից անցնելով, շարունակեցինք մեր ճանապարհը դէպի Սղըն: Ձորամիջին հեռւից երեւաց գիւղը, որը այսօր շատ բնակչութիւն չունէր, աւելի գիւղատնտեսական արդիւնաբերութեան գործադաշտ լինելու տպաւորութիւնն էր թողում հեռւից: Սակայն 20-րդ դարասկզբին Երւանդ Ֆրանգեանի տւած տեղեկութեան հիմամբ, Սղընը ունէր 100 տուն, այսինքն շուրջ 600 հոգի հայաբնակչութիւն:

Խանագահ գիւղի դպրոցի ուսուցիչ Յովհաննէս Յովսէփեանը, Ղարադաղի գիւղերին նւիրւած իր ուսումնասիրական աշխատութիւնում ուշագրաւ մէկ տեղեկութիւն է հաղորդում Սղընի անւան մասին: Նա ասում է, որ գիւղը պատկանել է Քէյւան գաւառակի գլխաւոր խանին՝ Խան Հաշիմին: Նրա մահից յետոյ ստացւածքին տէր է կանգնում նրա կինը՝ Զիբա խանումը: Որոշ ժամանակ անց, նրա կնոջը «Սղա» է վերցնում մէկ այլ խան: Դրանից յետոյ Զիբային պատկանող գիւղի անունը լինում է «Սըղա Քէնդի», (Թրգմ.՝ «Սղայի գիւղ»): Թէ ի՞նչ է եղել դրանից առաջ գիւղի հայկական անունը, ոչ մի տեղեկութիւն չկարողացանք գտնել: Յոյս ունէինք այս մասին լուսաբանւել գերեզմանատան քարերի ուսումնասիրութեամբ, սակայն հին շիրմաքարերի գրութիւնները գրեթէ մաշւել եւ անընթեռնելի էին դարձել: Ընթեռնելի հնագոյնները 1855-ից են սկսւում, որոնցում Սղըն անունը արդէն սովորական է դարձել:

Գիւղին մօտենալուց յետոյ, նոր՝ կարմրագոյն կտուրներով շինութիւնները շլացրին մեր աչքերը: Սակայն, դրանցից աւելի, առաջին իսկ հայեացքով մարդ նկատում է ցանքի անծայրածիր դաշտեր, որոնց մաքուր, կարմիր ու բարեբեր հողը կանոնաւոր հերկւել է գիւղի այսօրւայ թուրք բնակիչների կողմից: Գիւղի երկու կողմերը բարձրացող բլրալանջերը պարարտ գետիններ են, որտեղ գիւղի նախկին բնակիչ հայեր ցորեն էին ցանում: Նոյնը շարունակւում է նաեւ մինչեւ այսօր, կանոնաւոր ակօսւած դաշտերի մէջ ցորենացանքով:

Սղընցի հայեր նաեւ անասնապահութեամբ եւ այգեգործութեամբ են զբաղւել, որը հայերի ընդունւած սովորութիւնն է եղել Ղարադաղի գիւղերում: Յաւելելու համար ասենք նաեւ, որ գրեթէ բոլոր գիւղերում մինչեւ հիմա նոյնը անում են թուրքեր, լեռնային բնութեան ընձեռած բոլոր առաւելութիւններից առաւելագոյնս օգտւելու նպատակով:

 

Սղըն գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցին

Գիւղ մտնելուն, մեր առաջին գործը եղաւ եկեղեցու մասին հարցուփորձ կատարելը: Գիւղացի հովիւը իր մէկ տասնեակ կովերը արածում էր, որոնք գիւղի ճամբու եզրին էին մօտենում, մինչ նա փորձում էր վերստին դրանք դէպի կողքի բլուրը ուղարկել: Բարեւեցինք եւ ինք էլ ազնւութեամբ բարեւեց: Սղընի հայկական գիւղ լինելը շուտով հաստատեց, առանց իմանալու մեր հայ լինելը: Ապա յայտնեց որ մեր դիմաց գտնւող երկյարկանի շէնքի տեղում էր գտնւում գիւղի հայոց եկեղեցին, որի անունը չէր իմանում: Մենք մեր չափաբերական մատեանի էջերից իմացել էինք եկեղեցու անունը, որը Ս. Յովհաննէս էր:

Կովարած գիւղացին, որը արդէն 70-ից աւելի տարիք ունէր, մեզ յայտնեց թէ եկեղեցին գիւղական սեւ անտաշ քարերով փոքր մէկ կառոյց էր: Նրա նկարագրած եկեղեցին չէր տարբերւում Ղարադաղի միւս գիւղերում մեր տեսած հայկական եկեղեցիներից, որոնք բոլորն էլ քառանկիւնաձեւ կառոյց ունեն, երբեմն երկթեք կտուրով: Սա երկթեք կտուր չէր ունեցել ըստ նրա ասածի: Վերջապէս նա ցոյց տւեց մեզ այն երկու քարերը, որոնք ըստ երեւոյթին գերեզմանաքարեր էին եղել, եկեղեցու բակում թաղւած մարդկանց: Քարերի վրայ ցեմենդ էր փչւել, որով արձանագրութեան որեւէ հետք անհնար էր գտնել: Դրանցից մէկը գետին փռւել էր, այնպէս ինչպէս սովորական շիրմաքարերն են լինում, իսկ երկրորդը ոտքի էր կագնեցւել եւ ցանկապատին յենւել: Երկյարկանի շինութիւնը նոր էր աւարտւել եւ դեռեւս դրա արտաքին պատերը չէին ծեփւել: Սոյն հողատարածքը նախապէս ունեցել էր ցանկապատ, որը շինարարութեան հետեւանքով փուլ էր եկել եւ միայն մէկ մասով կանգուն մնացել: Փաստօրէն երկու շիրմաքարերը այդ ցանկապատից ներս մտնելու դռան երկու կողմերի քարերն են կազմել, որոնցից մէկը ներկայիս տապալւել է, երկյարկանի տան շինարարութեան ընթացքում, երբ ցանկապատի քարերը քանդւել են:

Շատ փորձեցինք քերել ցեմենդը յիշեալ քարերի վրայից, որպէսզի կարելի լինէր արձանագրութեան հետք գտնել: Որովհետեւ ըստ Հայ եկեղեցու ընկալեալ սովորութեան, եկեղեցու բակում թաղւած պիտի լինէին հոգեւորականներ, շատ հաւանաբար Սղընում ծառայած քահանայ հայրեր, եւ կամ՝ եկեղեցու շինութեան կամ վերանորոգութեան հովանաւոր բարերար ընտանիքի անդամներ:

Ազգային առաջնորդարանի չափաբերական մատեանից կարելի եղաւ գտնել Սղընի ժամանակակից պատմութեան թւականին համընկնող հոգեւոր սպասաւորի անունը, որ է Տ. Յովսէփ քհնյ. Տէր-Յովսէփեան: Նա 1928-ից ստորագրութիւններ ունի մատեանում, իր ձեռամբ եղած խորհրդակատարութիւնների դիմացի սիւնակում: Գերդաստանով կամ ժառանգականօրէն փոխանցւած քահանայական տոհմի մէկ ներկայացուցիչ, արդարեւ, ինչպէս երեւում է նրա ազգանունից, որի անւան հանդիպել ենք նաեւ նոյն գաւառակի այլ գիւղերում, որտեղ դարձեալ խորհրդակատարութիւններ է անցկացրել: Այս նշանակում է, որ Քէյւան գաւառակում նա ստիպւած է եղել սպասաւորել միաժամանակ մէկ քանի գիւղերի, երբ ծիսակատար քահանայի կարիք է զգացւել: Ինչպէս այսօր, հաւանաբար այդ օրերին էլ հոգեւորական ծառայութեան կոչում ունեցող անձերի թիւը սակաւ էր, որի հետեւանքով մէկ քահանայ գիւղից-գիւղ է գնացել, այդ օրերի դժւարին փոխադրամիջոցներով, դեռ նկատի չառած ձմռան եղանակի պայմանները այդ դժւարանցանելի լեռներում: Նրանից յետոյ այլ քահանայի ստորագրութեան ենք հանդիպում մատեանում, այսինքն նրա տարիքի չի՛ բաւարարել որ նա էլ Սղընի գիւղացիների հետ ներգաղթէր Հայաստան 1946 թւին:

Արդեօ՞ք եկեղեցու տարածքում մեր հանդիպած երկու քարերից մէկը Տ. Յովսէփի շիրմաքարն էր: Մենք լռելեայն յիշեցինք նրան, օրհնելով ծառայական ասպարէզի մէջ մինչեւ իր վերջին շունչը սպասաւորած հոգեւորականի յիշատակը:

 

Սղընի հայոց դպրոցը

Գիւղացին մեզ ցոյց տւեց եկեղեցու տարածքի հանդիպակաց կողմում գտնւող աւերակը, աւելացնելով որ այն եղել է գիւղի հայոց դպրոցը: 1920-ականների սկիզբը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդական աթոռի մեր նախորդներից Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի ջանքերով դպրոց է բացւել այնտեղ, Թաւրիզից ուսուցիչ ուղարկւելով:

Անտաշ, գիւղական սեւ քարերով կառուցւած դպրոցի աւերակ պատերը կանգուն են մնացել մինչեւ այսօր, որը ըստ գիւղացու տւած բացատրութեան երկու սենեականի կառոյց էր եղել: Ուրեմն, երկու դասարան էր ունեցել դպրոցը, այսինքն՝ իրարից տարբեր երկու մակարդակի աշակերտներ:

Ղարադաղում կրթութեան եւ լուսաւորութեան գործի հետապնդումը սրբազան մէկ առաքելութիւն է եղել Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի համար, սակայն նիւթական միջոցներ հայթայթելու հնարաւորութիւններ չի՛ ունեցել եւ մանաւանդ դէպի գիւղեր ուսուցիչ ուղարկելու դժւարութեան է հանդիպել օրւայ առաջնորդը կամ ազգային իշխանութիւնը: Ի դէպ, Ղարադաղի մէկ շարք գիւղեր իրենք իրենց եկամուտներից պտղիներ են հաւաքել, Թաւրիզի հայոց դպրոցներին օժանդակելու համար: Միւս կողմից, ղարադաղցի հայ գիւղացին որոշ ժամանակ յետոյ ընդվզել է, բողոքելով եւ ասելով, որ միայն քաղաքներում ապրող երեխաները ուսման չհետեւեն, այլ նկատի առնւեն նաեւ իրենց երեխաները գիւղերում:

Թումանեան եղբայրները երբ 1895 թւին հիմնադրում են Թաւրիզի հայոց «Թամարեան» դպրոցը, Ղարադաղի հայերը դիմում են նրանց, որ նաեւ իրենց գիւղերում դպրոցներ հիմնեն: Մելիք-Թանգեան Սրբազանը իր առաջնորդական տարիներին կարելի չափով ընդառաջել է գիւղերից եկած խնդրանքներին եւ տեղ-տեղ դպրոցներ հիմնել: Դպրոցներ ունեցող գիւղերից էին Խանագահը, Նորաշէնը եւ Սղընը:

Նորաշէնում, օրինակ, Ղազարոս Գրիգորեանը պաշտօնավարել է «Մելիք-Թանգեան» դպրոցում իբրեւ ուսուցիչ 1934-1936 թիւ, եւ իր պաշտօնավարութեան աւարտին, համայնքի խորհրդի կողմից գնահատական վկայական է ստացել: Հետաքրքիր է, որ Ներսէս Սրբազանի Ղարադաղում բացած դպրոցները ընդհանրապէս կրում են իր ազգանունը՝ «Մելիք-Թանգեա» դպրոց, գիւղացիների կողմից իբրեւ երախտագիտութիւն նրա անձին ուղղւած, իրենց երեխաների հանդէպ ցուցաբերած հոգածու վերաբերմունքի համար:

Պարզապէս մէկ օրինակ մէջբերելու համար Ղարադաղի գիւղերում կրթական կեանքի մանրամասներից, ուզում ենք այստեղ արտագրել վերոյիշեալ վկայականը, որը գրւել է 24 մայիս 1936 թւականին եւ ստորագրւել քահանայ հօր եւ համայնքի խորհրդի անդամների կողմից: Վկայագրում կարդում ենք. «Նորաշէնի հայ համայնքից վկայական, նւիրւած պրն. Ղազարոս Գրիգորեանին: Պրն. Ղազարոս Գրիգորեանը (որի ինքնութեան տոմսի համարն է 49950), ուսումնական հետեւեալ տարիներում 1934-1936 թ. եղել է «Մելիք-Թանգեան» դպրոցի կուլտուրական աշխատանքներին ղեկավարը կամ ուսուցիչը: Նա այս երկու տարւայ ընթացքում իր պաշտօնավարութեան ժամերին եղել է վեհանձ(ն) եւ պարտաճանաչ: Նա կարողացել է գրաւել ու տիրապետել Հայ Համայնքին հայրական, մայրական եւ նորաբողբոջ երիտասարդ սերնդի սան-սանուհիների մաքուր սրտերը եւ պարզ հոգիները: Միով բանիւ վերոյիշեալը եղել է աննման ուսուցիչ եւ անզուգական վարժապետ Հայ համայնքիս հայ եւ օտար շինականների համար: Նա իր շիտակ խարակտերով դուր է եկել բոլորին: Նորաշէնի Հայ համայնքից եւ Նորաշէն գիւղի խորհուրդից՝ Ազգային կալւածի Հոգեւոր հովիւ՝ Մարտիրոս Քահանայ Տէր Մարտիրոսեան, Ազգային կալւածի տանուտէր՝ Զոհրաբ Դաւիթեան, Ն[որաշէն] գիւղի Խորհուրդի անդամներից՝ Մարքար Յակոբեան, Յովհաննէս Մկրտիչեան, Հայրապետ Դոլուխանեան, Թումաս Գրիգորեան, Գաբրիէլ Բախտամեան, Պօղոս Բաբայեան եւ Խոսրով Տէր Մարտիրոսեան»:

Վստահաբար հետզհետէ զարգացող Հայ շինականը պիտի ուզէր աւելի մեծ թւով ուսումնարաններ բացել գիւղերում, սակայն 1946-ի ներգաղթը արդէն իսկ այդ խնդրին լուծում բերեց, երբ ղարադաղցի Հայեր մեծ խմբերով հաստատւեցին Սովետական հայաստան, միաժամանակ յագուրդ տալով իրենց զաւակները կրթւած տեսնելու ծնողական բնատուր փափաքին:

 

Սղընի հայոց գեըեզմանատունը

Անցեալում այս գիւղին մեծաթիւ բնակչութիւն ունեցած լինելուն բարացուցիչ է ընդարձակ գերեզմանատունը, գիւղի աջ բլրալանջը ամբողջութեամբ ծածկող գեղաքանդակ եւ գրեթէ բոլորի պարագայում արձանագրութիւն ունեցող շիրմաքարերով:

Հարիւրաւոր գերեզմանաքարեր փռւել են բլրալանջին, քարահունչ մէկ համանւագ ստեղծելով լեռների արանքում բացւած այս դրախտավայրում, գրեթէ նոյնաոճ շիրիմների շարւածքով, որոնցից շատերը շարժւել են իրենց տեղերից, գանձախոյզների կործանարար ձեռքերով:

Գիւղերում երբեմն միեւնոյն ընտանիքի իրերայաջորդ սերունդներ քանդակագործութեամբ են զբաղւել, որի հետեւանքով հօր ոճը որդեգրել է նաեւ որդին եւ միօրինակ ոճի արտադրութիւն է ունեցել տւեալ գիւղի գերեզմանաքարերի տեսակը: Այս գերեզմանատնում մեր տեսած քարերից շատերը ուղղանկիւն քառանկիւն եւ բարձր կանգնած քարեր էին, փոխանակ տափակ փռւած տեսակների, որոնց վերեւի մասում խաչ էր քանդակւած, իսկ կողքի մէկ երեսում արձանագրութիւն գրւած: Յատկանշական տարբերութիւնը այլ գիւղերում մեր հանդիպած քարերից այն էր, որ սրանց պարագային արձանագրութիւնների տողերը իրարից բաժանւած էին քարի գծերով: Այսինքն իւրաքանչիւր տող փոսի մէջ էր քանդակւել, իսկ դրանք անջատող գծերը աւելի ցցուն էին մնացել: Գերեզմանաքարերը միաչափ լինելով հանդերձ, որոշ ձեւափոխումների ենթարկւել էին ժամանակ առ ժամանակ: Այսպէս օրինակ, արձանագրութիւնների մասում երբեմն տողերը բաժանող գծերը չկային, սակայն չորս անկիւններում կային դէպի ներս կիսակլորներ, գրութեան չորս ծայրերում վարագուրաձեւ բացւածքների նմանութեամբ:

Գերեզմանատնում մեր կատարած պրպտողական աշխատանքերի ընթացքում մեզ մօտեցաւ տեղացի մէկ անձ որը իր կնոջ եւ փոքրիկ աղջնակի հետ շրջագայում էր բլրալանջին: Ի զարմանս մեր, նա հայերէնով բարեւեց, հնչունային զգալի օտարութեամբ: Անմիջապէս սակայն յաւելեց, որ ինք թեհրանցի պարսիկ է, իսկ կինը սղընցի թուրք եւ մէկ շաբաթւայ արձակուրդով ընտանիքին բերել էր պապենական Սղըն…: Իր հայախօսութեան մասին պատմելով, նա ասաց որ Թեհրանում երկար տարիներ գործել է հայ գործարանատիրոջ մօտ եւ այնտեղ սովորել է մեր մայրենին: Այս էլ մէկ անակնկալ էր Սղընում մեզ համար: Սղընցի կին ունեցողը մեզ հետ շրջագայեց գերեզմանատնում, երբ փորձում էինք կարդալ շիրմաքարերի արձանագրութիւնները: Նոյն միջոցին նա պատմում էր հայերի լաւ բնաւորութիւնների եւ նկարագրային բարի յատկութիւնների մասին, յիշելով մերազն ժողովրդի ճշմարտախօսութեան, վստահելիութեան եւ աշխատասիրութեան մարդկային առաքինութիւնները:

Մեր մեկնելու ժամը հասել էր, երբ հորթուկների մէկ երամակ բարձրացաւ բլուր եւ սկսեց արածւել գերեզմանատան քարերի շուրջը բուսած խոտերի վրայ: Մեր սղընցի հայրերը իրենց ննջեցեալների միջոցով իսկ բարիք էին գործում, հորթուկներին կերակրելով, մտածում էինք մենք…:

Մեր «Հոգւոց»-ին միացաւ դրանցից մէկ երկուսի բառաչը, փառք տալով Աստծուն, որ կայ այն գետինը, որտեղ իրենք վայելում են բնութեան բարիքները»:

Յարակից լուրեր

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։