Հա

Համայնք

06/08/2019 - 11:00

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան

Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ:

«alikonline.ir» - Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նախքան մեկնումը, Թաւրիզի մարզիկները հանդիպեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի հետ, ստանալու Սրբազան Հօր օրհնութիւնը:

Մասնաճիւղի կենտրոնատեղիում, Սրբազան Հայրը ընդունւեց Վարչութեան անդամների կողմից եւ գրասենեակում կարճ զրոյցից յետոյ հանդիպեց մարզիկների հետ՝ սրահում: Բացման եւ բարի գալստեան խօսքով մասնաճիւղի նախագահ՝ Նժդիկ Աբրահամեանը հանդէս եկաւ, ընդհանուր գծերում ներկայացնելով քսան տարիներ առաջ Համահայկական խաղերի հիմնադրման պատմութիւնը Հայաստանում, որպէս Հայաստան-Սփիւռք նոր սերնդի մերձեցման կարեւոր քայլ:

Ապա, Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին եւ յատկապէս մարզիկ-մարզիկուհիներին, իր բարձր գնահատանքը յայտնեց «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղին, որ ամէն առիթով հոգատար է նոր սերնդի առողջ կազմաւորման: Սրբազան Հայրը ներկայացրեց սոյն հանդիպման առիթով իր բանաձեւած նիւթը՝ «Հայրենիք, Մայրենիք եւ Երազի Հայրենիք», երիտասարդութեան հետ խորհրդածելու վերոյիշեալ երեք թեմերի շուրջ, երբ նրանք խմբովին գնալու էին տեսնելու մեր Հայրենիքը:

Սրբազան Հայրը վերանկախացած մեր Հայրենիքի ներկայի դրութեան եւ մեր հայրերից իբրեւ թանկ ժառանգ մնացած լինելու իրողութիւնը պարզելով ներկայ երիտասարդութեան, դրա բարձր արժէքի մասին գիտակցութեան հրաւիրեց բոլորը: Հայաստան անունը ամէն բանից վեր տեսնելու եւ դրա անկախութեան եւ անձեռնմխելիութեան համար թափւած արեան գինը ամէն արժէքից բարձր համարելու կոչ արեց նա: Ապա, Սրբազան Հայրը խօսեց «Մայրենիք» գաղափարի շուրջ, ցոյց տալով որ Սփիւռքում ծնւած իւրաքանչիւր անհատի համար գոյութիւն ունի Մայրենիք, որը նրա ծննդավայրն է. «Բազմաթիւ թաւրիզեցիներ են ապրում այսօր արտասահմանում, նոյնիսկ հայրենիքում, սակայն չեն մոռացել եւ չեն կարողանում մտահան անել իրենց ծննդավայր Թաւրիզը: Ինչքան էլ լայն ճանապարհներով ու փողոցներով քաղաքներում բնակւեն, նորից քաղցր կարօտով են յիշում ծուռումուռ եւ երբեմն հողաքանդ փողոցները իրենց ծննդավայրի: Այս է Մայրենիքը, որը եթէ Հայրենիք չէ, սակայն իր մէջ դարձեալ ունի պատկանելիութեան զգացումը հաղորդելու ուժ»,- ասաց Սրբազան Հայրը:

Երրորդ կէտին անցնելով, Սրբազան Հայրը բացատրեց «Երազի Հայրենիք» եզրը, որը յատուկ է մեր ժողովրդի զաւակներին: Հայ Դատի ամբողջ հոլովոյթը ներկայացնելով, Սրբազան Հայրը բացատրեց, որ իւրաքանչիւր հայ անհատ անպայման ունի իր հոգուն տաջւած երազ, որը մեր կորուսեալ հայրենիքի վերադարձն է. «Մենք տարբերւում ենք այլ ազգերից մեր այս թանկագին երազով՝ մեր Երազի Հայրենիքին վերատիրանալու արդար ձգտումով: Արեւմտեան Հայաստանը իր բոլոր գաւառներով ու գիւղերով, քաղաքներով եւ աւաններով, եկեղեցիներով ու վանքերով, դպրոցներով եւ անհատների կալւածներով, մեր բռնաբարւած հայրենիքն է, որը մեր նոր սերնդի աննահանջ պայքարով ու պահանջատիրութեամբ վերադառնալու է մեզ: Դուք գնում էք Հայաստան, բարի լինի ձեր ճանապարհը եւ յաղթական վերադառնաք, սակայն միշտ յիշէք, որ այդ սահմանափակ հողակտորից բացի, մենք ունենք Երազի Հայրենիքը մեր, որը մէկ օր անպայման շօշափելի իրականութիւն է դառնալու իր Սիս մայրաքաղաքով, իր Մուշով ու Արտահանով, իր Կոռիկոսով ու Լեւոնի Բերդով, Կիլիկիոյ իր Կաթողիկոսարանով ու բազմահազար եկեղեցիներով»,- ասաց Սրբազան Հայրը:

Նշենք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ճամբորդական եւ Հայաստանում կեցութեան մեծագումար ծախսերին հովանաւոր էին դարձել Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» կազմակերպութիւնը եւ թաւրիզահայ անհատ բարերարներ Իրանից եւ արտասահմանից, որոնց շնորհակալութիւն յայտնւեց հանդիպման ընթացքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։