Հա

Համայնք

10/08/2019 - 12:00

Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

ա) Հաֆթւան - Ս. Գէորգ

Առաջին եկեղեցին որտեղ այցելեց Սրբազան Հայրը, Հաֆթւան գիւղի հայոց Ս. Գէորգ եկեղեցին էր, որտեղ վերջին տարւայ ընթացքում վերանորոգութիւններ իրականացւեցին հողալից տանիքի թեթեւացման, գմբէթի ամրացման, խաչի զետեղման, եկեղեցու յատակի նոր սալապատման, եւ մանաւանդ պատերի ծեփի տակից դուրս եկած ոմնանկարների վերակենդանացման բնագաւառներում:

Վերոյիշեալ պետական հիմնարկութեան ներկայացուցիչի կողմից Սրբազան Հայրը դիմաւորւեց, ընկերակցութեամբ Սալմաստի պատգամաւոր Ռուբէն Տէր-Պօղոսեանի: Ընդհանրապէս եղած նորոգութիւնների ընթացքում ներկայ եղած լինելով, Սրբազան Հայրը տեղեկութիւններ ստացաւ վերջին ամիսների աշխատանքներին, որոնք աւարտւել էին ներքին որմնանկարների վերակենդանացումով: Մասնագիտական մօտեցումով կատարւած աշխատանքը ի յայտ էր բերել «Վերջին Դատաստանի», «Ադամ ու Եւայի», «Սբ. Գէորգի», «Սուրբ Սարգսի», «Ամենասուրբ Երրորդութեան» եւ այլ որմնանկարները, որոնց վրայ անցեալում դրւած ծեփը մինչեւ այսօր բացատրութեան կարիք ունի: Վստահաբար ամբողջ եկեղեցին որմնանկարներով պատւած է, որոնցից շատերը ծեփի տակ են դեռեւս: Աւելին, ծեփից եւ որմնանկարներից անդին, եկեղեցու իսկական սրբատաշ քարերի վրայ երեւում են խորապէս քանդակւած խաչանշաններ, ինչպէս նաեւ յիշատակարան գրութիւններ:

 

բ) Սառնա - Ս. Յովհաննէս եկեղեցի

Երկրորդ գիւղը որտեղ այցելեց Սրբազան Հայրը Սառնա գիւղն էր, որտեղ վերջին շրջանում շատ տխուր եւ լքւած վիճակում էր գտնւում հայոց Ս. Յովհաննէս եկեղեցին: Նշենք, որ Սառնան ունի նաեւ այլ եկեղեցի՝ Ս. Աստւածածինը, որը Սալմաստի մեծ երկրաշարժին մեծ մասամբ փուլ է եկել:

Սրբազան Հօր նախորդ այցելութեան, եկեղեցու ներքնամասը ամբողջութեամբ քանդւել էր գանձախոյզների ձեռամբ, մինչեւ իսկ մկրտութեան աւազանին պատը փորւել էր, խորանը թափւել, աւանդատները կործանւել: Ներկայիս, մէկ խումբ հայերի նւիրաբերմամբ եկեղեցու ներքնամասը ամբողջութեամբ վերանորոգւեց, եւ գործող եկեղեցու տեսք ստացաւ: Հողաշէն եւ փայտածածկ եկեղեցու արտաքին մասը դեռեւս կարօտ է վերանորոգութեան, մանաւանդ ցեխապատ կեղեւը, որը անձրեւների եւ առատ ձեան պատճառով կեղււում է եւ թափւում:

Ցանկապատի արեւելեան մասը շուրջ տաս մետր երկարութեամբ թափւել էր, որը վերակառուցւել է այժմ Սալմաստի պատգամաւոր Ռուբէն Տէր-Պօղոսեանի ջանքերով: Բակում եղած երեք հսկայ ծառերը, որոնք փտել էին եւ վտանգ էին սպառնում շրջակայքին, դարձեալ նրա ջանքերով վերացւել են եւ ընդհանուր տարածքը մաքրւել է:

Սառնայում Ս. Յովհաննէսի այժմու մխիթարական վիճակից բացի, աւելի անմխիթար է նրա հիւսիսային եւ արեւմտեան տարածքում փռւած հայոց գերեզմանատունը, որտեղ քարերը գրեթէ բոլորը քանդակազարդ են, սակայն ցան ու ցրիւ եկած, կողքի տների ագարակներին իբրեւ տարածք ծառայելով միաժամանակ: Սոյն քարերը հաւաքելով եկեղեցու շրջափակից ներս բերելու տեղական ծրագրին հակառակելով, Սրբազան Հայրը պահպանջեց նրանց մնալը իրենց տեղում, յատկապէս կրօնական առումով, երբ հանգուցեալների աճիւնները մնալու են իրենց տեղում: Նշենք, որ սոյն գերեզմանատանը թաղւած է Սառնայի նշանաւոր աշուղ Արութինը:

 

գ) Ախտախանա - Ս. Աստւածածին եկեղեցի

Շինարարական հսկայածաւալ աշխատանքներ են տարւում Ախտախանայի Ս. Աստւածածին հայոց եկեղեցում: Գիւղի կենտրոնական մասում գտնւող եկեղեցին, Սրբազան Հօր նախկին այցի ընթացքում գրեթէ աւերակ եւ նոյնիսկ ներս մտնելու հնարաւորութիւն չունեցող կառոյց էր: Այսօր այն ներքնապէս եւ արտաքնապէս վերանորոգութեան ընթացքում է գտնւում: Ներքնամասի յատակը հարթւել է, այն որ գանձախոյզների ձեռքով փոսերի էր վերածւել: Կարմիր աղիւսով պատւել է յատակը, խորանի մասի կործանւած բեմը վերակառուցւել է կարմիր աղիւսով, զոյգ կողմերից բարձրանալու աստիճանների յարմարեցումով: Հաստաբուն սիւները մարքւել են իրենց ծեփերից, պատուհանները վերանորոգւել են այն հին փայտից սարքած պատուհանի օրինակով, որը իբրեւ միակ նմուշ մնացել էր հարաւային պատի վրայ գտնւող պատուհանի բացւածքում:

Եկեղեցին դրսից եւս վերանորոգութեան մէջ է: Գմբէթը, որը աղիւսահիւս էր, ծածկւել է ջրամեկուսացման կուպրային խաւով, տանիքի հողը դատարկւել է եւ դարձեալ ջրամեկուսացւել, իսկ ամէնից կարեւորը, հին զանգակատունը, որի միայն արեւմտեան պատի վրայ երկու սիւների մնացորդներ էին մնացել, վերականգնւում է նոյն այն չափերով, որով եղել էր անցեալում: Ի դէպ, մեր արխիւատան հին նկարներում հանդիպել են Ախտախանայի Ս. Աստւածածին եկեղեցու պատկերին, եւ այնտեղ նկատելի է, որ եկեղեցու կենտրոնական կլոր գմբէթի վրայ վեղարաձեւ մետաղեայ գմբէթ եւս էին աւերացրել Ախտախանացի հայեր, աւելի բարձր դիրք եւ վեհութիւն տալու համար եկեղեցուն: Շատ հաւանաբար նման մէկ գմբէթ էլ ունեցել էր զանգակատունը, որի կամարների թռիչքների կառուցումը արդէն իսկ աւարտւել է:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։