Հա

Համայնք

27/08/2019 - 11:40

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

«alikonline.ir» - Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ Սրբազան Հօր կատարած հետաքրքիր ուսումնասիրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Թաւրիզից Ղարադաղ հասնելու համար, արդէն իսկ մեր ամենագնացը ուղիղ բռնում է Քալէյլբարի ճանապարհը, որտեղից էլ թեքւում է դէպի Ղարադաղի գաւառակներից այն, որն այդ օր որոշել ենք գնալ, գտնելու համար ճիշտ այն գիւղը, որտեղ հաւանաբար դեռեւս մնում էին հայերի թողած յիշատակները՝ եկեղեցի, դպրոց, հայկական տների մնացորդներ եւ կամ այլ նւիրական կառոյցների աւերակներ: Երբեմն իջնում ենք մինչեւ Արաքսի ափը, որտեղից աւելի հեշտ ճանապարհ ենք գտնում դէպի տւեալ գիւղը, որովհետեւ նոյնիսկ միեւնոյն գաւառակում իրարու կողքին գտնւող գիւղեր դեռեւս ինքնաշարժի ճանապարհ չունեն: Ուստի պէտք է իջնել մինչեւ Արաքսի ափ, այնտեղից դարձալ բարձրանալու համար հարեւան գիւղը: Անցեալում վստահաբար ներքին՝ անտառային ճանապարհներ ունեցել են մեր նախնիք, որտեղից անցուդարձ են արել:

Ամէն անգամ երբ ուղղւենք Ղարադաղ, առիթ ենք ունենում նաեւ իջնել մինչեւ Արաքսի ափը, քայլել դրա ոլոր-մոլոր ուղղութեան հետեւողութեամբ, քայլամոլոր լինելով, որի իւրաքանչիւր կոհակը իր հետ թաւալում է մեր պատմութեան էջերից մէկը:

Ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին, մի քանի ընկերակիցներով այցելեցինք Ղարադաղի Դիզմար գաւառակը, գտնելու համար Սարդու գիւղը: Լսել էինք որ Սարդուն անմարդաբնակ է, հարցնելով դրա մասին ճանապարհում հանդիպած գիւղերի բնակիչներից եւ պատահական հովիւներից: Ի դէպ, անմարդաբնակ եւ աւերակ դարձած գիւղերի եւ հայկական կորւած գերեզմանատների մասին լաւագոյն տեղեկութիւն ունեցողները հովիւներն են, որոնք իրենց հօտերին արածացնում են լեռ ու ձոր եւ դրա ընթացքում յաճախ հանդիպում են լքւած բնակավայրերի կամ գերեզմանատների: Երբ հովիւներից մէկին հարց տւեցինք թէ ինք որտեղի՞ց իմանում է թէ այսինչ լեռան յետեւում գերեզմանատուն կայ, նա ժպիտով պատասխանեց, թէ ինք ամէն օր այս լեռների վրայ իր ոչխար ու արջառն է արածացնում…: Իսկապէս մենք էինք միամիտ, նման հարց տալով հովւին: Նրա ժպիտը սակայն մեզ առաւել վստահեցնում էր եւ հաւաստիացնում, որ նրա ասածը ճիշտ էր եւ արժէր հետեւել նրա տւած խորհրդին:

Այսպէս եղաւ նաեւ մեր այցը դէպի Սարդու գիւղը, որ «հովւի ճանապարհ էր», չասելու համար «այծերի ճանապարհ»: Երբեմն բարեբախտութիւն է նաեւ «այծերի ճանապարհ»ը գտնել անտառում, որոնք անպայման մէկ տեղ առաջնորդելու են քեզ: Այլապէս խիտ անտառում ելք գտնելը, ու մանաւանդ դէպի «ջորիի ճանապարհ» դուրս գալը, սպասւած հրաշքի համազօր երեւոյթ է:

1890-ական թւերի տւեալներով, ամբողջութեամբ հայաբնակ Սարդուն ունեցել է 23 տուն, իսկ լաւագոյն շրջանում՝ 60: Գիւղի վերջին վերանորոգութիւնը տեղի է ունեցել 1860 թւին, մելիք Խաչինի որդի՝ մելիք Կարապետի օրոք:

Ղարադաղի Մելիքութեան շրջանի յիշատակներից է Սարդու գիւղը, ծովից 1136 մետր բարձրութեան վրայ, որի վերջին ժառանգորդն է եղել մելիք Խաչին: Նա մահացել է 1910-ին, որից յետոյ մելիքութեան երկու ժառանգները՝ նրա զաւակները՝ Մարտիրոսն ու Ղահրամանը հաստատւել են Թիֆլիս, վերջ դնելով իրենց հօրենական ժառանգի տիրութեանը: Ըստ նոյն աղբիւրի տւած տեղեկութեան, մելիք Խաչին եղել է նաեւ վարպետ բեկաբուժ: Վստահաբար նման անձնաւորութիւններ ինչքան յարգւած եւ փնտռւած էին լինում հեռաւոր լեռներում ու ձորերում ծւարած գիւղերի բնակիչների կողմից, բժշկի հռչակ հանած լինելով: Դաշտի կամ տան աշխատանքի ընթացքում արկածով ձեռք ու ոտք կոտրող մարդկանց համար ո՛չ միայն բժիշկ, այլեւ իմաստուն խորհրդատուներ էին լինում բեկաբուժները, ձեռքի խորհրդաւոր շփումներով ու արագ շարժումներով կոտրած ոսկորները ի մի բերող…:

Մելիք Խաչինից յետոյ գիւղապետներով է կառավարւել Սարդուն: Ի դէպ, սարդւեցի երիտասարդութիւնը միշտ կապ է պահել Թիֆլիսի հետ, որտեղ գնացել են աշխատանքի, իսկ վերադարձին իրենց գիւղում ապակիներով տներ են կառուցել, որոնք իրենց ժամանակին նման խուլ անկիւնում աչքի ընկնող կառոյցներ են եղել:

 

Էջք դէպի անտառախիտ ձորը

Մարզաբադ թուրքական գիւղի մօտից 17 կմ. բարձրացանք հողաբաց ճանապարհով եւ մեզ տրւած բացատրութեան համաձայն, բաւական «մօտեցած» էինք լինելու գիւղատեղին: Հովւի ցոյց տւած ուղղութիւնը մեզ իջեցնելու էր ձորը, որի սկզբնակէտը տափարակ բացատ էր, խաբուսիկ հարթութեամբ: Մեզ ընկերակիցներից մէկը առա¬ջարկում էր դժւար ճանապարհը, այսինքն կտրուկ ուղղութիւնը դէպի գիւղ, որը նշա¬նա¬կում էր թէ մենք ստիպւած էինք լինելու աւելի շեղ ձոր իջնել, որ փշերով եւ խիտ թփերով պատւած մակերես ունէր: Մնացեալներիս անկարողութիւնը նման քայլի դիմելու համոզեց նրան աւելի հեռւից, այսինքն լեռան կողով իջնել ցած, համեմատաբար դիւրին էջք ունենալու համար:

Մարդահասակ տատասկներով եւ չոր փշերով լեցուն էր այս տարածքը: Այստեղ հանդիպեցինք իւրօրինակ գերեզմանի, որը բացւել էր արդէն գանձախոյզների կողմից: Տակում նախնիներ սենեականման տեղ էին ստեղծել հանգուցեալի համար, որը քառակուսի ծաւալ ունէր: Հսկայ քարեր էին զետեղւել քառակուսի փոսի չորս կողմերին, իսկ երկու մեծ տափարակ քառանկիւն քարերը, որոնք կափարիչի փոխարէն էին օգտագործւել սոյն գերեզմանի համար, տեղից հանւել եւ շպրտւել էին հողի վրայ: Արդեօ՞ք նստած էին թաղել իրենց մեռելին յուղարկաւորներ, որովհետեւ փոսում չկար այնքան տեղ, ուր հանգուցեալը հորիզոնական դիրքով պառկած թաղէին: Մեզ համար էլ հանելուկ մնաց այս տեսարանը, որը յաւելեալ ուսումնասիրութեան է կարօտում:

Ինչպէս միշտ, ձոր իջնելու պահին, որ համեմատաբար աւելի հեշտ է, մտածում ես վերադարձի մասին: Պիտի բաւէ՞ր մեր ուժը այսքան վայրէջք վերստին բարձրանալու: Մեր հետիոտն ճանապարհի վրայ յայտնւած աղբիւրը մխիթարական եղաւ, որը գլգլում էր, միաժամանակ բարձր ծառերի շւաքին զովութիւն աւելացնելով: Մի քանի րոպէ բաւարար էր հանգստի համար, որովհետեւ չէինք իմանում դեռ ինչքան ժամանակ էր պահանջւում մեզանից, հասնելու համար Սարդու գիւղը:

 

Գիւղի Ս. Սաղաթէլ եկեղեցին

Անտառ իջնելուց յետոյ երրորդ լեռան կողը հազիւ պտտւած, սեւ քարերի դէզեր երեւացին, դէպի ձոր ձգւած զառիթափի վրայ, տեղ-տեղ հաւաքւած, կարծես նոր շինութեան սկզբնաւորութիւն էր: Սակայն փաստօրէն դրանք գիւղի աւերւած տների քարերն էին, որոնք տասնամեակների ընթացքում իրար վրայ փլւելով քարերի դէզերի էին վերածւել:

Շուրջ երկու ժամ անտառում քայլելուց յետոյ մեծ բարեբախտութիւնը այն էր, որ նախկին հայաբնակ այս գիւղի հայոց տների նման ամբողջութեամբ գետնին հաւասարւած չէր գիւղի Ս. Սաղաթէլ եկեղեցին:

Ս. Սաղաթէլը գիւղի ամէնից բարձր կէտում է գտնւում: Հին աւանդութեան համաձայն, եկեղեցիները միշտ բարձունքի վրայ էին կառուցում, դէպի այն ուղղւելու պարագային «բարձրանալ» բայը օգտագործելով. «եկեղեցի գնացինք» ասելու փոխարէն մեր նախնիք ընդհանրապէս ասում էին «եկեղեցի բարձրացանք»:

Մենք էլ մագլցեցինք բարձունքը, հասնելու համար Ս. Սաղաթէլ, սակայն շատ աւելի դժւար մագլցումով, քան նախկին սարդւեցի հայերը, որովհետեւ եկեղեցու տանիքի երեք քառորդ մասը արդէն փուլ էր եկել եւ թափւել դէպի ձորը, որոնց վրայից էինք բարձրանում:

1893 թւին տպւած Գրական եւ Գեղարւեստական Տարեգրքում «Ատրպատականը Ներկայումս» յօդւածի հեղինակը յիշում է, թէ սարդւեցի ծերունիները իրենց եկեղեցու տարիքի մասին խօսելիս ասում էին, թէ այն աւելի քան 600 տարեկան է: Ուրեմն մենք ձորից վեր բարձրանալով, ողջագուրւեցինք շուրջ 725 տարւայ հնութիւն ունեցող կառոյցի հետ:

Կիր ու քարից սարքած այս եկեղեցին միանաւ կառոյց ունի, ներքնապէս միակամար, իսկ արտաքնապէս նրա կտուրը եղել է երկթեք, ինչպէս Ղարադաղի մէկ շարք գիւղերի եկեղեցիները: Եթէ այսքան հնութիւն ունի այս եկեղեցին, ուրեմն հաւանաբար սկզբնատիպ օրինակն էր այն միւս բոլոր եկեղեցիների: Հաւանաբար ճարտարապետական սոյն ոճով էին կառուցում եկեղեցիները, կտուրների վրայ ձեան մնալն ու սառցակալելը արգելելով, ինչպէս նաեւ գեղեցկութիւն տալով շինութեան:

Ս. Սաղաթէլը 12x6 տարածութիւն ունի: Պատերի հաստութիւնը մէկուկէս մետր է, սեւ ու սպիտակ քարից: Արեւելեան բաժինը փուլ է եկել կողքի պատերից թողնելով միայն ցած բաժինները, իսկ առաստաղից՝ միայն արեւմտեան մասի վերջին բաժինը մնացել է, որը գաղափար է տալիս մեզ թէ ինչպէս կամարակապ է եղել եկեղեցին, քարերի շեղփաձեւ հիւսւածքով: Հարաւ-արեւմտեան պատի վերջաւորութեան է գտնւում կամարաւոր դուռը եկեղեցու, որի վրայ արձանագրութիւնը մաքրւել է, իսկ ներսի պատերը կառուցւել են լայնածիր կիսակամար խորշերով, որոնցից մէկում՝ հիւսիսային պատի առաջամասում դեռեւս կանգուն է մկրտութեան աւազանին խորշը, քարաշէն սրածայր գլխամասով: Աւելի նոր ժամանակներում եկեղեցու ներքնամասը ծեփւել սպիտակացւել է, վստահաբար լուսաւորութեան նպատակով եւ կամ Թիֆլիս երթուդարձ կատարած երիտասարդութեան առաջարկով եւ ձեռամբ, որոնք Վրաստանի նման եկեղեցիներով զարդարուն քաղաքում հանդիպել էին հայ կամ վրացական եկեղեցիների ներքին եւ արտաքին շքեղութեան:

Ս. Սաղաթէլի փլուզման պատճառներից կարող են լինել թեթեւ երկրաշարժները, ձմռան խստութիւնը, երբ ձեան եւ յորդառատ անձրեւների պատճառած աւերները վերանորոգողներ չկան այլեւս գիւղում: Պէտք չէ՛ մոռանալ նաեւ գանձախոյզների կործանարար դերակատարութիւնը, որոնց հետքերը ամէն տեղ երեւում են, յատկապէս անմարդաբնակ վայրերում՝ լեռներում ու ձորերում: Այս եկեղեցու փլուզման եւ պատերում ճեղքեր յառաջանալու պատճառ են հանդիսացել նաեւ նրա կողքում աճած մի քանի ծառեր, որոնք այս անգամ բնութեան այլ իմն վնասը բերում հասցնում են սոյն սրբազան կառոյցին:

Եկեղեցու առաստաղի արեւմտեան վերջնամասում հաւանական պատուհանի բացւածը լայնացել է աւերւելով, որը սպառնում է արդէն ամբողջ պատի փլուզման: Նման պատուհան էլ հաւանաբար գոյութիւն ունէր արեւելեան պատի վերեւում, խորանի յետեւում, խորհրդաւոր լոյսի թափանցման համար, իսկ տանիքի ծածկից մնացած միակ կամարը, որի հազիւ երկու մետր լայնութիւնն է մնացել, ըստ մեր կարծիքի երկար կեանք չունի այլեւս: Յառաջիկայ մի քանի տարիների ընթացքում դրա վրայ նստող ձեան ծանրութիւնը կարող է վերջնականապէս կործանել առաստաղի վերջին մասնիկը, բաց երկնքի տակ թողնելով եկեղեցու ներսում թափւած քարերի դէզը:

Եկեղեցու մուտքի դռան մօտ պիտի լինէր գիւղի յայտնի ընտանիքներից մէկի նախահօր՝ Յարութիւնի գերեզմանը, որի ազգանունը Յովհաննէս Յովսէփեան իր յուշերում արձանագրել է Մանցունց: Շատ հաւանաբար շիրմաքարը այնտեղ է, սակայն եկեղեցու տանիքի թափւելու պատճառով, հազիւ դռնից ներս մտնելու անցք է մնացել, փլուզումի հետեւանքով հողաթմբեր կուտակւած լինելով դրա կողքում:

 

Սարդու գիւղի հայոց գերեզմանատունը

Գիւղի հարաւ-արեւմտեան մասում, շուրջ 2 կմ. հեռաւորութեան վրայ, լեռան հարթ բացատում բարձրահասակ խոտերի մէջ ծածկւած անմշակ սալատապաններ կան, որոնք գիւղի Հայոց գերեզմանատան տարածքի սահմաններն են գծում:

Դրանց մեծ մասը շարժւել է իր տեղից, հովիւների կամ լաւ եւս գանձախոյզների ձեռամբ: Ո՛չ մի արձանագրութիւն չկայ շիրմաքարերի վրայ, ոչ իսկ յղկւած քարի տեսք ունեցող տապանաքար գոյութիւն ունի տարածքում: Բոլորն էլ ժայռաբեկորների նմանութիւն ունեն եւ հազիւ են զատորոշւում սովորական ժայռերից, որոնց շատ ենք հանդիպում նման բացատներում:

Մենք մեր «Հոգւոց» աղօթքը մրմնջացինք այստեղ թաղւած բոլոր հանգուցեալ սարդւեցիների հոգու խաղաղութեան համար: Թող նրանք հանգչեն խաղաղ ու անվրդով, եթէ անշուշտ նրանց աճիւնները իրենց շիրիմների մէջ մնան եւ չտարտղնւեն, խանձւելու համար արեւի կիզիչ շողերի տակ:

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։