Հա

Համայնք

12/09/2019 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

«alikonline.ir» - Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Ղարադաղի գաւառակներից իւրաքանչիւր գիւղ այցի պահին զգում ենք որ մէկ անակնկալ է մեզ սպասում: Անշուշտ լաւագոյն եւ սպասւած անակնկալը կը լինի այն, որ գիւղի եկեղեցին կանգուն վիճակով մեզ դիմաւորի, կամ գէթ կիսականգուն: Որով հետեւ այն ցաւը, որը զգում ենք երբ ամբողջութեամբ աւերւած եկեղեցու առջեւ կանգնած աղօթք ենք բարձրացնում առ Աստւած, անդարմանելի ցաւի զգացողութիւն է տալիս մեզ այդ: Ցաւ՝ որ մեր ժողովրդի մշակութային կոտորածի արիւնոտ էջերն է աւելացնում մեր ազգի պատմութեան գրքի այլապէս արդէն ցաւոտ բովանդակութեանը: Ուստի, միշտ անակնկալների պատրաստ հոգով ենք մօտենում մեր հայրերի նախկին բնակավայրերին՝ հայաշէն եւ նախապէս հայաբնակ գիւղերին:

 

Դուգիդարա գիւղում

Ղարադաղի Քէյւան գաւառակի Դուգիդարա գիւղ հասանք երկուշաբթի 9 սեպտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան: Վստահ չէինք թէ հայկական հետքեր կարող էինք գտնել այս գիւղում, որովհետեւ վաղուց հայաթափւած բնակավայր է եղել այն: Գիւղ հասնելու վերջին դարձւածքի մօտ, քարքարոտ ճանապարհից յոգնած, մի պահ կանգնեցինք աղբիւրի կողքին: Իրենց կենդանիների ծարաւը յագեցնելու համար, հովիւներ կիսակլոր փորւած գերաններ էին պառկեցրել աղբիւրի մօտ եւ ջրով լցրել դրանք: Ոչխարների մէկ հօտ, հովւի եւ նրա մէկ քանի զաւակների հետ այնտեղ էր: Իսկապէս բարի հովւի կերպարով այս անձը ազնիւ գտնւեց շուտով յայտնելու, թէ հայկական եկեղեցի կայ գիւղում, ամէնից բարձր կէտում: Ճանապարհի յոգնութիւնից ամբողջութեամբ դեռ չկազդուրւած, շարունակեցինք մեր ուղին դիմելով դէպի գիւղ, որը բարձունքից դէպի ձոր ձգւած լեռան լանջին է բազմել, այնպէս որ գիւղի հանդիպակաց կողմում բացւող տեսարանը լեռնային վայրի մէկ պատկեր է կազմում:

Գիւղ մտնելու պահին, առաջին տան շրջափակի դուռը ճռնչած եւ մէկ մարդ դուրս գալով, զարմացկոտ դէմքով նայեց օտարականներիս, որ յաջողւել էինք հասնել մինչեւ իրենց գիւղ: Գիւղացին շուտով ընտելացաւ, իմանալով մեր հայ լինելն ու նախապէս հայաբնակ գիւղով մեր հետաքրքրւած լինելը: Թէպէտ նա միջին տարիքը վաղուց անցել էր, սակայն տեղեկութիւն ունէր գիւղի հայկական արմատների մասին: Ի դէպ, նման գիւղերում, որտեղ դեռ կանգնուն է Հայոց եկեղեցին եւ դեռեւս գոյութիւն ունեն հայկական գերեզմանատան քարերը, դժւար թէ գիւղացիները հերքեն գիւղի հայկականութիւնը: Միւս կողմից, նոյնիսկ ամէնից երիտասարդը կամ պատանին նման գիւղերում ծնւած, միշտ տեսած լինելով այդ ամէնը, վստահաբար իրենց մեծերից լսած կը լինեն դրանց ի՞նչ կամ որո՞նց պատկանած լինելու մասին: Մենք դժւարութեան ենք հանդիպում այն գիւղերում յատկապէս, որտեղ եկեղեցին ամբողջութեամբ կործանւած է եւ դրա քարերն անգամ այլ շինութեանց մէջ են օգտագործւած, իսկ տեղի գերեզմանատնից ո՛չ մէկ քար չէ՛ մնացած:

Գիւղացին ո՛չ միայն պարզ ասեց թէ եկեղեցին եւ գերեզմանատունը գիւղի ո՞ր մասում են գտնւում, այլեւ սկսեց պատմել իր իմացած տեղեկութիւնները գիւղի նախկին հայերից Աղաջանեանների մասին: Իր տան շրջափակի հարեւանութեամբ, ճիշտ դիմացի կողմում նա ցոյց տւեց մէկ բաց տարածութիւն, որտեղ հողամշակութեան գործիքներ եւ այլ իրեր էին զետեղեւած, ասելով որ իր մեծ հօր տւած բացատրութեան համաձայն այստեղ էր գտնւում գիւղի յայտնի ընտանիքներից եւ դրա պաշտպանութեան գործում կարեւոր դերակատարութիւն ունեցած Աղաջանեան ընտանիքի բնակարանը, որը պալատի էր նմանում:

Գիւղացու բոլոր ասածները մենք տեսերիզի էինք արձանագրում իր արտօնութեամբ, իսկ նրա արտայայտութիւնները այնքան բնական էին աշխարհի այս խուլ անկիւնում Աղաջանեանների բնակարանի շքեղութեան մասին, որ մենք մտովի յետ էինք գնում ժամանակով, իմանալու համար գիւղացու աչքով շքեղ բնակարանի ինչութիւնը: Մեր այս թերահաւատ զգացողութիւնը սակայն, նրա պատմածի հաւաստիութեան, ճշմարտւեց երբ մօտեցանք գիւղի սրբատաշ քարերով դռան մուտք ունեցող եւ վարպետ որմնադրի ու գիտակ ճարտարապետի ձեռագործ հանդիսացող եկեղեցուն:

 

Գիւղի Ս. Գրիգոր եկեղեցին

Գիւղից մի քանի մարդիկ միացան մեզ, բարձրանալու համար եկեղեցու մօտ: Ամբողջ գիւղը լեռան լանջին է գտնւում, իսկ լեռը ժայռային անհարթ մակերեսով բնական իւրայատուկ պատկեր է, որտեղ բոլոր բնակիչները, ինչ տարիքում էլ գտնւեն, ժայռամագլցումի պարտադիր դասընթացքից կանցնեն ամէն օր, բնականօրէն:     

Սուրբ Գրիգոր եկեղեցին գիւղի ամէնից բարձր կէտում է գտնւում: Այն կիսով խրւած է լեռան կողին, իսկ դէպի գիւղ նայող հիւսիսային պատը նմանում է բերդի բարձր պարսպի:

Քառանկիւն կառոյց ունի այն, որի չորս կողմերի պատերը երկու մետր բարձրութիւն ունեն ներկայումս: Մնացածը փայտածածկ տանիքի գերանների հետ թափւել է, մէկ մասը եկեղեցու մէջ, իսկ միւս մասը հարաւային պատից դուրս՝ լեռան լանջին:

Եկեղեցու դուռը գտնւում է արեւմտեան պատի ձախ անկիւնում, կամարաձեւ շքամուտով, որի արձանագրութիւնը ամբողջութեամբ սրբւած է: Դռան երկու կողմերին խոյակաւոր սիւներ են, վարպետ եւ ճաշակաւոր քարակոփի աշխատանք, եռամաս աստիճանաւորումով, դէպի վեր լայնացած: Քարէ կամարը, նոյնպէս ազնւօրէն յղկւած սպիտակ քարերով է կերտւած:

16x8 մետր տարածքով եկեղեցին հաւանաբար ունէր 5 մետր բարձրութիւն, իսկ մէջում թափւած գերանները ցոյց են տալիս, որ թաղակապ կտուր չի՛ ունեցել, այլ՝ տափարակ հողածածկ կտուր:

Խորանի բեմը քանդւած է, խորանը գոյութիւն չունի, սակայն շատ լաւ է պահպանւած հիւսիսային պատի վրայ մկրտարանը, որը դարձեալ միակտոր քարից տաշւած եւ փորւած աւազան ունի, ոչ շատ խոր: Մկրտարանի խորշը սրբատաշ քարերով զատորոշւում է եկեղեցու հիւսիսային պատից, վերեւում պեխաձեւ քարով կամար կազմած:

Եկեղեցու շէնքի քարերը սեւ ու սպիտակ լեռնային անտաշ քարերի խառնուրդ են, սակայն չորս անկիւններում ագուցւած քարերը, որոնք շէնքի ամրութիւնն են ապահովում, դարձեալ սպիտակ սրբատաշ քարեր են: Ներքնամասում աւերածութիւն է, ամէն տեղ թափւած քարերի, գերանների եւ ներսում աճած վայրի բոյսերի պատճառով: Թէպէտ սոյն լքւած վիճակը մխիթարական էր մեզ համար, որովհետեւ նոյնիսկ դրա գերաններին ձեռք չէին տւել գիւղի բնակիչները, պահպանելով եկեղեցու հնադարեայ արժէքը: Նրանցին մէկը նոյնիսկ այպանում էր մեզ եւ Մշակութային Ժառանգութիւնների պետական հիմնարկութեանը, որ նման պատմական կառոյցի նկատմամբ անուշադիր էինք եղել եւ այն փլւել էր ժամանակի ընթացքին, բնական աղէտների եւ ձեան ու անձրեւի հետեւանքով:

 

Դուգիդարա գիւղի հայոց գերեզմանատունը

Եկեղեցու արեւմտեան կողմում, 50 մետր հեռաւորութիւնից սկսում է գիւղի հայոց գերեզմանատունը, որի քարերը լեռան կողից սկսած իջնում են մինչեւ ստորոտ եւ փռւում նաեւ հարթութեան վրայ: Առհասարակ քառանկիւնաձեւ ժայռաբեկորներ, շատերի գրութիւնը սրբւած, բացի մի քանիսից, որոնք կրում են 1880-ական թւեր, իբրեւ դրանց տակ թաղւած անձերի վախճանման թւական:

Քարերից մէկը շատ լաւ պահպանւած Մելքումի Ղազարեանցի տապանաքարն է, որի վրայ կարդում ենք սոյն քառատող արձանագրութիւնը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԼՈՅՍԱ/-ՀՈԿԻ ՄԵԼՔՈՒՄԻ ՂԱԶԱՐ/ԵԱՆՑ ՎԱԽՃԱՆԵԱԼ Է/ 1885 ԱՄԻ»:

Մնացած տապանաքարերի արձանագրութիւնները այնքան մակերեսային են քանդակւել, որ անձրեւ ու ձիւն, մի քիչ էլ կործանարար ձեռքեր, կարողացել են սրբել ու տանել: Ի դէպ, Դուգիդարա գիւղի հայոց գերեզմանատունը հայկական այն քիչ գերեզմանատներից է, որտեղ գանձախոյզներ մեծ աւերներ չեն գործել: Մի քանի աննշան թւով քարեր իրենց տեղերից շարժւել են, կամ արկածախնդիրների կողմից շպրտւել են լեռից ցած: Դրանք չափերով էլ մեծ եւ միակտոր քարերից են կոփւած, ընդհանրապէս քառանկիւն կտրւածքով:

«Հոգւոց»-ը մեր շրթների վրայ մրմնջալով ու հոգեպէս փղձկելով մեր պապերի դառն ճակատագրի համար, հեռացանք գիւղի գերեզմանոցից եւ գիւղի տների միջով անցելով դուրս եկանք Դուգիդարայից: Գիւղացիների իսկ վկայութեամբ, բազմաթիւ հայկական տներ կան գիւղում, որոնք իրենց սարքած նոր տների կողքում ծառայում են իբրեւ գոմ իրենց անասուններին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։