Հա

Համայնք

17/09/2019 - 09:40

Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

«alikonline.ir» - Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների, ներկայ գտնւեց Ուրմիայում մատուցւած ս. պատարագի, նկատի ունենալով որ տեղի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի հրաժեշտի պատարագն էր լինելու այն, որից յետոյ ողջերթի հաւաքոյթ էր տեղի ունենալու, ժողովրդի մասնակցութեամբ:

Ս. պատարագին հանդիսապետեց եւ իր պատգամը ժողովրդին յղեց Սրբազան Հայրը, ի ներկայութեան խուռներամ հաւատացեալների: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երգեհոնահար-խմբավար Արտեմիս Բայրամեանի:

Սրբազան Հայրը խաչը փառք համարելու սուրբպօղոսեան բնաբանով սկսեց իր պատգամը, անդրադառնալով խաչի գերեդարձի պատմական մանրամասութիւններին: Ապա, դրա մեծ խորհրդին ակնարկելով, ցոյց տւեց զոհողութեան ծանրագոյն պարտաւորութիւնը, որը դրւում է խաչ կրող իւրաքանչիւր անհատի վրայ. «Մեր Տիրոջ զոհաբերութեան օրինակը գերագոյնն էր մարդկութեան պատմութեան ընթացքում, որովհետեւ այն իր ուսերին վերցնողը սովորական մարդ չէր, այլ Աստւած: Նրա կատարած զոհողութեան դիմաց, որ անմեղն էր եւ մեղաւորների կարգին դասւեց, ի՞նչ են մեր կրած նեղութիւններն ու դիմագրաւած դժւարութիւնները»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա, նա գնահատեց Տ. Ներսէս քահանայի անցած 15 տարիների ծառայութիւնը Ատրպատականի հայոց թեմում, նախ Թաւրիզում եւ ապա, վերջին 9 տարիներում՝ Ուրմիայում. «Խաչը զոհողութեան գերագոյն ձեւն է եւ նւիրումի ճանապարհը: Հոգեւորականի սպասաւորութիւնը խաչի ճանապարհ է, որտեղից անցնում է իւրաքանչիւր հոգեւորական, սակայն կոփւում է Քրիստոսի շնորհքով: Քո ծառայութիւնը այս թեմում իր կարեւոր բաժինը ունեցաւ հոգեւորական քո կազմաւորման մէջ: Ուստի թող Աստւած կանաչ անի քո ճանապարհը, Տիրոջ անդաստանում շարունակելու ծառայել մեր ազգին ու եկեղեցուն»,- ասաց Սրբազան Հայրը, Տէր հօր յանձնելով Թեմի հոգեւորական ծառայութիւնից ազատ կացուցման թուղթը:

Ս. պատարագի աւարտին եկեղեցու դասում տեղի ունեցաւ Խաչվերացի աւանդական անդաստանը, ռեհանազարդ խաչով: Ապա, հաւատացեալներին բաժանւեց օրհնւած ռեհանից, Քրիստոսի խաչափայտի անուշաբոյր օրհնութիւնը տուն տանելու իրենց հետ:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ողջերթի հաւաքոյթ Տէր հօր մեկնումի առիթով: Ուրմիահայ կազմակերպութիւնների, միութիւնների եւ ազգային կառոյցում գործող մարմինների եւ գիւղերի հոգաբարձութիւնների եւ Խնամակալ մարմնի անունից երախտագիտական խօսքով հանդէս եկաւ Պատգամաւորական ժողովի Բ. ատենադպրուհի Սարիմէ Մեջլումեանը: Նա ուրմիահայութեան անունից շնորհակալութիւն յայտնեց այն ծառայութիւնների համար, որ անցած տարիների ընթացքում Ուրմիայում, Գեարդաբադում, Ռահւայում, Նախջեւան Թափայում եւ շրջակայ գիւղերում, ինչպէս նաեւ Սալմաստում մատուցել էր Տէր հայրը: Ապա, ուրմիահայութեան անունից պատգամաւորական ժողովի անդամ Սեդա Մեջլումեանը նւէր յանձնեց Տէր հօր եւ տիրուհուն, բարի ճանապարհ մաղթելով նրանց:

Ազգային իշխանութեան անունից խօսք արտասանեց Պատգամաւորական ժողովի ատենապետուհի՝ Արմինէ Վահրամեանը: Նա անդրադարձաւ Տէր հօր հետ թեմի հաստատած համաձայնութեան շուրջ 16 տարիներ առաջ, երբ Անթիլիասում որոշւել էր նրա ծառայութեան վայրը՝ Ատրպատականում: Նրա բարւօք ծառայութեան մասին խօսելով, Արմինէ Վահրամեանը շեշտեց այն դժւարին ճանապարհը, լեզւական եւ այլ, որոնք Տէր հայրը հարթեց իր ջանասիրութեամբ: Ապա, թեմի կողմից նւէր յանձնւեց Տէր հօր եւ տիրուհուն, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի ձեռամբ:

Եզրափակիչ խօսքով առաջնորդ Սրբազան Հայրը իր գնահատանքը յայտնեց նախ ուրմիահայութեան, Ազգային իշխանութեան կազմին, Գործակալական խորհրդին եւ Ուրմիայի Խնամակալ մարմնին, որոնք յարգանքի եւ երախտագիտութեան զգացումներով ճանապարհ էին դնում իրենց ծառայած Հոգեւոր հովւին: Ապա, մէկ անգամ եւս իր գնահատանքը յայտնեց Տէր հօր, մաղթելով որ այլ թեմի մէջ իր ծառայութիւնը բերի Աստծու սուրբ անդաստանում: Սրբազան Հայրը կոչ ուղղեց ուրմիահայութեան, իր նոր սերնդի միջից յառաջացնելու հոգեւոր նոր սպասաւորին, որը ինքնընծայումով կոչում ունենայ ծառայել սոյն պատւական գաղութին:

Աւարտին ներկաները մօտեցան Տէր հօր եւ տիրուհուն եւ բարի ճանապարհ ու բեղուն նոր առաքելութիւն մաղթեցին նրանց:

Յայտնենք, որ նոյն օր, Խաչվերացի ս. պատարագ մատուցւեց եւ աւանդական անդաստան տեղի ունեցաւ Թաւրիզում, Մարալանի այգու Ս. Աստւածածին մատուռում, ձեռամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Ինչպէս Ուրմիայում, նոյնպէս Թաւրիզում, Խնամակալ մարմնի կանայք բծախնդրութեամբ յարդարել էին ռեհանազարդ խաչը իր սկուտեղով, որում օրհնւած ռեհանները բաշխւեցին հաւատացեալներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։