Հա

Համայնք

23/02/2013 - 11:06

ՍՈՒՐԷՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

alt1951 թւականի սեպտեմբերին Թաւրիզից Թեհրան եկայ: Այն ժամանակ հայրս աշխատում էր «Ալիք» օրաթերթի խմբագրատանը: Հօրս հանդիպելու պատրւակով յաճախ էի խմբագրատուն այցելում. ինձ համար երկրորդ տուն էր դարձել «Ալիք»-ը: Մէկ օր, սովորական այցելութիւններիս ժամանակ, հայրս ասաց. «Այսօր իմ հին ընկերներից Վարդան Սաւադեանն էր եկել: Երբ իմացաւ, որ դու այստեղ ես գալիս, առաջարկեց՝ իրենց «Մեսրոպեան» դպրոցում հիւանդացած ուսուցչի փոխարէն դասաւանդես»: Ես ընդունեցի: «Մեսրոպեան» դպրոցը կառուցւած էր Բեհջաթաբադի բլրակներից մէկի գլխին, որն ունէր առաջնից մինչեւ չորրորդ բաժանմունք եւ պատկանում էր աւետարանական համայնքին, հոգաբարձութեան նախագահն էր պրն. Արսէն Խաչիկեանը: Այդտեղ պաշտօնավարում էին չորս ուսուցիչ եւ մէկ տեսուչ: Ուսուցիչներն էին՝ երկու քոյրեր՝ Շահոքրամ եւ Մերի անուններով, մէկ տարեց տղամարդ, որի անունը, դժբախտաբար, չեմ յիշում, մէկ էլ՝ ես: Որպէս փորձ պիտի աշխատէի մէկ ամիս: Ընդունւեցի:

Դասաւանդում էի բոլոր առարկաները, թէ՛ հայերէն, թէ՛ պարսկերէն, թէ՛ մարզանք, նաեւ կատարում էի վերակացուի պաշտօն:
Ամիսը լրանալուն պէս՝ ռոճիկս որոշեցին 120 թուման: Բայց, մէկ օր երբ Թաւրիզից եկած մեր հարեւանի տանն էի գտնւում, պատահաբար հանդիպեցի իր եղբօրը՝ պրն. Միքայէլ Ստեփանեանին, որը ուսուցիչ էր եւ Թաւրիզի նախկին «Արամեան» դպրոցի տեսուչը: Երբ իմացաւ, որ ուսուցիչ եմ դարձել, հարցրեց՝ այդքան աշխատանքի դիմաց ինչքա՞ն ես ռոճիկ ստանում, երբ ասացի քանակը, զարմացաւ, ասաց՝ 200 թումանից պակաս չընդունես: Դա եղաւ հրաժարականիս պատճառը:
altՄի առ ժամանակ յետոյ՝ հանդիպեցի պրն. Միքայէլի աւագ որդուն՝ Նորայր Ստեփանեանին: Երբ իմացաւ, որ ուսուցչութիւն եմ անում, ասաց. «Գիւղ կը գնա՞ս»: Ասացի՝ այո: Եւ նա տւեց Աբրահամ Ասատրեանի անունը, որը Հ. Բ. Ը. միութեան քարտուղարն էր, ու ասաց. «Կը գնաս Հայ ակումբ, կը հանդիպես պրն. Աբրահամին ու կասես՝ ես եմ ուղարկել»: Այսպիսով՝ վարձւեցի որպէս Աղըրբուլաղ գիւղի նորակառոյց «Նուպար» դպրոցի ուսուցիչ:
Չմոռանամ նշել, որ այս գիւղի բնակիչները բնիկ տեղացիներ չէին, այլ՝ Իրանի Բուրւարի գաւառի Ֆարաջաբադ գիւղից էին, որոնք 1946 թւականի ներգաղթի օրերում իրենց ունեցւածքը վաճառելով՝ Թեհրան էին եկել՝ Հայաստան մեկնելու, սակայն ներգաղթի կասեցման պատճառով՝ Թեհրանում մնացել էին անել կացութեան մէջ: Հայկ. բարեգործական ընդհ. միութիւնը Թեհրանի շրջանում գտնւող գիւղատէրերի մօտ բարեխօսելով՝ նրանց կարողացել էր տեղաւորել Մաջիդ Ադլ անունով մի անձնաւորութեան պատկանող գիւղում, որը Աղըրբուլաղ էր կոչւում (տեղական լեզւով նշանակում է արու ձիու աղբիւր): Գիւղում նախքան հայերի այդտեղ հաստատւելը՝ եղել է մի սեւ ջուր ունեցող աղբիւր: Այդ աղբիւրի ջուրը խմելու համար պիտանի չէր, սակայն հայ շինականի օրհնեալ ձեռքով ջրհորներ փորւելով եւ իրար միացւելով՝ գիւղամիջում դուրս բերւեց խմելու համեղ ջուր:
altԵթէ չեմ սխալւում, գիւղը շուրջ 35 տնից էր բաղկացած: Իհարկէ, որոշ հայեր էլ շրջակայ գիւղերում էին բնակւում:
Հայերը թուրքական թաղից վեր, նոր աղբիւրի մօտակայքում էին կառուցել իրենց բնակարանները: Գիւղի տանուտէրն էր Զոհրաբ Մեսրոպեան անունով մի երիտասարդ, որը չնայած գիւղական կրթութիւն ունէր, բայց շատ ընդունակ եւ տարբեր գիտելիքներով ու կարողականութիւններով օժտւած անձնաւորութիւն էր:
Ես առաջին անգամ պրն. Աբրահամի եւ մի քանի ուրիշների հետ 1951 թւականի դեկտեմբերի սկզբներին գնացի Աղըրբուլաղ՝ նախ դպրոցի շինարարութիւնը դիտարկելու եւ ինձ ներկայացնելու համար: Ցաւօք՝ դեռ շինարարութիւնն իր աւարտին չէր հասել, որի համար նկատողութիւն արեց պրն. Աբրահամը:
Դեկտեմբերի վերջերում հազիւ վերջացաւ դպրոցի շինարարութիւնը: 1952 թւականի նոր տարուց յետոյ՝ գրենական պիտոյքներով, հայերէն ու պարսկերէն դասագրքերով եւ երեք քարածուխի վառարաններով ու 30 թուման կանխիկ դրամով բեռնաւորւած՝ գիւղ հասայ ու ներկայացայ պրն. Զոհրաբին՝ իրենց երկյարկանի բնակարանում:
altՊրն. Զոհրաբի ընտանիքը բաղկացած էր 16 հոգուց: Ես խնդրեցի, որ ինձ յատկացւելիք սենեակը ցոյց տան, որ հետս բերած իրերը տեղաւորեմ: Ինձ ասացին, որ դու այստեղ մեր տանը պիտի մնաս, որպէսզի քեզ կարողանանք տիրութիւն անել: Երբ ես շնորհակալութիւն յայտնեցի եւ խնդրեցի, որ ինձ առանձին տեղ տան, չընդունեցին: Զոհրաբի մայրը (Նանին), որ նահապետական վարքուբարքով կին էր, ասաց. «Սուրէն, տղաս, ես 16-հոգանոց ընտանիք ունեմ, դու էլ կը լինես 17-րդը»: Ինձ համար մեծ պատիւ էր, որ այս նահապետական ընտանիքի մայրը ինձ որպէս զաւակ էր ընդունում: Եւ այդպիսով՝ ես դարձայ այդ ընտանիքի 17-րդ անդամը:
1952 թւականի յունւարի 8-ից սկսեցի աշակերտների արձանագրութիւնները: Դպրոցը բաղկացած էր երեք դասարանից՝ նախակրթարան, առաջին եւ երկրորդ բաժանմունքներ: Շուրջ 50 հոգու արձանագրեցի երեք դասարանի համար: Գիւղի երիտասարդներից մէկը, որ Թահեր Միրզա էր կոչւում, օգնում էր ինձ. երբ ես մի դասարանում պարապում էի, նա միւս դասարանում երեխաներին զբաղեցնում էր գեղագրութեամբ, արտագրութեամբ, իսկ երրորդ դասարանում քանի որ ուսուցիչ չկար՝ աշակերտներին նկարչութիւն էին տալիս՝ նկարելու, յետոյ գնում էի՝ թւանշան էի տալիս: Այսպիսով՝ երեք դասարաններն էլ կարողանում էի կառավարել՝ առանց այն, որ մէկը միւսին խաչաձեււի:

alt

Երկրորդ դասարանցիների հետ պարապում էի՝ 5-րդ բաժանմունքի թւաբանութիւն, հայոց պատմութիւն, քերականութիւն եւ շատ ուրիշ առարկաներ, որ այդ դասարանի ծրագրին չէին կապւում: Քանի որ երկրորդ դասարանցիները տարիքով աւելի մեծ էին, քան իսկական երկրորդ դասարանցիները՝ չէի կարող նրանց ուշիմութիւնն անտեսել եւ սովորեցնել միայն երկրորդի պետական ծրագիրը: Ես լրիւ հայկականացրել էի դպրոցը. կիրակի եւ հայկական տօն օրերում արձակում էի դասերը:
Ասացի, որ երբ գիւղ եկայ, Հ. Բ. Ը. Մ.-ից ինձ 30 թուման էին տւել: Ինձ ասացին՝ մօտակայքում քարածուխի հանք կայ, այդ դրամը տուր չորքոտանի անասունների տանեն՝ բեռնեն, բերեն գիւղ: Նախքան որ եղանակը ցրտի, անընդհատ ասում էի, որ գնան Խուռի հանքը, քարածուխ բերեն: Բայց, ես ասում էի ու ես լսում: Պիտի նշեմ, որ ինչքան դպրոցականները գործունեայ էին՝ տարեցները աշխուժութիւն չէին ցուցաբերում եւ անտարբեր էին:
Այսպիսով՝ մի օր արթնացայ, ի՜նչ տեսնեմ, գիւղն անցել է սպիտակ սաւանի տակ: Վեր կացայ, գնացի դպրոց: Ես տաք էի հագնւած, բայց երեխանե՞րը ինչ... Երբ դպրոց եկան, սիրտս սեղմւեց. ձիւնը լցւել էր նրանց ծակ գիւաների մէջ, իսկ հագուստնե՞րը... բոլորն էլ դողում էին ցրտից. միթէ կարելի՞ էր այս վիճակում դաս պարապել: Երեխաներին տուն ուղարկեցի: Ես ասացի՝ գնում եմ քարածուխ բերելու, բայց ո՞րտեղից եւ ի՞նչպէս՝ չգիտէի: 19 տարեկանի վճիռ էր: Թահեր Միրզան եկաւ, թէ ես էլ եմ գալիս: Լաւ հագնւած, փաթաթւած, մի-մի կոպալ (պարսկ.՝ չոմաղ) ձեռքներս առած՝ մինչեւ ծունկի տակ հասնող ձիւնի մէջ ոտքով ճանապարհ ընկանք դէպի Ղասեմաբադ՝ Հաշտգերդ գնալու: Կէսօրին քրտինքի մէջ կորած՝ հասանք Հաշտգերդ: Գնացինք տիկին Շուշիկի ճաշարանը, որը մուժամբարցի մի կին էր: Երբ մեզ տեսաւ, զարմացաւ ու ասաց. «Տղաներ, ո՞րտեղից էք գալիս»: Երբ իմացաւ՝ որտեղից ենք գալիս, ասաց. «Գնացէք վառարանի մօտ ձեզ չորացրէք, ձեզ խորոված ու խմելիք տամ»: Յետոյ, երբ ասացինք, որ ինչ նպատակով ենք եկել, ասաց. «Հիմա հայ տղաները, որոնք Աբ-եքից քարածուխ են տանում Թեհրան, կը գան»:
Երբ ճաշը վերջացրինք, ինչպէս որ տիկին Շուշիկն էր ասել, հայ վարորդները եկան, տիկին Շուշիկը մեզ ներկայացրեց նրանցից մէկին, թէ գիւղի դպրոցի ուսուցիչներ են, գնում են իրենց դպրոցի համար քարածուխ բերելու: Ուրեմն՝ գնացինք Աբ-եքից քիչ վեր. հանքից դուրս բերւած քարածուխը, տարբեր տեսակներով, դասաւորւած էր մի հսկայ տարածքում:

alt

Հայ վարորդը մեր տւած 30 թումանով գնեց երեք խալւար քարածուխ: Յետոյ հարցրեց՝ ի՞նչ միջոցով կը տանէք գիւղ. մնացի ապշած, չէի մտածել փոխադրամիջոցի մասին: Վարորդը երբ իրականութիւնն իմացաւ, ծիծաղեց ու ասաց՝ մի՛ մտածիր, մի կերպ կը տանենք, եւ աշակերտին ասաց՝ բեռն այնպէս դասաւորիր, որ յետեւի մասում մի փոքր տեղ մնայ քարածուխի համար: Անչափ շնորհակալ եղայ այդ բոլոր նեղութիւնների համար եւ Թահեր Միրզային ասացի. «Շուտ քեզ գիւղ հասցրու, ասա՝ մինչեւ մենք կը հասնենք, դուք էշերին բերէք, որպէսզի գիւղ տանենք», 20 ռիալ էլ տւեցի նրան՝ որպէս ճանապարհածախս: Նա գնաց, իսկ մենք կէս ժամ յետոյ ճանապարհւեցինք: Արդէն արեւը մայր էր մտել, երբ հասանք գիւղ տանող ճանապարհի եզրին: Մեքենավարի աշակերտը քարածուխը դատարկեց աւազի վրայ, ասֆալտից դուրս: Կրկին շնորհակալութիւն յայտնելով՝ նրանց ճանապարհեցի: Ճիշտ այդտեղ էր գտնւում Սաբզալի անունով միթեւանի մի մարդու թէյատունը: Թէեւ անյարմար վայր էր, սակայն ցրտից պատսպարւելու համար՝ գնացի այնտեղ: Անհամբեր էի, անվերջ ներս ու դուրս էի անում՝ տեսնեմ, որ գալի՞ս են թէ՝ ոչ: Տարակուսանքի մէջ էի, չգիտէի՝ գնա՞մ Հաշտգերդ՝ Շուշիկենց մօտ, առաւօտեան գի՞ւղ վերադառնամ թէ՝ Թեհրան գնամ:
Այս տարակուսանքի մէջ էի, երբ լուսնի լոյսի տակ տեսայ՝ մարդկային շւաքներ են երեւում: Երբ մօտեցան, տեսայ՝ գիւղի երկու յաղթանդամ տղաներ են, բայց էշերից՝ ոչ մի լուր: Երբ հարցրի՝ ո՞ւր են էշերը, ասացին՝ էշերը կը մրսեն, ցուրտ է: Անհանգստացած՝ ասացի. «Ես, ուրեմն, էշերի չափ էլ չկամ» եւ աւելացրի. «Լաւ, բայց դուք ինչո՞ւ էք եղել»: Ասացին. «Եկել ենք քեզ տանելու»:
Հաւատացէք, այդ քարածուխը մէկ շաբաթ մնաց ճամբի եզրին:
Մինչեւ մայիսի կէսերը տարեկան ծրագիրը վերջացրի ու եկայ Թեհրան, որոշ անհատների հրաւիրեցի գիւղ գալ՝ քննութիւն կատարելու, որոնք էին՝ պրն. Աբրահամը, Հ.Բ.Ը.Մ.-ի գրասենեակի պատասխանատու Արսէն խանը եւ «Դաւթեան» դպրոցի ուսուցչուհիներից մի տարեց կին: Այդ կինը նախակրթարանում, Արսէն խանը առաջին դասարանում, իսկ պրն. Աբրահամը երկրորդ բաժանմունքում քննութիւն կատարեցին: Ես ոչ մէկին չընկերակցեցի, ասացի՝ թող իրենք ինչպէս օրէնքն է պահանջում՝ քննութիւն կատարեն:
Շատ չանցած՝ պրն. Աբրահամը դուրս եկաւ ինձ դիմեց, թէ արի, տես, այս տղան ինչ է ասում: Ներս գնացի, տեսնեմ, աշակերտ Հրանտը գրատախտակի առաջ անհանգիստ կանգնած է: Իմ հարցին, թէ ինչ է պատահել, պատասխանեց, որ պրն. Աբրահամի առաջարկած խնդիրը երեխայի բան է: Ծիծաղեցի ու պրն. Աբրահամից թոյլտւութիւն խնդրեցի, որ Հրանտին մի խնդիր ասեմ: Տեղի վրայ Հրանտին 14-հարցանի խնդիր ասացի, որում ընդգրկւած էր նաեւ կոտորակ: Մի քանի րոպէում Հրանտը վճռեց ու յաղթական՝ կանգնեց գրատախտակի առաջ:
Պրն. Աբրահամը մնացել էր ապշած, յետոյ ինձ հարցրեց. «Սա քանիերո՞րդ դասարանն է»: Ասացի՝ երկրորդ: Նա ինձ գրկեց, ապա ձեռքս սեղմեց ու դուրս եկաւ: Միւս դասարաններից էլ միւս քննողները զարմացած էին մնացել, ասում էին՝ այս դասարանների աշակերտները իրենց տարիքից աւելին գիտեն»:
Այսպիսով՝ այլեւս քննութեան կարիք չեղաւ, միայն ինձ լիազօրութիւն տրւեց քննութիւն կատարել եւ ցուցակն ուղարկել Թեհրան: Այդպէս էլ եղաւ. մի քանի օր յետոյ քննութեան ցուցակը յանձնեցի իրենց գրասենեակ եւ հրաւիրեցի մայիսի 28-ին իրենց ներկայութեամբ պատւել մեզ՝ մեր տարեվերջի հանդէսին:
Հանդէսն անցաւ բաւական յաջող: Ծրագրում ընդգրկել էի՝ երգչախումբ, մեներգ, ասմունք, տղաների ու աղջիկների մարզանք, բուրգեր եւ թատրոն: Մեծ թւով հանդիսատես ունեցանք, որոնք եկել էին հանրակառքով եւ անձնական մեքենաներով: Հիւրերը շատ գոհ ու զարմացած՝ գիւղը թողեցին լաւ յիշողութիւններով:
1952-53 ուս. տարում Թաւրիզից չկարողացայ գիւղ գալ: Ուստի՝ Աւագ անունով մի անձնաւորութեան էին ուղարկել, որը չէր կարողացել իր հանգամանքն արդարացնել, այդ պատճառով՝ որոշ աշակերտներ թողել էին գիւղը, Թեհրան էին գնացել՝ արհեստ սովորելու:
1953-54 ուս. տարւայ համար հեռագիր ստացայ, թէ գիւղացիները ինձ են ուզում: Միթէ կարո՞ղ էի մերժել: Սեպտեմբերին գիւղում էի. աշակերտներս բաւական պակասել էին: Չնայած դրան՝ դարձեալ երեք դասարան ունէի: Անցեալի նման՝ սկսեցի դասաւանդումս: Տաք եղանակին կիրակի օրերը աշակերտներին տանում էի դաշտ՝ զբօսանքի, նոյնիսկ գիւղատիրոջը, երբ գիւղ էր եկել, խնդրեցի՝ մի քանի գերաններ նւիրի՝ դպրոցի դիմացի հողատարածքում մարզական պիտոյքներ պատրաստելու համար: Նա սիրով ընդունեց, բացի այդ՝ մի բամբակի արտ էլ նւիրեց, որում բամբակ ցանեցինք: Աշակերտներով մոլախոտերը քաղելու էինք գնում, իսկ ջրտուքը եւ ուրիշ դժւար գործերը տարեցներն էին կատարում:
Ցաւօք՝ այդ տարին գիւղի գոյութեան վերջին տարին եղաւ եւ բոլոր որոշումները յօդս ցնդեցին:
Այդ տարւայ հանդէսին եւս ներկայ էին բազմաթիւ հիւրեր: Ծրագիրն աւելի էի գեղեցկացրել. երգչախմբային երգերին ու մեներգերին զուգընթաց՝ աղջիկներին պլաստիկ պարեր էի սովորեցրել, որոնք պարում էին առանց երաժշտութեան ընկերակցութեան:
Տղաներից էլ ակրոբատիկ խումբ էի կազմել, որոնց գեղեցիկ տարազը յատկապէս ուշադրութեան արժանացաւ:
Ես ինչ որ գիտէի՝ չզլացայ հայրենակիցներիս տալ, նոյնիսկ տարեցներին լուսանկարչութիւն սովորեցրի՝ նրանց լուսանկարելով: Իմ սենեակում մութ բաժին պատրաստելով՝ ֆիլմերը երեւակում էի ու յետոյ տպում թղթի վրայ եւ իրենց էի տալիս որպէս յիշատակ:
Այստեղ հարկ եմ համարում ջերմ ու սրտագին շնորհակալութիւններս յայտնել պրն. Յովիկ Մինասեանին՝ այս յուշերը կազմելիս իր ցուցաբերած համագործակցութեան համար:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։