Հա

Համայնք

20/02/2013 - 10:45

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Չորեքշաբթի, փետրւարի 6-ին, երեկոյեան ժամը 7-ին, ներկայութեամբ կրօնական, պետական ու քաղաքական հիմնարկների, բաժանմունքների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչ անդամների, Ատրպատականի ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 34-րդ տարեդարձի կենտրոնական ձեռնարկը:

Թեմական խորհրդի կազմակերպ աշխատանքով երկրի կրօնական ու քաղաքական հրաւիրեալներին յատուկ հիւրընկալում տեղի ունեցաւ, որոնց շարքում՝ Արեւելեան Ատրպատականի նահանգապետի տեղակալը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որը յատուկ կերպով ժամանել էր Թաւրիզ՝ բանախօսելու սոյն ձեռնարկին: Ներկայ էին նաեւ՝ Թաւրիզի քաղաքապետի տեղակալը, 8-րդ քաղաքամասի քաղաքապետը, Իրանում Մարդկային իրաւանց իսլամական կազմակերպութեան պատասխանատուները, Փոքրամասնութիւնների բաժանմունքի ներկայացուցիչները, Պատգամաւորական ժողովի անդամներ, թեմում գործող բոլոր կառոյցների ու կազմակերպութիւնների անդամներ, ինչպէս նաեւ՝ թաւրիզահայ համայնքի յարգելի զաւակները:

alt

Իրանի պետական հիմնի կատարումից յետոյ՝ բացման խօսքով Կարօ Ջորջեանը ազգային իշխանութեան անունից բարի գալուստ մաղթեց հիւրերին ու բոլոր ներկաներին՝ անդրադառնալով այն ուրախալի առիթին, որ համախմբել էր բոլորին:
Պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն իր բանախօսութեամբ անդրադարձաւ 34 տարի առաջ ծայր առած Իրանի յեղափոխութեանը եւ հայ ժողովրդի դերակատարութեանը: Հայութեան ներկայութեանն անդրադառնալով՝ դոկտ. Կ. Խանլարեանը վեր հանեց կրօնական, ազգային, կրթական, մշակութային ու հասարակական բնագաւառներում հայութեան դրական ներկայութիւնը եւ մասնակցութիւնը Իրանի համայնական կեանքին: Յանւանէ յիշեց նշանաւոր հայազգի գործիչներ՝ Նիկոլ Դումանին ու Ռոստոմին, անդրադարձաւ իրանահայ միակ օրաթերթ «Ալիք»-ի երկարամեայ առաքելութեանը եւ այն բոլոր աշխատանքներին, որոնք հայ համայնքի կողմից կատարւում են իբրեւ ներդրում՝ Իրանի բարգաւաճմանն ու զարգացմանը: Ի վերջոյ, դոկտ. Կ. Խանլարեանը հայերէն եւ պարսկերէն լեզուներով շնորհաւորեց բոլորին՝ Իսլամական յեղափոխութեան 34-րդ տարեդարձի բարեբաստիկ առիթով:

alt

Դարձեալ նոյն առիթով բանախօսեց Փոքրամասնութիւնների բաժանմունքի բարձրաստիճան պատասխանատուներից պրն. Արմանդը, որը գովեստով անդրադարձաւ հայ ժողովրդի շինարար ներկայութեանը՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Նա վեր հանեց երկրի կրօնական առաջնորդ այաթ. Խամենէիի հոգածու վերաբերմունքը՝ Իրանի ժողովրդին հանդէպ, որի մաս են կազմում բոլոր փոքրամասնութիւնները, որոնց շարքում ամենից մեծ փոքրամասնութիւնը հայ ժողովուրդն է:
Գեղարւեստական ծրագրով Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը ելոյթ ունեցաւ՝ ղեկավարութեամբ երաժիշտխմբավար Վարդան Վահրամեանի՝ պարսկերէն ու հայերէն երգերի շարանով:
Ապա գնահատական պարգեւներ բաշխւեցին դպրոցում թէ միութիւններում յաղթական հանդիսացած աշակերտներին ու մարզիկներին: Պարգեւները յանձնւեցին բարձրաստիճան հիւրերի եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի կողմից:
Ի վերջոյ, եզրափակիչ խօսքով իր շնորհակալական ու օրհնանքի պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդը: Նա յատկապէս քրիստոնեայ-իսլամ գոյակցութեան ու գործակցութեան օրինակ համարեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում կողք-կողքի ապրող հայ եւ իսլամ ժողովուրդների համակեցութիւնը:
Թեմակալ առաջնորդի խօսքը պարսկերէնի թարգմանւած՝ ընթերցեց Ռիտա Նազարբէգեանը: Ապա ազգային իշխանութիւնը հիւրասիրութեամբ պատւեց կրօնական, պետական ու քաղաքական հիւրերին:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։