Հա

Համայնք

18/02/2013 - 11:10

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Մեր Տիրոջ քառասնօրեայ տաճար ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակին, չորեքշաբթի, փետրւարի 13-ին, երեկոյեան ժամը 5-ին, Թաւրիզի Լիլաւա քաղաքամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն եւ Նախատօնակի արարողութիւն՝ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: Եկեղեցում մեծ թիւ էին կազմում նաեւ երեխաները, որոնք իրենց ծնողների հետ եկել էին՝ մասնակից դառնալու օրւայ խորհրդին: Նոյնպէս, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում կատարւեց Տեառնընդառաջի արարողութիւն՝ ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Ժամերգութեան ընթացքում կատարւեց անդաստան, երբ օրհնւեցին աշխարհի չորս ծագերը, եւ ապա թեմակալ առաջնորդը ս. խորանից առնելով լոյսը՝ վառեց եկեղեցու կենտրոնում գտնւող եռամատնեայ աշտանակը: Իր պատգամի մէջ նա վեր հանեց հայ երեխաների դաստիարակութեան կարեւորութիւնը՝ յատկապէս շեշտելով ծնողների դերակատարութիւնը: Նա մասնաւորապէս շեշտեց անմեղ երեխաների հոգեւոր, բարոյական եւ ազգային կրթութեան անհրաժեշտութիւնը. «Այս երեխաները մեր կեանքն են, մեր յոյսն են, մեր տան լոյսն են, մեր ապագան են ու մեր ազգի յաւերժութեան երաշխիքը: Այսքան մեծ դրամագլխի հետ իմաստութեամբ պէտք է վերաբերւենք»,- ասաց թեմակալ առաջնորդը:
altԺամերգութեան աւարտին կատարւեց նաեւ ամենից նոր ծնւած թաւրիզեցիների՝ Արամէի, ինչպէս նաեւ Պատրիկի քառասնօրեայ տաճար ընծայման կարգը, որոնք իրենց ծնողների՝ Արա եւ Լուսինէ Թիլադեանների ու Հենրիկ եւ Սարինէ Համբարձումեանների կողմից բերւել էին եկեղեցի՝ քառասնօրեայ ընծայաբերման համար: Ապա ներկայ բոլոր երեխաները Հայր Սուրբի կողմից բարձրացւեցին ս. խորան՝ ընծայման համար: Այս տարի թեմակալ առաջնորդի կողմից ընտրւել էր թեմի ամենատարեց հաւատացեալներից եւ ամէն կիրակի առանց բացառութեան եկեղեցի յաճախող հաւատաւորներից Շահէն Մելիքեանը՝ որպէս Սիմէոն Ծերունու դերը կատարող՝ եկեղեցական արարողութեան ընթացքում:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ՝ Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախմբի կատարած «Կիլիկիա» մաղթերգի երգեցողութեամբ, ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի, թափօրը առաջացաւ դէպի եկեղեցու շրջափակը, որտեղ Հայր Սուրբի կողմից առաջին բոցը տրւեց աւանդական խարոյկին:
altԱյնուհետեւ սկսւեց պատանիների եւ երիտասարդ-երիտասարդուհիների խանդավառ պահը: Տեղի ունեցաւ նաեւ հրավառութիւն, երբ արհեստական պայթուցիկներով լուսաւորւեց գիշերւայ երկինքը: Երիտասարդները թռչում էին կրակի վրայով, իսկ դպրոցական աշակերտները՝ պտտւում դրա շուրջ:
Նոյն օրը, առաւօտեան ժամը 11-ին, ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում Տեառնընդառաջի յատուկ ձեռնարկ տեղի ունեցաւ եւ ապա շրջափակում հրավառութիւն կատարւեց: Ներկայ էին՝ ՀՕՄ-ի վարչութեան անդամուհիներ եւ ծնողներ: Ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը այս առիթով խօսեց երեխաների կրօնական դաստիարակութեան մասին: Թեմակալ առաջնորդը իր խօսքն ուղղելով երեխաներին՝ Տեառնընդառաջի խորհուրդը բացատրեց եւ հարց-պատասխանի միջոցով վերյիշեցրեց մեր Տիրոջ կեանքից Աստծու տաճարին ընծայւելու կարեւոր դրւագը, որին հետեւելով՝ բոլոր նորածինների քառասնօրեան լրանալուց յետոյ՝ բերում են եկեղեցի՝ ընծայաբերման աղօթքի համար:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։