Հա

Համայնք

17/02/2013 - 11:14

Թաւրիզ, ազգային առաջնորդարան - Կիրակի, փետրւարի 3-ի առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագի ընթացքում, ս. խորանից ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2013 թւականը Հայ մօր տարի յայտարարող:
Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, քարոզից անմիջապէս առաջ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը հանդիսաւորապէս ընթերցեց Վեհափառ Հայրապետի սրբատառ հռչակագիրը, իսկ Ուրմիայում այն ընթերցեց ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հայ Եկեղեցու սպասաւորներին, հայ ազգի կեանքում գործող բոլոր կառոյցներին ու ողջ հայ ժողովրդին ուղղելով իր տարեկան պատգամը՝ կարեւորութեամբ շեշտել է հայ մօր անզուգական դերակատարութիւնը եւ կոչ է ուղղել առաջիկայ տարւայ ընթացքում վերարժեւորել հայ մօր տեղն ու դերը՝ հայ կեանքում:
Վեհափառ Հայրապետը իր հայրապետական պատգամի մէջ ուսումնասիրական ու խորհրդածական մօտեցումով վերլուծել է հայ մօր կերպարը՝ առաջին հերթին Աստւածաշնչում ներկայացւած կնոջ պատկերով՝ ապա մեր եկեղեցու հայրերի ուսուցումների էջերից քաղելով դաստիարակիչ ուսուցումներ՝ մօր անփոխարինելի դերակատարութեան մասին: Վեհափառ Հայրապետը հայ կեանքում քննելով հայ մօր կարեւոր տեղը՝ հայոց պատմութեան անցքերից քաղւածքներ է կատարել, հայ պատմիչների մտածումները մէկտեղելով, հայ մօր անգերազնացելի կերպարը վերաշեշտելու համար մեր համայնական կեանքում: Այս բաժնում նա մի ծաղկեփունջ է ներկայացրել ընթերցողին՝ հայ գրագէտների գոհար տողերից կազմւած, որոնք պանծացնում են գերմարդկային էակին՝ մօրը՝ մարդկութեան մտապաստառի առաջ:
Վերջապէս, Վեհափառ Հայրապետը հայ կնոջ ու մանաւանդ հայ մօր ու ընդհանրապէս հայ իգական սեռի դիմաց ծառացող ներկայ դժւարութիւնները, մարտահրաւէրներն ու փորձութիւնները ներկայացնելով՝ կոչ է արել բարձր պահել հայ մօր կենսական առաքելութիւնը՝ ի խնդիր նոր սերունդների առողջ դաստիարակութեան ու մեր ժողովրդի փայլուն ապագայի:
Հայրապետական հռչակագիրն ընթերցելուց յետոյ՝ թեմակալ առաջնորդը յայտնեց, թէ 2013 թւականի ընթացքում Ատրպատականի հայոց թեմում զանազան ձեռնարկներով լուսարձակի տակ է բերւելու հայ մայրը՝ վերարժեւորելու համար նրա անփոխարինելի դերակատարութիւնը՝ զաւակների դաստիարակութեան սուրբ գործում:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։