Հա

Համայնք

13/05/2012 - 12:01

altԱյն նկատառումով, որ հայ մայրերը հանդիսանալով մեր ընտանիքների հիմնասիւները՝ մշտապէս եղել եւ լինելու են թէ՛ իրենց ընտանիքների գոյատեւման ու բարգաւաճման, եւ թէ՛ ազգապահպանման կարեւոր գործօններից եւ արժանի են գնահատման եւ արժէքաւորման, ապրիլի 16-ի կէսօրից յետոյ Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցում մտերմիկ եւ ջերմ մթնոլորտի ներքոյ նշւեց Մայրերի օրը, որին ծերանոցի տարեց բնակիչներից ու սոյն կենտրոնը կառավարող Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիներից բացի՝ հրաւիրւել եւ ներկայ էին՝ Տ. Վազգէն քհնյ. եւ երէցկին Սեւան Քեօշկերեաններն ու տարեցների հարազատները:

alt

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը: Նա ողջունելով բոլորի ներկայութիւնը՝ վարչութեան եւ կազմակերպիչ յանձնախմբի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց ներկաներին՝ Յիսուս Քրիստոսի Յարութեան եւ Մայրութեան ու գեղեցկութեան տօների առթիւ ու այսպէս աւելացրեց. «Մեր պատմութեան բոլոր էջերում հայ կինը հանդիսացել է իր ընտանիքի հիմնասիւնը: Յատկապէս, Եղեռնեան տարիներում, երբ հայրենի հողից զրկւելով՝ անապատի ճանապարհ բռնած հայերը ստիպւած եղան ապաստան գտնել անծանօթ ու խորթ երկրներում, հայ մօր նւիրումի, հաւատքի եւ զոհողութեան շնորհիւ էր, որ հայ ազգը ոտքի կանգնեց եւ իր երթը շարունակեց դէպի լուսաւոր ապագայ: Հայ մօր զոհաբերութիւնն անսահման է: Իսկ սփիւռքեան պայմաններում ապրող հայ մայրը իր զաւակի նկատմամբ ունի այլ պարտականութիւններ, ինչպիսիք են՝ զաւակի հայեցի դաստիարակութեամբ զբաղւելը եւ նրան ձուլման վտանգից պահպանելը»: Արմինէ Սիմոնեանն իր խօսքի աւարտին հրաւիրեց Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանին՝ օրւայ առթիւ արտայայտւել:
Քահանայ հայրը իր խօսքը սկսեց կնոջ արարման կարեւորութեանը անդրադառնալով՝ այնուհետեւ գնահատելով աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարի վարած կեանքն ու ծաւալած գործունէութիւնը եւ յիշատակելով մի շարք յաջողակ կանանց անուններ՝ անդրադարձաւ հայ մօր առաքելութեանը՝ որպէս ամուսնու կողակից, մայր եւ նւիրումի ու զոհողութեան խորհրդանիշ: Ահա մէջբերումներ օրւայ բանախօսի ելոյթից. «Հայ մայրը գեղեցիկ ու կատարեալ է, երբ իր զաւակին սիրում եւ փայփայում է հայրենի ու քրիստոնէական սիրով, գուրգուրանքով եւ սկզբունքներով: Հայ մայրն է պահել մեր կրօնը, մեր մշակոյթն ու հայրենիքի նկատմամբ ունեցած մեր սէրը եւ նրա շնորհիւ են իրականացել մեր յաղթանակները: Հայ մայրն ուզեց, որ իր զաւակը հասակ առնի հայրենի ոգով եւ քրիստոնէական վեհ ու բարձր սկզբունքներով, որպէսզի ապագայում ծառայի իր ազգին»: Քահանայ հայրն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով մեր ներկայ կեանքին՝ նշեց մեզ սպառնացող մարտահրաւէրները եւ ասաց. «Հայ մօր պարտականութիւնը այսօր առաւել եւս ծանրացել է իր տան, ամուսնու եւ զաւակի նկատմամբ: Հայ մայրը պէտք է արթուն եւ զգօն լինի իր զաւակի հասակ առնելու ընթացքում: Նա զգոյշ պէտք է լինի իր զաւակի կենցաղի ու բոլոր վարքերի նկատմամբ»: Բանախօսն իր արտայայտութիւնների աւարտին նշելով որոշ ծնողների կողմից ցուցաբերւող չափազանցւած զոհողութիւնների վտանգները՝ պատասխանատու երիտասարդներ դաստիարակելու եւ նրանց անձը լաւապէս ճանաչելու ուղղութեամբ մի շարք խորհուրդներ տւեց ներկաներին:
Այնուհետեւ ծրագրի գեղարւեստական բաժնում իրականացւեցին երկու հայրենասիրական երգեր՝ «Կոմիտաս» պատանեկան երգչախմբի անդամների միջոցով՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի: Նախ մենակատարմամբ հանդէս եկաւ տաղանդաւոր պատանի Արման Յովսէփեանը, որից յետոյ զուգերգով ելոյթ ունեցան քաղցրաձայն երգչուհիներ՝ Վանայ Շիրւանեանն ու Թանիա Մինասեանը:

alt

Գեղարւեստական բաժնին յաջորդեց ընդունելութիւնը եւ ներկաները այդ ընթացքում մտերմիկ մթնոլորտի ներքոյ արտայայտւեցին ու մօրը ձօնւած երգերով ու բանաստեղծութիւններով հանդէս եկան:
Վերջում Կազմակերպիչ յանձնախմբի պատրաստած նւէրները Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի ձեռամբ շնորհւեցին ծերանոցի բնակիչներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։