Հա

Համայնք

02/04/2012

altՇահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի 2011-2012 տարեշրջանի բացում

2011 թւականի հոկտեմբերի 10-ի առաւօտեան կայացաւ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի բացման արարողութիւնը:
Այս տարեշրջանի բացումը վերանորոգման պատճառով՝ տեղի ունեցաւ քիչ ուշացումով: Բացումը կատարեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Ներկայ էին համայնքի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Համայնքային վարչութեան անդամները, Սպահանի հայոց թեմի Կրթական, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները, դպրոցի սաներն ու նրանց ուսուցիչները եւ ծնողները:

Բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի Ալիս Մկրտչեանը: Նա շնորհաւորելով նոր 2011-2012 տարեշրջանը՝ բարի գալուստ մաղթեց ներկաներին եւ նրանց փոքրիկ սաներին: Նա իր խօսքում նշեց. «Ազգային մարմինների ջանքերի շնորհիւ՝ այսօր մեր փոքրիկները կարողացան մուտք գործել այս վերանորոգւած դպրոցը, որը վայել է հայ աշակերտներին»։
Իր հայրական պատգամը փոխանցեց նաեւ Տ. Բաբգէն եպս. Չարեանը՝ ասելով. «Հայ դպրոցը փրկութեան փարոս է սփիւռքեան կեանքում»: Նա շնորհաւորելով ուսուցիչներին՝ Հայ մշակոյթի տօնի առիթով, նշեց, որ հայ ուսուցիչները մեծ եւ կարեւոր դեր ունեն հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան գործում: Նաեւ շնորհաւորելով աշակերտներին եւ ուսուցիչներին՝ նոր ուսումնական տարւայ առիթով, մաղթեց նրանց ուժ ու կորով՝ իրենց կարեւոր առաքելութիւնը կատարելու համար:

alt

Խօսքը տրւեց դպրոցի սաներին, որոնք ներկայացան մէկ առ մէկ՝ ասելով իրենց անուն-ազգանունները: Նրանցից ոմանք հանդէս եկան նաեւ արտասանութիւններով՝ ժպիտ եւ բերկրանք պարգեւելով ներկաներին:
Ալիս Մկրտչեանը յուշանւէր յանձնեց Մելքոն Շիրւանեանին՝ ի շնորհակալութիւն վերանորոգման աշխատանքները կարճ ժամանակում եւ որակով կատարելու: Յուշանւէրներ յանձնւեցին նաեւ դպրոցի սաներին: Վերջում բոլոր ներկաները հիւրասիրւեցին դպրոցի ծնողական խորհրդի միջոցով:

Ամանորի նախատօնակ

2011 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան Շահինշահրի մանկապարտէզ-նախակրթարանում նախատօնական տրամադրութիւն էր: Աւանդոյթի համաձայն՝ այդ օրը նշւում էր Ամանորի նախատօնակը: Դպրոցի սաներին այցելութեան էր գալու Ձմեռ պապիկը: Բեմը զարդարւած էր, տօնածառը փայլում էր գոյնզգոյն զարդերով եւ լոյսերով. ամէն ինչ պատարստ էր Ձմեռ պապիկին դիմաւորելու համար: Եկաւ Ձմեռ պապիկը՝ խինդ ու ծիծաղ բերելով իր հետ: Երեխաները շրջան կազմած՝ պարեցին ու թռչկոտեցին: Ստացան նւէրներ, նաեւ լուսանկարւեցին Ձմեռ պապիկի հետ:

 

Ամանորի հանդէս

Դեկտեմբերի 26-ի երեկոյեան «Ս. Վարդանանց» դպրոցի սրահում «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի միատեղ նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ամանորի հանդէսը: Հանդէսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Սպահանի Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, Շահինշահրի Համայնքային վարչութեան ներկայացուցիչները եւ մեծ թւով հիւրեր:
Նոր տարւայ բարեմաղթանքներով եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի Ալիս Մկրտչեանը, որից յետոյ բեմ բարձրացան մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ ներկայացնելով իրենց դիտարժան ծրագիրը: Ինչպէս միշտ, ծրագիրը գեղեցիկ էր՝ լի ուրախութեամբ: Մանուկների պայծառ եւ անարատ դէմքերը շողում էին բեմից: Իսկ նրանց տօնական հագուստները փայլում էին տօնածառի լոյսերի պէս: Նրանք հանդէս եկան խմբերգերով եւ պարերով՝ խանդավառութիւն պարգեւելով ներկաներին: Այցելեց նաեւ Ձմեռ պապիկն ու Ձիւնանուշիկը եւ փոքրիկներին նւիրեց գեղեցիկ մրգեր:

alt

Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը՝ փոխանցելու իր հայրական խօսքը: Նա գնահատեց դպրոցի ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին այս գեղեցիկ երեկոն կազմակերպելու համար: Գնահատանքի խօսքեր ասաց նաեւ մանուկներին, որոնք այդքան ուրախութիւն պարգեւեցին ներկաներին: Շնորհաւորելով բոլորի գալիք Նոր տարին՝ Սրբազան Հայրը բոլորին ցանկացաւ առողջութիւն եւ երջանկութիւն՝ յորդորելով Նոր տարին դիմաւորել նորոգւած հոգիներով եւ ուրախ սրտերով:

Բարեկենդանը՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

Փետրւարի 15-ի առաւօտեան «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում նշւում էր Բուն բարեկենդանը: Ամէն ինչ գեղեցիկ էր ու հեքիաթային: Մանկապարտէզ-նախակրթարանի սան-սանուհիներից ամէն մէկը կարծես մի հեքիաթից կամ մուլտֆիլմից դուրս եկած հերոսներ լինէին, որ եկել էին՝ միասին ուրախանալու, երգելու ու պարելու:
Սրահն ու բեմը գեղեցիկ էին եւ օրւայ խորհրդին համապատասխան, որը ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի մտքի թռիչքի եւ ձեռքերի հմտութեան արդիւնքն էին: Երեխաները զւարճալի ծաղրածուի հետ հերթով նկարւելուց յետոյ՝ երգեցին ու պարեցին եւ ստացան գեղեցիկ նւէրներ: Իսկ երեկոյեան նորից եկան ուրախանալու՝ արդէն իրենց ծնողների հետ: Նախատեսւած էին խաղեր եւ մրցոյթներ՝ թէ՛ երեխաների, եւ թէ՛ ծնողների համար: Ուրախ տրամադրութեամբ աւարտւեց օրը, որը երկար կը մնայ երեխաների յուշերում:

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։