Հա

Համայնք

18/03/2012 - 12:45

altՄարտի 16-ի առաւօտեան, ներկայութեամբ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, քահանայից եւ դպրաց դասերի, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, թեմի ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամների, տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի վերաբացման հանդիսաւոր արարողութիւնը։

altՅատկանշական է, որ շուրջ 8 ամիս առաջ Սպահանի հայոց Թեմական խորհուրդը թանգարանի բարեզարդման ծրագրի շրջագծում որոշեց ստուգել եւ վերադասաւորել առկայ իրերը, վերանորոգել թանգարանի շէնքը եւ արդիականացնել շէնքի անվտանգութեան համակարգը։ Այնուհետեւ սոյն որոշումը իրագործելու նպատակով՝ դադարեցւեց թանգարանի աշխատանքը եւ առաջնորդարանի ու թանգարանի պաշտօնեաներից կեանքի կոչւեց մի յանձնախումբ, որը ղեկավարութեամբ Թեմական խորհրդի անդամ Մկրտիչ Աւետումեանի եւ մի շարք մասնագէտների խորհրդատւութեամբ՝ լծւեց իրերի ստուգման աշխատանքին։ Քիչ անց սկսւեցին նաեւ թանգարանի շէնքի վերանորոգման եւ ապահովութեան համակարգի արդիականացման աշխատանքները, որոնք աւարտւեցին օրեր առաջ։
Նոր Ջուղայի թանգարանի վերաբացման հանդիսութիւնը սկսւեց հոգեւորականաց դասի միջոցով Տէրունական եւ «Պահպանիչ» աղօթքների արտասանութեամբ, ապա՝ թանգարանի մուտքի դռան ժապաւէնը միասնաբար կտրեցին՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանն ու Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը։
Այնուհետեւ ներկաները համախմբւեցին թանգարանում, որտեղ ելոյթ ունեցաւ Թեմական խորհրդի ատենապետը։ Նա այս բարեբաստիկ առիթով Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի շնորհաւորանքի խօսքը փոխանցեց ներկաներին, որը Լիբանանում է գտնւում՝ թեմակալ առաջնորդների եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար, ապա անցնող 8-ամսեայ ժամանակահատւածը ազգային մարմինների եւ ժողովրդի համար դժւարին ու պատասխանատու շրջան համարելով՝ հանդէս եկաւ իրագործւած աշխատանքների շուրջ զեկուցմամբ եւ հանգրւան առ հանգրւան ներկայացրեց գործողութիւնը։ Նոէլ Մինասեանը իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ դատապարտելով չարամիտ անձանց չարախօսութիւններն ու անհիմն զրպարտանքները՝ ազգային մարմինների հասցէին, որոնք ամիսներ առաջ տեղի էին ունեցել թանգարանի որոշ իրերի գողութեան բացայայտման ժամանակ, մեծ յաջողութիւն համարեց սոյն իրերի վերադարձը առաջնորդարան, որից յետոյ յատուկ շնորհակալական խօսքով գնահատեց յանձնախմբի անդամների եւ բոլոր դերակատար անհատների կատարած աշխատանքը՝ թանգարանի բարեզարդման ուղղութեամբ։ Վերջում Թեմական խորհրդի ատենապետը յայտարարեց, որ բոլոր ձեռագիր մատեաններն էջ առ էջ լուսանկարւել են եւ այսուհետեւ գիտաշխատողները կարող են իրենց ուսումնասիրութիւնների համար օգտւել սոյն լուսանկարներից։
Ծրագրի շարունակութեան մէջ պաստառի վրայ ցուցադրւեց անցնող ամիսների ընթացքում կատարւած աշխատանքներին անդրադարձող տեսանիւթը, որից յետոյ ներկաները առիթ ունեցան շրջելով թանգարանում՝ մօտկից ականատեսը լինել կատարւած աշխատանքների։
Նշելի է, որ թեմիս ազգային իշխանութեան հետեւողական ջանքերի եւ երկրի իրաւապահ մարմինների աչալուրջ հետապնդումների շնորհիւ՝ 2011 թւականի դեկտեմբերին թանգարանից գողացւած գրչագիր մատեանների հինգ պատառիկ էջերն ու երկու նկարչութեան շրջանակները անխափան վերադարձւել էին առաջնորդարան, որոնք յատուկ դասաւորութեամբ նոյնպէս ցուցադրւել էին թանգարանում։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։