Հա

Համայնք

17/03/2012

alt

Չորեքշաբթի, փետրւարի 22-ի երեկոյեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում դպրոցի ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համագործակցութեամբ նշւեց Վարդանանց տօնը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Համայնքային վարչութեան անդամները, Շահինշահրի պատգամաւորները եւ Շահինշահրի հայ համայնքը:

altԾրագիրը բացեց Վիոլետ Յարութիւնեանը: Նա ողջոյնի եւ բարիգալստեան խօսքից յետոյ՝ նշեց այն կարեւոր նշանակութիւնը, որ ունեցաւ Վարդանանց պատերազմը՝ մեր ազգի պատմութեան մէջ՝ խթան հանդիսանալով նոր նւաճումների եւ յաղթանակների: Եւ, ինչպէս միշտ, փետրւար ամսին մեր ազգը նշում է Վարդանանց տօնը, որի առիթով բեմ հրաւիրեց «Վարդան» դպրոցի ուղեցոյց օղակի աշակերտ-աշակերտուհիներին: Նրանք, Այլին Քեշիշեանի նւագակցութեամբ, գեղեցիկ կերպով կատարեցին մի շարք հայրենասիրական խմբերգեր: Հնչեցին Վարդանանց գովաբանող ասմունքներ, որոնք արժանացան ներկաների ծափողջոյններին:
altԴրանից յետոյ բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը:
Հայր Սուրբը ներկայացրեց հայ ժողովրդի պատմութեան օրհասական շրջանը, երբ ժողովուրդը կանգնած էր լինել-չլինելու վտանգի առաջ: Նա պատմելով այդ շրջանը՝ բացատրեց. «Վարդանը ազգի փրկութիւնը տեսնում էր զինեալ պայքարի մէջ, սակայն պէտք է փորձւէին դիւանագիտական բոլոր միջոցները, քանզի դիւանագիտութիւնն էլ պայքար է՝ անարիւն պայքար, որով կարելի է ժողովրդին փրկել արիւնահեղութիւնից: Վարդանը լաւ գիտէր, որ իշխող պետութեան՝ Պարսկաստանի համար հպատակ ժողովրդին կրօնափոխութեան ենթարկելը նշանակում է՝ ստրկացում, հարստահարում, ազգային նկարագրից զրկում եւ ձուլում: Այն էլ գիտէր, որ հայերի համար քրիստոնէութիւնը ինքնապաշտպանութեան եւ գոյատեւման ամենաազդեցիկ միջոցն է: Վարդանի դիրքորոշմամբ՝ դանակը ոսկորին հասած խաղաղ ժողովրդի ստիպողաբար զէնքի դիմումն էր պարսկական բռնութիւններից ազատւելու միակ միջոցը»: Նա շարունակեց իր խօսքը՝ նշելով. «Հայերը տարան բարոյական յաղթանակ: Վարդանանց պատերազմը հայ ազգային-ազատագրական պատմութեան փայլուն էջերից մէկն է: Ցուցաբերւած հայրենասիրութիւնն ու անձնազոհութիւնը հետագայ սերունդների համար դարձան ներշնչանքի աղբիւր: Թող օրհնեալ լինի նրանց յիշատակը եւ նրանց կատարած անմահ գործը»:
Բեմ ելան «Վարդան» դպրոցի մի խումբ աշակերտուհիներ, որոնք Էմմանուէլ Քամարզարեանի «Հայաստան» երգի կենդանի եւ գեղեցիկ կատարման ներքոյ՝ պարեցին շատ գեղեցիկ պար, որը բեմադրել եւ ուսուցանել էր Ալինա Գրիգորեանը. նրանք արժանացան հանդիսատեսի հիացմունքին եւ ծափողջոյններին: Կարճ ընդմիջումից յետոյ՝ միջնակարգ եւ ուղեցոյց օղակների աշակերտ-աշակերտուհիների միջոցով ցուցադրւեց «Վարդանի երազը» բեմադրութիւնը: Բեմադրութիւնը գեղեցիկ էր եւ ուսուցողական: Այն բեմադրել էր, ինչպէս նաեւ սցենարի հեղինակն էր Վարդուհի Պօղոսեանը, իսկ նրան համագործակցել էին ուսուցչական կազմը եւ ծնողական խորհուրդը: Աշակերտ-աշակերտուհիները ներկայացան դերասանի վարպետութեամբ եւ կարողացան իրենց արժանահաւատ խաղով փոխանցել բեմադրութեան միտքն ու բովանդակութիւնը: Բեմադրութիւնը մեծ տպաւորութիւն գործեց ներկաների վրայ. դա էին վկայում նրանց երկար եւ չդադարող ծափահարութիւները:
Ծրագրի վերջում իր հայրական խօսքը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Նա բարձր գնահատեց ծրագրի բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին, որոնց միջոցով փոխանցւեցին Վարդանանքի պատգամը եւ խորհուրդը:
Բարձր գնահատեց նաեւ Հայր Սուրբին՝ բովանդակալից դասախօսութեան համար: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակեց՝ ասելով. «Մեզ համար ամէն օր Աւարայր է եւ մենք պէտք է կարողանանք այնպէս տանել այդ Աւարայրը, որ յաղթական դուրս գանք՝ մեր հաւատով, մեր ինքնութեամբ, անարատ պահելով մեր լեզուն եւ մշակոյթը, պահապան լինելով մեր արժէքներին եւ Յազկերտներին ասել՝ մենք կանք, կը լինենք ու դեռ կը շատանանք»:

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։