Հա

Համայնք

17/03/2012

altՓետրւարի 19-ի կէսօրից յետոյ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը նշեց Բուն բարեկենդանը: Տօնին ներկայ էին՝ Համայնքային վարչութեան ներկայացուցիչները, համայնքի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, միութեան անդամուհիները եւ հիւրեր:

Ծրագիրը բացւած համարելով միութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանին հրաւիրեց բացատրել օրւայ խորհուրդը: Հայր Սուրբը հանգամանօրէն պատմեց այն աւանդոյթների եւ սովորոյթների մասին, որոնք եղել են հնում եւ որոշ չափով հասել են մեզ, բայց քիչ գործածութիւն ունեն մեր օրերում:

alt«Բարեկենդան նշանակում է բարի կենդանութիւն, որի իմաստն է լաւ եւ բարի կեանք, իսկ բարի կեանքը միայն մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսով է եւ նրան հասնելու համար՝ պէտք է մեզ պատրաստենք պահեցողութեամբ եւ ժուժկալութեամբ: Բարեկենդանին յաջորդում է Մեծ պահքը, որը չպէտք է լինի միայն ուտելիքի, նաեւ լեզւի եւ սրտի պահք: Այսինքն՝ պահքը առիթ է, որ անդրադառնանք ինքներս մեզ, ազատւենք մեղքերից եւ մեզ պատրաստենք բարի եւ ուրախ կեանքի»: Եզրափակելով իր խօսքը՝ Հայր Սուրբը գնահատեց Կանանց միութեանը եւ շնորհաւորելով բոլորի Բուն բարեկենդանը՝ ցանկացաւ բարի ու հանգիստ պահեցողութեան շրջան:
Կանանց միութիւնը կազմակերպել էր հետաքրքիր մրցոյթներ, բեմադրել էր զւարճալի եւ ուսուցողական փոքրիկ ներկայացում, եղան՝ տարազների ցուցադրում, ուրախ երաժշտութիւն եւ պարեր: Ներկաներին պարգեւեցին մի քանի ժամւայ ուրախ տրամադրութիւն եւ դրական լիցքեր:

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։