Հա

Համայնք

15/03/2012

Սոյն թւականի մարտի 8-ին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ հայ համայնքը միասնաբար նշեց Կանանց միջազգային օրը, որով սկսւեց նաեւ Հայ կանանց միամսեակի տօնը։ Թէեւ անցեալում ներքին տօնակատարութեամբ այս գեղեցիկ օրը նշւում էր միութեան Երէցական բաժանմունքի նախաձեռնութեամբ, սակայն այս անգամ Մարտի 8-ը միասնաբար նշելու գաղափարը պատկանում էր Մշակութային միաւորի վարչութեանը, որը Երէցական միաւորի վարչութեան ու անդամ-անդամուհիների սերտ համագործակցութեամբ երեկոն դարձրին գեղեցիկ ու անմոռանալի։

Այդ օրը ուշադրութեան կենտրոնում էին կանայք ու աղջիկները։ Մոմերով, ծաղիկներով, քաղցրաւենիքներով ու փուչիկներով նախատեսւած կրպակում ներկաների համար ծաղիկներ նւիրելու հնարաւորութիւն էր ստեղծւել. նախատեսւել էր նաեւ խաղերի կրպակ, իսկ Երէցական բաժանմունքը, ինչպէս միշտ, իր համագործակցութիւնը բերեց բուֆէի դժւարին պատասխանատւութեամբ։
Վերջում կազմակերպիչների անունից շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Նայիրի Թահմազեանը եւ ներկաներին հրաւիրեց կամաւոր կերպով մասնակցել օրւայ առթիւ արտայատւելու մրցոյթին, որից յետոյ լաւագոյն արտայայտւողը պարգեւատրւեց յուշանւէրով։

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։