Հա

Համայնք

14/03/2012

altՆոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութիւնը, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհուրդը երեխաներին հայեցի դաստիարակութիւն տալու եւ նրանց հաճելի պահեր պարգեւելու նպատակով, ինչպէս միշտ, այս տարի եւս փետրւար ամսում եկեղեցական եւ ազգային-աւանդական տօների նշման համար՝ կազմակերպեցին միջոցառումների շարան, որոնց անդրադառնում ենք:

Երկուշաբթի, փետրւարի 13

Այդ օրը Տեառնընդառաջ տօնի առիթով բակում գունաւոր ծաղիկներով զարդարւած աւանդական թուփը բոցավառւեց դպրոցի երկու փոքրիկ սաների միջոցով: Նախքան թուփի բոցավառումը՝ մանուկները եւ նրանց դաստիարակները բոլորւելով բակում տեղակայւած աւանդական թուփի շուրջ՝ ունկնդրեցին եկեղեցական շարականներից մի հատւած՝ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Ջանի սրկ. Ղազարեանի երգեցողութեամբ: Այնուհետեւ, քահանայ հայրը օրւայ առթիւ իր քարոզի մէջ դիմելով մանուկներին դիւրըմբռնելի կերպով բացատրեց Քրիստոսի տաճար ընծայման եւ օրւան առնչւող խորհրդի մասին: Արարողութեանը յաջորդեց աւանդական թուփի բոցավառումը, որը մանուկների խանդավառութեան առաւել բարձրացման պատճառ հանդիսացաւ: Նրանք խարոյկին գամւած հայեացքներով ձեռք-ձեռքի բռնած՝ իրենց ուսուցիչների ընկերակցութեամբ շրջեցին բոցավառւած թուփի շուրջ ու մանկական երգերի կատարմամբ՝ աւարտին հասցրին տօնակատարութիւնը:
altՎերջում դպրոցի սաները հիւրասիրւեցին աւանդական հրուշակով եւ ուսուցիչների օգնութեամբ թռան խարոյկի վրայից:
Չորեքշաբթի, փետրւարի 15
Երեխաներին մեր պատմութեանը ծանօթացնելու նպատակով՝ դպրոցի կողմից ծրագրւում են բազմաբնոյթ միջոցառումներ եւ ծրագրեր, որոնց շարանում Վարդանանց տօնի նախօրէին պատշաճօրէն նշւեց յիշեալ տօնը: Նախ մանուկներին ներկայացաւ «Քանանեան» աղջ. ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սեդա Դիլանչեանը եւ նրանց հետաքրքրութիւնը շարժեց՝ Վարդանանց հերոսամարտի եղելութիւնը մանկական հեքիաթի նման բացատրելով: Ապա օրւայ անակնկալը մատուցւեց երեխաներին եւ սրահ ներս մտաւ զինազգեստներով զգեստաւորւած Վարդան զօրավարը: Ուսուցչուհի Սեդա Դիլանչեանը երեխաներին մանրամասնօրէն բացատրեց զօրավարի զինազգեստի տարբեր բաժինները, իսկ վերջում երեխաները ուշի-ուշով լսեցին Վարդան Մամիկոնեանի խրատները՝ լաւ կրթւելու, քաջ ու հայրենասէր զաւակներ դառնալու եւ մեծերին յարգելու ու լսելու կապակցութեամբ: Միջոցառման աւարտին սաների միջոցով կատարւեցին հայրենասիրական երգ ու արտասանութիւն, որից յետոյ նրանք լուսանկարւեցին Վարդանի հետ՝ նրա ձեռամբ ստանալով հերոսամարտին առնչւող բանաստեղծութիւններից, խաղերից ու նկարներից կազմւած գրքոյկները:

Կիրակի, փետրւարի 19

altԱւանդական Բուն բարեկենդանը, ինչպէս միշտ, նշւեց իւրայատուկ եւ անակնկալներով լի: Տօնի նշման համար բոլոր երեխաները դիմայարդարւեցին եւ զգեստաւորւեցին մեղւի կերպարով եւ լուսանկարւեցին բակում նախատեսւած փեթակի մօտ: Միջոցառման մի այլ բաժնում դպրոցի բակում խաղ ու պարով զբաղւած երեխաներին յանկարծ միացաւ նրանց վաղեմի ու սիրելի բարեկամ ծաղրածուն, որից յետոյ տօնը շարունակւեց առաւել ուրախ եւ հաճելի: Ծրագրի աւարտին երեխաները ծաղրածուից ստացան մեղւի զարդարանքով շրջանակներ, որոնցում տեղադրւած էին իրենց խմբական նկարները:
Յատկանշական է, որ շաբաթական թեմատիկ զրոյցները առաւել դիւրըմբռնելի դարձնելու նպատակով՝ երեխաների համար կազմակերպւել են մի շարք այցելութիւններ, որոնց շարանում մանկապարտէզի մեծ խմբակի սաներն այցելել են՝ հացթխարան, գրադարան, տպարան եւ «Արարատ» միութեան մարզասրահ, իսկ ազգային հաստատութիւններին ծանօթանալու համար՝ այցելութիւն է կատարւել Ս. Ամենափրկչեան վանք, որտեղ նրանք հանդիպել են նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին եւ ունկնդրել նրա հայրական ջերմ խօսքերը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։