Հա

Համայնք

08/03/2012

alt«Ալիք»-ի Շահինշահրի թղթակիցը մի հարցազրոյց է ունեցել նոյն քաղաքի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի հետ, որը տպագրում ենք ստորեւ:

Հ.- Արդէն շուրջ մէկուկէս տարի է, որ որպէս հոգեւոր հովիւ ծառայում էք Շահինշահրում, բայց դեռեւս պաշտօնապէս հանրութեանը չէք ներկայցւել։ Կը պատմէ՞ք ձեր մասին։
Պ.- Ծնւել եմ Լիբանանում 1983 թւականի յուլիսի 1-ին։ Սկզբում սովորել եմ «Սրբոց Քառասնից մանկանց» վարժարանում, յետոյ «Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան» կոլէջում։ 8-րդ դասարանն աւարտելուց յետոյ՝ 13 տարեկանում մտել եմ դպրեվանք։ 19 տարեկանում ձեռնադրւել եմ հոգեւորական, զանազան պաշտօններ եմ վարել կաթողիկոսարանում, վերջին 5 տարիներում վարում եմ հովւական պաշտօններ։

Հ.- Նախքան Շահինշահր գալը՝ որտե՞ղ էք ծառայել։
Պ.- Նախքան Շահինշահր գալս՝ երեք տարի ծառայել եմ Իրանի Ուրմիա քաղաքում՝ որպէս հոգեւոր հովիւ, որից յետոյ վերադարձել եմ Անթիլիաս, նոր պաշտօն եմ ստանձնել, այնուհետեւ մէկ տարուց յետոյ եկել եմ Սպահան եւ նշանակւել Շահինշահրի հոգեւոր հովիւ։

Հ.- Շահինշահրը դեռ երիտասարդ համայնք է, շատ անելիքներ եւ ճանապարհ ունի անցնելու. դուք ի՞նչ կարծիքի էք։
Պ.- Շահինշահրը անցեալում, դժբախտաբար, կղզիացած համայնք է եղել, այսինքն՝ ունեցել է պասիւ հասարակական եւ մշակութային կեանք։ Երիտասարդները զբաղմունք չեն ունեցել։ Առաջին օրւանից, որ եկայ, ցանկացայ փոփոխութիւններ կատարել եւ, բարեբախտաբար, յաջողեցի, որովհետեւ երիտասարդները աւելի շատ են Շահինշահրում եւ այնպիսի երիտասարդներ են, որ պատրաստ են աշխատելու, առաջ գնալու եւ զարգանալու։ Սակայն, տեղ չունէին եւ իրենցով զբաղւող չկար։ Բարեբախտաբար, հիմա, որ աշխատում եմ նրանց հետ, շատ լաւ է առաջ գնում եւ ես աւելի հանգիստ եմ, որ ճիշտ կերպով եմ կատարում իմ առաքելութիւնը։ Ուրախ եմ, որ նրանց հետ ենք, հասկանում ենք եւ ինչ որ չափով տալիս ենք նրանց այն ամէնը, ինչի կարիքն ունեն։

Հ.- Ի՞նչ գործունէութիւն էք ծաւալում երիտասարդների հետ։
Պ.- Ունենք Երիտասարդական յանձնախումբ եւ աւելի պիտի ընդարձակւի, ունենք երիտասարդական նւագախումբ, երիտասարդական երգչախումբ, վերջերս հիմնեցինք նաեւ դպրոցում պարի եւ նկարչութեան դասարաններ, Կիրակնօրեայ դասարաններ՝ տարրական եւ ուղեցոյց օղակների համար, վերջերս նաեւ միջնակարգ օղակի համար։ Ամէն ուրբաթ կամ ուրբաթ ընդմէջ հաւաքւում ենք երիտասարդների հետ եւ զրուցում իրենց յուզող թէ՛ կրօնի, թէ՛ կեանքի, եւ թէ՛ տարբեր հարցերի շուրջ։ Ունենք դպրաց եւ սարկաւագաց դասարաններ եւ յուրախութիւն մեզ 17-19 տարեկան տղաները լաւ ընդառաջեցին, գալիս սովորում են եկեղեցական արարողութիւնները եւ ամէն շաբաթ օր անխափան մասնակցում են արարողութիւնների։ Եւ լաւն այն է, որ երիտասարդութիւնը գալիս է եկեղեցի։ Անցեալում կանգնում էին բակում՝ պատճառաբանելով, որ չեն հասկանում, փոփոխութիւններ կատարեցինք, քարոզներն ասւում են իրենց հասկանալի լեզւով եւ յաջողեցինք։ Ունենք Կանանց հոգեւոր լսարան, ամէն չորեքշաբթի հաւաքւում ենք եւ ունենում ենք կրօնական խորհրդակցութիւններ։ Կազմակերպել ենք նաեւ կանանց եւ աղջիկների համար ձեռագործի դասարաններ։

Հ.- Ինչպէ՞ս առաջացաւ «Նարօտ» երգչախմբի ստեղծման միտքը։
Պ.- Երբ մեծերի հետ պարապում էինք, երեխաները մօտեցան եւ խնդրեցին,որ իրենք եւս մասնակցեն։ Միտքը հետաքրքիր համարելով՝ մտածեցի հիմնել երգչախումբ, սկզբում մտավախութիւն կար, որ կարող է չընդառաջեն, բայց յայտարարութիւն տալու առաջին իսկ օրը 15 հոգի արձանագրւեցին եւ դա արդէն խրախուսանք էր, որ աւելի շատ ընթացքին հետեւեմ եւ սկսեցինք փորձերը՝ նպատակ ունենալով միայն յաջողութիւն։ Առաջին համերգը տւեցինք եւ շատ յաջող էր։ Տարբեր հրաւէրներ ստացանք, ինչպէս նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի տօնին Կրօնական խորհուրդը առաջարկեց մեզ մասնակցել տօնին։ Եւ այս ամէնը քաջալերանք էր երեխաների համար եւ աւելի կապւեցին երգչախմբին։ Իսկ Նոր տարւայ համերգը արդէն շօշափելի փաստ էր, որ «Նարօտ»-ը առաջադիմում է եւ կարող է նւաճել նոր վերելքներ։ Տակաւին գործում ենք, լաւ նպատակներ ունենք հետագայի համար։ Արդէն 36 անդամ-անդամուհիներ ունենք եւ յուսով ենք, որ դեռ աւելանայ։ «Նարօտ» անունը Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը մկրտեց՝ նկատի ունենալով, որ Շահինշահրում առաջին մանկա-պատանեկան երգչախումբն է եւ համարեց, որ դա Շահինշահրի յաջողութեան լծակն է հանդիսանում եւ այդ պատճառով՝ կոչեց «Նարօտ»։

Հ.-Վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգեւատրւեցիք լանջախաչով, որի կապակցութեամբ մէկ անգամ եւս շնորհաւորում եմ Ձեզ, կը պատմէք երբ եւ ինչ պայմաններով է հոգեւորականին լանջախաչ կրելու իրաւունք տրւում։
Պ.- Լանջախաչ կրելու իրաւունքը մեր եկեղեցում տրւում է միայն Վեհափառ Հայրապետի կողմից եւ մէկին, որ վարդապետական կարգ ունենայ։ Կապւած է հոգեւորականի աշխատանքին, ծառայութեանը եւ առաքելութեանը։ Եթէ հոգեւորականը իր ծառայութիւնը եւ առաքելութիւնը կատարում է լաւ եւ ճիշտ կերպով, Արամ Ա Վեհափառը միշտ եւ միշտ գնահատում է իր զաւակներին, քաջալերում է իր հոգեւորականներին՝ իհարկէ, տեսնելով նրանց ժողովրդի հետ շփումը, կապը եւ մանաւանդ նրա հաւատարմութիւնը, որ ունի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հանդէպ։ Անցեալում եւ հիմա էլ Հայաստանում, երբ հոգեւորականը ձեռնադրւում է կուսակրօն քահանայ, անմիջապէս տրւում է լանջախաչ, սակայն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանում Վեհափառը ինքն է որոշում։ Եւ այս առիթով ուզում եմ հրապարակայնօրէն շնորհակալութիւն յայտնել Վեհափառին, որ այս ծանր, բայց քաղցր լուծը դրեց իմ ուսերին։ Վստահ եմ եւ խոստանում եմ, որ արժեւորելու եմ դա իմ գործով նախ ի պատիւ Աստծու, ի պատիւ մեր եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան։

Հ.- Ապագայի համար ի՞նչ ծրագրեր ունէք։
Պ.- Շահինշահրում շատ ծրագրեր ունենք ապագայի համար, սակայն չենք կարող միանգամով կատարել, այլ՝ հանգրւանային։ Ուզում եմ հիմնել երիտասարդական լսարան։ Դրա կարիքը շատ է, որովհետեւ մեր երիտասարդները, որ յաճախում են համալսարաններ կամ պարսկական դպրոցներ, շատ յաճախ հարցեր են ստանում իրենց ուսուցիչներից եւ ընկերներից սակայն կրօնական գիտելիքների պակասի պատճառով՝ չեն կարողանում պատասխանել դրանց։ Լսարանի շնորհիւ՝ ցանկանում եմ երիտասարդութեանը աւելի մօտեցնել իր կրօնին։ Այստեղ դպրոցում դասաւորում եմ այնպիսի սենեակներ՝ տարբեր յարմարութիւններով, որ մեր երիտասարդ-երիտասարդուհիները գան այստեղ զբաղւեն հայկական մթնոլորտում մեր աչքի առաջ եւ մեզ հետ, որպէսզի աւելի մօտենան իրենց մշակոյթին, լեզւին եւ ազգային կեանքին։ Ես էլ ամէն օր նրանց հետ կը լինեմ։ Աւելի շատ պէտք է ուշադրութիւն դարձնենք նրանց, քանզի նրանք են մեր ապագան։

Հ.- Շնորհակալութիւն՝ հարցազրոյցի համար. վերջում ինչ-որ բան ունէ՞ք աւելացնելու։
Պ.- Վերջում ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել այս առիթի համար, որ կարողացայ արտայայտւել Շահինշահրում մեր գործունէութեան մասին, շնորհակալ եմ Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնից, որ ընդհանրապէս ամէն գործ անելուց առաջ խորհրդակցում եմ նրա հետ եւ երբեւիցէ արգելք չի յարուցում, այլ, ընդհակառակը, ընդառաջում եւ համագործակցում է, որովհետեւ գործում ենք Շահինշահրի բարելաւման եւ առաջընթացի համար։ Ուզում եմ շնորհակալութիւնս յայտնել առաջնորդ Սրբազան Հօրը, որը միշտ հօր նման իմ թիկունքում է, հօր նման առաջնորդում եւ օգնում է ինձ իմ գործերում։ Եւ նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում մեր համայնքի երիտասարդութեանը, որ իմ կողքին են, ինձ հետ են, որ միասին հասնենք մեր նպատակին։ նաեւ շնորհակալութիւն ձեզ, որ այս մտայղացումը իրագործեցիք՝ աւելի մօտկից Շահինշահրում մեր ունեցած գործունէութիւնը ծանօթացնելու մեր ժողովրդի զաւակներին։ Վարձքներդ ի կատար եւ յաջողութիւն բոլորին։

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։