Հա

Համայնք

Երեքշաբթի, 14 Փետրւարի 2017 09:20

Երկօրեայ արարողութիւններով Նոր Ջուղայում նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համանանուն եկեղեցու անւանակոչութեան տօները

Փետրւարի 10-ին եւ 11-ին, հոգեզմայլ արարողութիւնների մատուցմամբ ու հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համանանուն եկեղեցու անւանակոչութեան տօները։ Այս մասին տեղակցնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«ԱԼԻՔ» - Փետրւարի 10-ին եւ 11-ին, հոգեզմայլ արարողութիւնների մատուցմամբ ու հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համանանուն եկեղեցու անւանակոչութեան տօները։ Այս մասին տեղակցնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիսաւոր արարողութիւններն իրականացւեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ։

Հոգեւոր արարողութիւնների շարանն սկիզբ առաւ ուրբաթ՝ յետմիջօրէի ժամը 3։00-ին, եկեղեցու շրջափակում՝ աղօրհնէքի եւ ոչխարների զենման ծիսակարգերի կատարմամբ։

Նոյն օրը երեկոյեան ժամը 6։00-ին, տեղի ունեցաւ Հսկումի արարողութիւն, ուր Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց իր պատգամը։

Այնուհետեւ Հայր Սուրբը դիմելով եկեղեցում ներկայ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմի զաւակներին, ովքեր հրաւիրւել էին մասնակցելու Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ սոյն տօնի առթիւ կազմակերպւած զինւորների օրհնութեան կարգին, ասաց «Դուք այստեղ հրաւիրւել էք որպէս Ս. Սարգսի ազգային հերոսի խորհրդանիշ։ Եթէ այսօր դուք ծառայում էք ազգին, երկրին եւ հողին, մենք էլ ձեր կողքին, ձեզանից ուժ վերցնելով՝ ծառայում ենք Աստծուն, եկեղեցուն եւ ժողովրդին»։

Ապա երիտասարդ զինւորները ծնկի եկան խորանի առջեւ՝ օրհնութիւն ստանալու համար, որից յետոյ բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր յանուն թեմի ազգային իշխանութեան ողջոյնի խօսք ասաց Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը։

Շարունակութեան մէջ արտայայտւեց ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, ով իր խորին շնորհակալութիւնը յայտնելով խորհրդին՝ այս գեղեցիկ մտայղացման համար:

Վերջում Հայր Սուրբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների միջոցով  Կրօնական խորհրդի կողմից նւէրներ շնորհւեցին դերզօրավար Արտիկ Մելիքեանին, ներկայ զինւորներին, իսկ բացակայութեան պարագային՝ նրանց ծնողներին։

Փետրւարի 11-ի առաւօտեան, սոյն տօնի առթիւ, ձեռամբ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։ Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։

Պատարագին ներկայ էին նաեւ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ-ուհիները՝ իրենց ուսուցիչների եւ ծնողական խորհրդի ընկերակցութեամբ։

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց Հայր Սուրբը, որից յետոյ նա շնորհաւորանքի խօսք ասաց Ս. Սարգիս Զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, իսկ արարողութիւնների կազմակերպման եւ իրականացման համար գնահատեց հոգեւորականաց ու դպրաց դասերին, Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանը, եկեղեցու տիկնանց յանձնախմբին, հարիսայի պատրաստման յանձնախմբին, երգչախմբին եւ յատկապէս հաւատացեալ ժողովրդին ու տօնի առթիւ մատաղ կամ նիւթական նւէրներով նւիրատւութիւն կատարած անհատներին։

Վերջում Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր օրհնւեց նաեւ պատրաստւած հարիսան եւ  բաժանւեց ժողովրդին։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։