Հա

Համայնք

Շաբաթ, 04 Մարտի 2017 11:10

Համաժողովրդական տօնախմբութիւն՝ Բուն բարեկենդանի տօնի առթիւ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ միութեան Երէցների ու Մշակութային միաւորների համագործակցութեամբ, փետրւարի 26-ին, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն բարեկենդանը:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ միութեան Երէցների ու Մշակութային միաւորների համագործակցութեամբ, փետրւարի 26-ին, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն բարեկենդանը: Այս մասին տեղեկացնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից՝ Երանուշ Թահմազեանը: 

Ներկաներին ողջունեցին օրւայ հանդիսավարուհիներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանը եւ Վանա Շիրւանեանը, որից յետոյ անդրադարձան Բուն բարեկենդան տօնի ծագմանը եւ պատկան ծէսերին ու աւանդոյթներին: Յաջորդիւ դիմակահանդէս-մրցոյթին մասնակցող անձինք հրաւիրւեցին եւ զբաղեցրին շքեղ բեմահարթակի շուրջ նախատեսւած նստարանները, որտեղից հերթաբար բեմ ելան աւելի քան 80 մասնակիցներ եւ ցուցադրեցին հետաքրքիր մտայղացումներով պատրաստւած տարազներ ու կերպարներ: Բեմահարթակի յարդարումը եւ տարազների ներկայացման բաժինը իրականացւեց Մշակութային միաւորի միջոցով: Ներկայացւած տարազները եւ կերպարները ժիւռի կազմի գնահատմամբ, ըստ կերպարի մտայղացման, ճաշակի եւ տարած աշխատանքի ստացան գնահատականներ: Գնահատականների ամփոփումից յետոյ ամենից շատ միաւոր հաւաքած տարազները յայտարարւեցին որպէս լաւագոյններ եւ պարգեւատրւեցին: Ոչ մրցութային բաժնում հանդէս եկան նաեւ մեծ թւով տարազաւորներ, այդ թւում մեծ ուշադրութիւն գրաւեց աշխարհի ստեղծման եօթ օրերը ներկայացնող կերպարների խումբը:  

Հանդիսութեան ընթացքում բազմահարիւր ներկաներ վայելեցին Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշատեսակները, աղանձը, քաղցրաւենիքները եւ այլ ուտեստները: 

Նշենք, որ միաւորը կազմակերպել էր նաեւ դիմակների վաճառք, ինչպէս նաեւ նախատեսւել էր դիմայարդարման կրպակ, համագործակցութեամբ Մառիէտ Աբէլեանի եւ Անաշիա Մելիքեանի: Նախատեսւել էր նաեւ Յովհաննէս Թումանեանի «Բարեկենդան» հեքիաթի կերպարներով զարդարւած տաղաւար՝ լուսանկարւելու համար:  

Ժիւռիի կազմը ներկայացնում էին Ալենուշ Մարտոյեանը, Վիոլէտ Թորոսեանը, Հերմինէ Վարդանեանը եւ Էլենա Փուլադեանը:

  

Լուսանկարները՝ հեղինակի

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։