Հա

Համայնք

Երեքշաբթի, 07 Մարտի 2017 12:20

Տեառնընդառաջի, Վարդանանքի ու Բուն բարեկենդանի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանում

Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համար փետրւար ամիսն առանձնայատուկ նշանակութիւն ունի, քանի որ նրանց համատեղ ջանքերի շնորհիւ շուրջ 15 օրերի ընթացքում տօնւում են հայ եկեղեցու եւ ազգային-աւանդական կարեւոր տօներից Տեառնընդառաջը, Վարդանանքն ու Բուն բարեկենդանը։

«alikonline.ir» - Հայոց դպրոցն ու հայեցի դաստիարակութիւնը շաղկապւած երեւոյթներ են։

Հայոց դպրոցում մատաղ սերնդի հոգում սերմանւում են մեր ազգային ու հոգեւոր արժէքները՝ ինչը համարւում է հայկական վարժարանների առաջնահերթ առաքելութիւնը։

Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համար փետրւար ամիսն առանձնայատուկ նշանակութիւն ունի, քանի որ նրանց համատեղ ջանքերի շնորհիւ շուրջ 15 օրերի ընթացքում տօնւում են հայ եկեղեցու եւ ազգային-աւանդական կարեւոր տօներից Տեառնընդառաջը, Վարդանանքն ու Բուն բարեկենդանը։ Դպրոցի պատասխանատուների համար նշւած տօները լաւագոյն առիթն են հանդիսանում, որպէսզի հետաքրքիր միջոցառումների կազմակերպմամբ կատարեն իրենց առաքելութիւնը՝ երեխաներին հայեցի կրթելու եւ նրանց հայկական արժէքներին հաղորդ դարձնելու ուղղութեամբ։

Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց երկուշաբթի՝ փետրւարի 13-ի առաւօտեան։  Տօնի առթիւ դպրոց այցելեցին Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու Ալբերտ սրկ. Ղազարեանը։ Տօնակատարութիւնն սկիզբ առաւ դպրոցի բակում՝ տօնին առնչւող շարականների եւ Տէրունական աղօթքի կատարմամբ։ Այնուհետեւ դպրոցի կրտսերագոյն եւ աւագ աշակերտները քահանայ հօր հետ միասնաբար բոցավառեցին զարդարւած աւանդական թուփը։ Աւարտին բոլորը միմեանց ձեռքերը բռնած շրջելով բոցկլտող խարոյկի շուրջ՝ երգեցին եւ ուրախացան, հիւրասիրւեցին համեղ հրուշակով, իսկ մանուկները ուսուցչուհիների օգնութեամբ թռան խարոյկի վրայից։

Սրբոց Վարդանանց յաղթանակի տօնը նշելու համար՝ չորեքշաբթի փետրւարի 22-ի առաւօտեան, մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան հրաւէրով դպրոց այցելեց «Արմէն» տարրական կրթահամալիրի ուսուցչուհի Արմինէ Սիմոնեանը։ Նա սկզբում դիւրին բացատրութեամբ անդրադարձաւ Վարդան Մամիկոնեանի ու նրա քաջարի զինւորների սխրագործութիւններին՝ երեխաներին շեշտելով՝ կրօնի եւ հայկական արժէքների պահպանման կարեւորութիւնը։ Շարունակութեան մէջ երեխաներին ներկայացաւ «Վարդան զօրավար»-ը, որի զինազգեստի մասին առաւել բացատրութեամբ հանդէս եկաւ ուսուցչուհի Սիմոնեանը։ Միջոցառումը եզրափակւեց սաների հայրենասիրական երգերի կատարմամբ եւ Վարդան զօրավարի խրատական խօսքերով, ով յորդորեց ամէն գնով պահպանել հայրենիքը եւ մայրենի լեզուն։

Բուն բարեկենդանի տօնը նշւեց կիրակի՝ փետրւարի 26-ի առաւօտեան՝ հաճելի եւ անակնկալներով յագեցած մի միջոցառմամբ։ Բոլոր սաներն ընդունել էին գեղանկարչի կերպար՝ համապատասխան դիմայարդարմամբ ու գլխարկներով։ Օրն անցաւ բուռը խանդավառութեամբ։ Սաներն առանձնաբար լուսանկարւեցին, ապա բակում դիմաւորեցին երկու ծաղարծուների, ովքեր իրենց չարաճճի արարքներով մթնոլորտն առաւել զւարճալի դարձրին։ Վերջում ծաղրածուների միջոցով աշակերտներին բաժանւեցին քաղցրաւենիքի կապոցներ։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։