Հա

Համայնք

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 09:10

Արեւագալի արարողութիւն՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում

Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցը ղեկավարող Հայ կանանց գթութեան միութիւնը, սոյն կենտրոնի տարեց բնակիչներին հոգեւոր սնունդ մատակարարելու նպատակով՝ թեմիս հոգեւորականաց դասի հետ համագործակցաբար, ծերանոցի յարկի ներքոյ իրականացնում է զանազան ժամերգութիւններ՝ եկեղեցական տարբեր տօների ու արարողութիւնների շրջագծում։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցը ղեկավարող Հայ կանանց գթութեան միութիւնը, սոյն կենտրոնի տարեց բնակիչներին հոգեւոր սնունդ մատակարարելու նպատակով՝ թեմիս հոգեւորականաց դասի հետ համագործակցաբար, ծերանոցի յարկի ներքոյ իրականացնում է զանազան ժամերգութիւններ՝ եկեղեցական տարբեր տօների ու արարողութիւնների շրջագծում։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս ծիրում, երեքշաբթի՝ մարտի 21-ի առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, քահանայից ու դպրաց դասերի ներկայացուցիչների եւ Կանանց հոգեւոր լսարանի ու «Շուշանիկ» երգչախմբի անդամուհիների տեղի ունեցաւ Արեւագալի հոգեպարար արարողութիւնը։ Կարգին ներկայ էին ծերանոցի բնակիչներն ու աշխատակազմը, ինչու չէ նաեւ Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան ներկայացուցիչները։

Արարողութեան աւարտին Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին։ Նա իր ելոյթի սկզբնական բաժնում բարեբախտութիւն համարելով այն փաստը, որ Մայրերի տօնի նախաշեմին ծերանոց կատարած իր այս այցով մի անգամ եւս առիթ ունեցաւ հանդիպելու սոյն հաստատութեան յարկի ներքոյ բնակւող մայրերին, կերեւորութեամբ շեշտեց՝ հայ մայրերը ոչ միայն իրենց սեփական ընտանիքների, այլեւ ամբողջ ազգի մայրերն են։ Այնուհետեւ Հայր Սուրբը նշելով, որ ցանկացած օջախ աղօթքով վերածւում է փոքրիկ եկեղեցու, ընդգծեց, թէ քիչ առաջ մատուցւած ժամերգութիւնը յաւելեալ Աստւածային օրհնութիւն եւ շնորք կը պարգեւի բոլորիս՝ մեր մայրիկների մասնակցութեան շնորհիւ։ Կաթողիկոսական փոխանորդը դրւատանքի խօսք ուղղեց ծերանոցը ղեկավարող միութեան անդամուհիներին՝ տարեց բնակիչների նկատմամբ ցուցաբերած հոգածութեան համար։

Աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ, ուր հնչեցին երգեր, իսկ ողջոյնի խօսքերով ու բարեմաղթանքներով արտայայտւեցին Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանն ու «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի ղեկավար Անուշ Յովհաննիսեանը. վերջում ժամերգութեան եւ այցի իրականացման համար շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Ն. Ջ. Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։