Հա

Համայնք

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 13:40

Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, հանդիսութեամբ նշւեց կիրակի՝ ապրիլի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում։

«alikonline.ir» - Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, հանդիսութեամբ նշւեց կիրակի՝ ապրիլի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Իւրաքանչիւր եկեղեցում պատկան ծխատէր քահանայ հօր ձեռամբ մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, իսկ ընթացքում հնչեց տօնի առնչութեամբ քարոզը։ Յաւարտ ս. պատարագի շարականի երգեցողութեամբ, եկեղեցիների շրջափակում իրականացւեց աւանդական թափօրը՝ քահանայ հայրերի գլխաւորութեամբ եւ հաւատացեալ ժողովրդի՝ ի մասնաւորի մանուկների մասնակցութեամբ։ Ս. Յովհաննու եկեղեցու պատարագին ներկայ գտնւեցին եւ աւանդական թափօրին մասնակից դարձան Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաները եւ «Արմէն» երկսեռ կրթահամալիրի երկրորդ ու չորրորդ դասարանների աշակերտ-ուհիներիը՝ պատկան ուսուցիչների ու պատասխանատուների ուղեկցութեամբ։

Յատկանշական է, որ ս. պատարագից առաջ, բոլոր եկեղեցիներում օրհնւեցին պատկան Տիկնանց յանձնախմբի միջոցով պատրաստւած ուռենու եւ ձիթենու ճիւղերը, որոնք արարողութեան ընթացքում բաժանւեցին ներկաներին։

Նոյն օրը երեկոյեան ժամը 5։30-ին, վերոնշեալ եկեղեցիներում իրականացւեց նաեւ  Դռնբացէքի արարողութիւնը։

Ս. Յովհաննու եկեղեցու արարողութիւնը նախագահեց եւ կատարեց Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը. ժամերգութեանը մասնակցել էր նաեւ նոյն եկեղեցու ծխատէր քահանայ հայր Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, իսկ շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի։

Բազմաթիւ աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Հայր Սուրբը Ս. Խորան բարձրացաւ եւ փակ վարագոյրի առջեւ ծնկի եկած, բախեց երկնային արքայութեան դռները եւ բարձրեալ Աստծուց իր գթառատութիւնն ու ողորմածութիւնը հայցեց, որպէսզի նա ընդունի մեր բոլորի ապաշխարանքն ու պահեցողութիւնը եւ մեզ արժանի դարձնի իր երկնային արքայութեան մէջ օթեւանելու։ Վերջում բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը՝ որպէս խորհրդանիշ այն իրողութեան, որ ապաշխարութեամբ բացւելու են երկնքի արքայութեան դռները։

Այնուհետեւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին։ Նա իր խօսքում անդրադառնալով դատաստանի օրւան՝ նշեց, որ Աստծոյ ճանապարհն ընտրած իսկական հաւատացեալները մեծ ցնծութեամբ են սպասում այդ օրւան, իսկ Աստծոյ պատւիրաններին ու օրէնքներին հակառակ ընթացք բռնած անհատների համար դատաստանի օրւայ գալստեան ահազանգը սարսափելի երեւոյթ է։ Հայր Սուրբը յորդորեց՝ երկրորդ խմբին չպատկանելու եւ դատաստանի օրից չսարսափելու համար՝ սրբագրել ներաշխարհը եւ փոխել ընթացքը՝ իսկական զղջումով ու ամբողջական ապաշխարութեամբ. քանի որ դա է Աստծոյ գթութիւնը, ներողամտութիւնը եւ օրհնութիւնն ստանլու բանալին։ 

Վերոնշեալ երկու արարողութիւններին մասնակցել էին հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։