Հա

Համայնք

22/04/2017 - 10:30

Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

Աւագ շաբաթւայ ընթացքում եւ Ս. Յարութեան տօնի առթիւ Նոր Ջուղայի բոլոր թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, մատուցւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւններ՝ պատկան ծխատէր քահանայ հայրերի ձեռամբ. Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին։

«alikonline.ir» - Աւագ շաբաթւայ ընթացքում եւ Ս. Յարութեան տօնի առթիւ Նոր Ջուղայի բոլոր թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, մատուցւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւններ՝ պատկան ծխատէր քահանայ հայրերի ձեռամբ. Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: 

Ստորեւ ներկայացնում ենք Հայր Սուրբի նախագահութեամբ իրականացւած արարողութիւնները։

 

Աւագ երեքշաբթի՝ Տասը կոյսերի յիշատակի օր 

Ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ առթիւ, Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու ժամերգութեանը, որը մատուցեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը։

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի ու «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութիւնների համագործակցութեամբ, սոյն դպրոցների աշակերտուհիները զանազան եկեղեցիներում մարմնաւորեցին առակի տաս կոյսերին։ Ս. Աստւածածին եկեղեցու արարողութեանը մասնակցել էին «Քանանեան» դպրոցի աշակերտուհիները։ 

Կարգի ընթացքում, վերջին ընթերցման պահին, առակի տաս կոյսերի դերը մարմնաւորող երիտասարդուհիները, վառւած մոմեր իրենց ձեռքում պահած կանգնեցին եկեղեցու դասի առջեւ եւ նրանցից հինգը, որոնց ոչ-իմաստուն վիճակն էր բաժին հասել, մարեցին իրենց մոմերը։

Այնուհետեւ ներկաներին ու յատկապէս արարողութեան թատերական բաժնի կատարողներին իր պատգամը փոխանցեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Նա իր խօսքն ուղղելով երիտասարդուհիներին ասաց, որ կեանքի ճիշտ ընթացքն ընտրելու համար հարկաւոր է ունենալ իմաստութիւն, որը գալիս է կեանքի փորձառութիւնից եւ յորդորեց՝ փորձառութիւնն անձնական սխալների հաշւին աւելացնելու փոխարէն, օգտւել ծնողների, ուսուցիչների եւ հոգեւոր հայրերի կեանքի փորձառութիւններից ու դրանցից բխած իմաստութիւնից։

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը վերջում մարած մոմերով աղջիկներից ուզեց մօտենալով միւս հինգին, իրենց մոմերը վառեն նրանց մոմերով՝ ի նշան այն իրողութեան, որ նրանց մէջ յիմար անձ գոյութիւն չունի։

 

Աւագ հինգշաբթի՝ Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակի օր

Ապրիլի 13-ի առաւօտեան, Աւագ հինգշաբթի օրւան յատուկ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ ի յիշատակ «Վերջին ընթրիք»-ի պահին Յիսուս Քրիստոսի միջոցով իր մարմինն ու արիւնը խորհրդանշող Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման:

Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար երկու եկեղեցիներում եւս ներկայ գտնւեց եւ նախագահեց ս. պատարագին: Արարողութեանը մասնակցելու եւ օրւայ խորհրդին հաղորդ դառնալու համար՝ ժողովրդից բացի՝  Ս. Ստեփանոս եկեղեցում ներկայ էին հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի սաները, իսկ Ս. Մինաս եկեղեցում՝ «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի աշակերտուհիները:

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն օրւան պատշաճ իր քարոզում հիմնականում դիմելով ներկայ աշակերտութեանը՝ մատնանշեց հոգեւոր ծնողների՝ կնքահօր եւ ծխատէր քահանայ հօր դերն ու ներկայութիւնը իւրաքանչիւրի կեանքում՝ կարեւորելով յատկապէս նրանց հետ ժամանակ անցկացնելը եւ նրանց փորձառութիւններից օգտւելը: 

Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Ս. Մինասում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը։

Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Հայր Սուրբը նախագահեց Ս. Ստեփանոս եկեղեցու Ոտնլւայի կարգին, որին մասնակցել էր նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը։ 

Սոյն ժամերգութեան համար նոյնպէս Կրօնական խորհուրդը հարկ եղածը դասաւորել էր աշակերտների մասնակցութիւնն ապահովելու ուղղութեամբ, որի եւ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան համագործակցութեան արդիւնքում, այս տարի թաղային բոլոր եկեղեցիներում հոգեւոր հայրերը լւացին սոյն դպրոցի աշակերտների ոտքերը:

Գերպ. Տ. Սւփան ծ. վրդ. Քէչէճեանն աւարտին, իր խօսքում ընդգծեց այն փաստը, որ Ոտնլւայի ընթացքում առ Աստւած բարձրացւած մեր աղօթքում, խնդրում ենք Բարձրեալին՝ զոբային մշտիկի միջոցով եւ Ոտնլւայի արարողութեամբ ոչ միայն մաքրի մեր մարմինն ու ոտքերը, այլեւ մանաւանդ մաքրի ու սրբի մեր մտքերը, սրտերն ու հոգիները:

Երեկոյեան ժամը 7։30-ին, Ոտնլւայի արարողութեանը յաջորդեց Խաւարման հսկումի կարգը Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ հայր Սուրբի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի մասնակցութեամբ։

Ժամերգութեան ընթացքում «Ո՞ւր ես մայր իմ» յուզիչ երգից յետոյ, մթութեան եւ լռութեան մէջ, ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց, գերպ. Հայր Սուրբը, ուր  անդրադառնալով Խաւարման կարգում ընդգրկւած առաջին շարականի սկզբնական տողին, որտեղ ասւած է. «Այսօր աստւածային ընթրիքի՝ քո ճշմարիտ նոր ուղտի կատարումն է», ակնարկ ունեցաւ նաեւ Ադամի ու Եւայի դրախտից արտաքսման պատմութեանը եւ ասաց, որ հազարամեակներ շարունակ մարդը չկարողացաւ վերջնականօրէն մի կողմ դնել չարութիւնը, մեղքը, սուտը եւ դրանց թագաւորին՝ սատանային. ուստի այսպիսի իրավիճակում անխուսափելի դարձաւ աստւածային միջամտութիւնը եւ Աստւած այնքան էր սիրում մարդուն, որ աշխարհ ուղարկեց իր միածին որդուն՝ որպէս մարդկութեան փրկագին։

Հայր Սուրբն իր պատգամի շարունակութեան մէջ անդրադառնալով Վերջին ընթրիքին ու Յուդայի մատնութեանը, կոչ արեց բոլորին, որ իրենք իրենց հարց տան՝ արդեօք ճիշտ կենցաղ են վարո՞ւմ, թէ չարի ու ստի թագաւոր սատանայի ստրուկներն են դարձե՞լ։ Նա յորդորեց՝ սատանայի ստրուկը լինելու պարագային, ապաշխարել, վերադառնալ սխալ ուղուց եւ հայեացքն ուղղել դէպի ճշմարիտ ու աստւածային ճանապարհ՝ երկնային արքայութեանը հասնելու համար։

 

Աւագ ուրբաթ՝ Յիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան յիշատակի օր

Ապրիլի 14-ի երեկոյեան ժամը 6։30-ին, Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի թաղման կարգը միայն կատարւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, նախագահութեամբ Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի հոգեւորականց ու դպարց դասերի։

Եկեղեցու դասի կենտրոնում, Ս. Խորանի մօտ, Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող սեղանի առջեւ, հոգեւորականաց դասի անդամներն առանձնաբար ընթերցեցին մեսիական չարչարանքներին ու զոհագործութեանն անդրադարձող աւետարանական հատւածները, ապա ծնկի գալով սոյն գերեզմանի առջեւ երգեցին «Սուրբ Աստւած»-ը։ 

Հայր Սուրբն օրւայ առթիւ իր քարոզում բնաբան ունենալով Քրիստոսի գալստեան մասին վկայութիւն տւած Երեմիա մարգարէի «Տէր ճանաչել տուր ինձ եւ ես կը ճանաչեմ» խօսքը՝ ասաց, որ Քրիստոսի մասին մարգարէների կատարած վկայութիւնները դարեր յետոյ իրականութիւն դարձան հենց Քրիստոսի միջոցով։ Նա նշելով, որ Քրիստոսն աստւածային զօրութեամբ ու ճանաչողութեամբ ընտրեց իր աշակերտներին եւ անգամ աշխարհի ու մարդկութեան փրկութեան համար զոհաբերւելու նպատակով ընտրեց Յուդային, ընդգծեց, թէ Քրիստոսն իր անձը զոհաբերելով դարձաւ մեր տէրը, փրկիչը, առաջնորդն ու ուսուցիչը։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ շեշտելով, որ ճանաչողութեան կարողութեամբ կարող ենք հեռու մնալ նեղութիւններից, տառապանքներից ու նենգամտութիւնից, յորդորեց՝ նման կարողութիւն ունենալու դէպքում այն ի գործ դնել Աստծուն ճանաչելու ճանապարհին՝ մեր նկատմամբ ունեցած նրա հայրական սէրը տեսնելու համար։

Վերջում հաւատցեալները մօտենալով խորհրդանշական գերեզմանին՝ վերցրին այնտեղի ծաղիկներից, որպէսզի դրանց միջոցով իրենց բնակարանները տանեն Քրիստոսի կողմից շնորհւած նոր կեանքի անուշ բոյրն ու գեղեցկութիւնը։

 

Ճրագալոյց Ս. Զատկի եւ Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօներ

Ս. Զատկի Ճրագալոյցին, շաբաթ՝ ապրիլի 15-ի երեկոյեան, Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ս. եւ անմահ պատարագին, որը մատուցւեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ։

Ընթացքում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Ս. Յարութեան տօնի պատգամը՝ «Ապրել ու վկայել Քրիստոսի յարութիւնը» խորագրով։

Ահա մի հատւածի մէջբերում Վեհափառ Հայրապետի պատգամից։

«Քրիստոսի յարութեամբ զօրացած պէտք է պայքարենք մոլորեցուցիչ ուսուցումների դէմ։ Պատմութեան ընթացքում բազմաթիւ հերետիկոսութիւններ փորձեցին եկեղեցու վկայութիւնը լռեցնել։ Իրենք լռեցին։ Ճմարտութիւնը կարելի է հալածել, նոյնիսկ խաչել, բայց կարելի չէ գերեզմանել։ Այսօր եւս շրջապատւած ենք տեսանելի եւ ոչ-տեսանելի հերետիկոսութիւններով։ Քրիստոնեան պէտք է մերժի չարը եւ դառնայ գործակիցը բարու, պէտք է մերժի խաւարը եւ դառնայ առաքեալը լոյսի, պէտք է մերժի կեղծը եւ դառնայ դրօշակիրը ճշմարտութեան»։

Վերջում ներկաները հաղորդութիւն ստացան, ապա ստանալով Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան աւետիսը, իրենց հետ տուն տարան արարողութիւնից ստացած օրհնութիւնը։

Յաջորդ օրը, կիրակի՝ ապրիլի 16-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնի՝ Ս. Զատկի առթիւ, հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։ Արարողութեանը մասնակցել էր նաեւ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը։

Յընթացս ս. պատարագի Հայր Սուրբն «Յարութեան յաղթանակ՝ հնազանդւելով աստւածային պատւիրաններին» խորագրով իր պատգամն ուղղեց հոծ բազմութեանը, ուր անդրադառնալով քրիստոսի խաչելութեանն ու յարութեանը եւ յատկապէս մերօրեայ ժամանակաշրջանում մարդ արարածի ամբողջովին աշխարհական դառնալու փաստին, ասւած էր. «Թող յարութեան այս տօնը լաւագոյն առիթը նկատւի, որպէսզի անդրադառնանք մեր ընթացքին եւ ուղղութեանը։ Վեհափառ Հայրապետի հռչակագրով որոշւած «Ինքնաքննութեան եւ ինքնասրբագրութեան», բայց մանաւանդ՝ «Վերանորոգութեան» տարին գործադրելու յարմարագոյն առիթը, եթէ արդէն իսկ չենք սկսել, թող այս Զատկւայ տօնը լինի։ Եկէ՛ք միասնաբար, ազգովի՝ որպէս մէկ սիրտ եւ մէկ հոգի, մէկ միտք եւ մէկ կամք, մեր տիպար օրինակը դարձնենք մեր հրաշափառ յարուցեալ Տիրոջն ու Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին եւ Աստւածորդու քայլերին հետեւելով՝ ընթանանք Աստծու ճանապարհով …»:

Հայր Սուրբի պատգամն ընթերցւեց նաեւ թեմիս միւս եկեղեցիներում՝ Ս. Յարութեան տօնի արարողութեան ընթացքում՝ պատարագիչ հայրերի միջոցով։

Յատկանշական է, որ բոլոր արարողութիւններին խուռներամ մասնակցութիւն ցուցաբերեց Նոր Ջուղայի հաւատացեալ ժողովուրդը։

Աւագ ուրբաթ օրւայ ժամերգութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ, իսկ Աւագ Հինգշաբթի առաւօտեան, Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան տօնի առթիւ մատուցւած ս. եւ անմահ պատարագների, ինչու չէ նաեւ Խաւարման կարգի ընթացքում՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։

Նշենք նաեւ, որ կիրակի՝ երեկոյեան ժամը 6-ից, գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց ազգայինների եւ համայնքի անդամների շնորհաւորանքները՝ Ս. Յարութեան տօնի կապակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։