Հա

Համայնք

Երեքշաբթի, 06 Յունիսի 2017 14:00

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 99-ամեակին նւիրւած տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում

Աւելի քան վեց դար շնչահեղձ գերութիւնից յետոյ, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակներով պսակւած Հայաստանի Հանրապետութեան 99-ամեակի առթիւ, չորեքշաբթի՝ մայիսի 31-ի երերկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում կազմակերպւեց հանդիսաւոր տօնախմբութիւն։

«alikonline.ir» - Աւելի քան վեց դար շնչահեղձ գերութիւնից յետոյ, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակներով պսակւած Հայաստանի Հանրապետութեան 99-ամեակի առթիւ, չորեքշաբթի՝ մայիսի 31-ի երերկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում կազմակերպւեց հանդիսաւոր տօնախմբութիւն։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Երեկոն սկիզբ առաւ հաղորդավար Արթին Քեշիշեանի բացման խօսքով։
Ահա մի հատւածի մէջբերում բացման խօսքից.
«Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը հիմնադրւեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում եւ գոյատեւեց մինչեւ 1920 թւականի դեկտեմբերի 2-ը։ Հակառակ իր կարճատեւ կեանքին՝ սոյն Հանրապետութիւնն իր անգնահատելի եւ առանցքային դերակատրութիւնն ունեցաւ հայկական պետականութեան շարունակականութեան գործում։ Մայիսի 28-ը հայ Ժողովրդի համար հանդիսացաւ՝ որպէս նոր կեանքի սկիզբ»։
Այնուհետեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, հնչեցին Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը եւ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ու թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ։
Տօնակատարութեան պաշտօնական բաժնի շարունակութեան մէջ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ Թաթուլ Օհանեանը, Վարուժ Մինասեանն ու Վարուժ Մովսիսեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը եւ երեկոյի բանախօս Հայաստանից հրաւիրւած ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Սիմոնեանն ընդունեցին աւանդոյթ դարձած հանդիսաւոր շքերթը՝ մասնակցութեամբ թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու երգչախմբերի վարչութիւների, երիտ-պատանեկան միութիւնների անդամների, հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու անձնակազմերի, ՀՀ հիմնադրման 99-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների:
Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Սիմոնեանը, ով անդրադառնալով Մայիսեան յաղթական հերոսամարտերին՝ ինչու չէ նաեւ դրանց արդիւնքում Հայաստանի պետականութեան վերականգման գործին, 1918 թւականի Մայիսի 28-ը համարեց՝ որպէս հայ ժողովրդի փրկութեան, վերածննդի, միասնականութեան, համազգային հոգու յաղթանակի եւ նոր կեանքի ու ժամանակների տօն, որի շնորհիւ վերջնականապէս փակւեցին մեր դարաւոր ստրկութեան դռները եւ սկիզբ առաւ հայկական պետականութիւնների պատմական դարաշրջանը։
Բանախօսն իր ելոյթի շարունակութեան մէջ յիշելով հայկական պետականութիւնը վերականգնող սերնդի խորհրդանիշ Արամ Մանուկեանի վճռորոշ եւ առանցքային դերակատարութիւնը՝ հայկական պետականութեան վերականգնման գործում, կոչ արեց՝ հետեւելով Արամին հաւատալ, որ լուծւելու են մեր ազգային խնդիրները, որ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը անիրկանանալի երազանք չէ. պարզապէս այդ ուղղութեամբ անհրաժեշտ են հաւատ, նւիրում եւ անձնազոհութիւն։
Պրն. Սիմոնեանն իր խօսքի աւարտին ընդգծելով վերջին 27 տարիների ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հայրենիքում ծաւալած գործունէութիւնը՝ յաւելեց. «Նորանկախ Հայաստանում Դաշնակցութիւնն իր գործունէութիւնն սկսել է երեք նշանաբանով՝ Արցախ, արդարութիւն եւ միասնութիւն։ Դաշնակցութիւնը կանգնեց հայկական 3-րդ Հանրապետութեան եւ Արցախի անկախ պետականութեան կերտման ակունքներում։ Այսօր եւս Արցախը Դաշնակցութեան գերխնդիրն է … Այն ինչ ձեռք ենք բերել եւ շարունակում ենք պահել արեամբ ու պատրեարազմով, չենք կարող կորցնել քաղաքական-քարոզչական եւ դիւանագիտական ճակատներում։ Հիմա առաւել քան երբեւէ անհրաժեշտ է մեր միասնական լինելը, քանզի ամէն վայրկեան կարելի է պայթել փոթորիկը, ինչպէս մէկ տարի առաջ»։
Տօնի առթիւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը։ Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը նշեց, որ 99 տարիներ առաջ, երբ արդէն դաշոյնահարւում էր մեր երկրի տրոփող սիրտը՝ Երեւան մայրաքաղաքը, Աստծոյ ողորմութեամբ ու օրհնութեամբ թշնամու կողմից հայ ժողովրդի համար նախատեսւած վերջին գերեզմանը վերածւեց նոր օրօրոցի, եւ մենք կենաց ու մահու պայքարից յաղթական ու փառապանծ դուրս եկանք՝ արդիւնքում ձեռք բերելով մեր ժողովրդի փրկութիւնն ու կերտելով Հայաստանի Հանրապետութիւնը։ Նա փառք տալով Աստծուն, որ այսօր վայելում ենք ազատ եւ անկախ հայրենիքը, աղօթեց Բարձրեալին՝ մեր ոտքի տակ գտնւող հայրենի հողն ու մեր գլխի վերեւ ծածանւող եռագոյն դրօշը, ոչ միայն լինեն հայ ազգի գոյատեւման վկաները, այլեւ դառնան մեզ դէպի առաւել փայլուն, պայծառ ու բարգաւաճ ապագայ առաջնորդող ուղենիշը։
Ներկաների տօնական խանդավառութիւնը կրկնապատկւեց երեկոյի գեղարւեստական բաժնում, ուր հնչեցին ազգային-յեղափոխական երգեր՝ Հայաստանից ժամանած երգիչ Աղասի Իսպիրեանի մենակատարմամբ։ Երգչին կենդանի նւագակցութեամբ ընկերակցում էին Վարդան Կարապետեանն ու Արայիկ Միրզախանեանը։ Աւանդոյթի համաձայն միջոցառումը եզրափակւեց հրավառութեամբ։

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։