Հա

Համայնք

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 10:50

Երիտասարդ գրաֆիստ-արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագորութիւնները՝ «Ձեռքով տպագրութիւն» արւեստի ոլորտում

Վերջերս երիտասարդ արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագործութիւնները մեծ ուշադրութեան են արժանացել արւեստասէր խաւի կողմից։ Իրանահայ համայնքի այս արժանի զաւակը, իր արւեստն ամբողջութեամբ ի գործ է դրել հայկական մշակոյթը միւս ազգութիւններին առաւել ճանաչեցնելու ուղղութեամբ։ 

«alikonline.ir» - Վերջերս երիտասարդ արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագործութիւնները մեծ ուշադրութեան են արժանացել արւեստասէր խաւի կողմից։ Իրանահայ համայնքի այս արժանի զաւակը, իր արւեստն ամբողջութեամբ ի գործ է դրել հայկական մշակոյթը միւս ազգութիւններին առաւել ճանաչեցնելու ուղղութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Գեղանին ծնւել է 1993 թւականին, Նոր Ջուղայում եւ իր տարրական ու միջնակարգ կրթութիւնն ստացել տեղի հայոց ազգային դպրոցներում։ Այնուհետեւ ընդունւելով «Սեփեհր» համալսարանի գրաֆիկ ճիւղում՝ ուսումը գերազանց աւարտել է լիսանսի մակարդակով։ Նա համալսարանական դասապահերին զուգահեռ, զբաղւել է զանազան ձեռքի աշխատանքներով, որոնց շրջագծում էլ, շուրջ երեք տարի առաջ ծանօթացել է ձեռքով տպագրութեան արւեստին։

Արւեստի այս բնագաւառում հեղինակը նախ իր ցանկացած պատկերը փորագրում է փայտի կամ լինոլէոմ հումքի վրայ, ապա բարդ եւ ժամանակատար աշխատանքի արդիւնքում, փորագրւած հումքից պատրաստում շաբլոն, որի միջոցով յատուկ թղթերի վրայ կարողանում է տպագրել իր նախատեսած պատկերը։ Պղնձէ հումք ընտրելու պարագային, փորագրութիւնը կատարւում է թթւի միջոցով, որը նոյնպէս դժւար աշխատանք է։

Գեղանիի ձեռքի տպագրութիւններն այնպիսի բարձր որակ ունեն, որոնց դիտելիս հանդիսատեսին թւում է, թէ ցուցադրւած պատկերը գծագրութիւն է։

Երիտասարդուհին իր ձեռքի աշխատանքները ներկայացրել է երկրի մակարդակում անցկացւած մի շարք միջոցառումներին, ինչու չէ նաեւ Իրանում Փղոսկրեայ Ափ երկրի դեսպանատան կազմակերպած երկրորդ եւ երրորոդ փառատօններին՝ արժանանալով կազմակերպիչների բարձր գնահատակններին ու հանդիսատեսի լայն ուշադրութեանը։

Գեղանի Առաքելեանը արւեստասէր խաւի մօտ փայլել է նաեւ իր համալսարանի աւարտական աշխատութեամբ, որտեղ նա հայկական թռչնագրի ձեւով գրել է պարսկերէն այբուբենը։ Նրա այս գործի շնորհիւ, որը կրում է «Հայոց այբուբենի գրաֆիկական հնարաւորութիւնների ուսումնասիրութիւնը» խորագիրը, առաւել չափով ճանաչեցւել են յատկապէս հայոց տառերն ու թռչնագիրը։

Նրա ստեղծագործութիւնների իրականացման շարժառիթը հանդիսացել է հայկական մշակոյթի տարածման գաղափարը, ինչը կարելի է նկատել հեղինակի ցանկացած գործից, որտեղ ակնյայտ են հայկական նախշերի օգտագործումը եւ հայի ճաշակի արտացոլումը։

Երիտասարդ արւեստագէտը նպատակ ունի իր ուսումը շարունակել գեր-լիսանսի մակարդակում. նա ցանկանում է նաեւ յետագայում հիմնադրել իր սեփական աշխատանոցը, ուր հնարաւոր կը լինի ստեղծել բազմատեսակ եւ մեծ քանակութեամբ աշխատանքներ եւ յատկապէս իրականացնել իր վաղեմի երազանքը՝ ուսուցանել «Ձեռքով տպագրութիւն» արւեստը։

Նորանոր յաջողութիւններ ցանկանալով Գեղանիին՝ մաղթում ենք նրան կանաչ ճանապարհ եւ մասնագիտական ասպարէզում բեղուն գործունէութիւն։

Լուսանկարները տրամադրեց`
Անդրէ Խաչատրեանը

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։