Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 10:40

Շրջագայութիւն դէպի Արցախ՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ

Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ, թւականիս յուլիսի 8-ից 16-ն ընկած ժամանակահատւածում, ճանաչողական ճանապարհորդութիւն կազմակերպւեց դէպի Արցախ, որին մասնակցութիւն էին բերել թւով 16 հոգի՝ բաղկացած համայնքիս անդամներից եւ կազմակերպիչ միութեան անդամուհիներից։ 

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ, թւականիս յուլիսի 8-ից 16-ն ընկած ժամանակահատւածում, ճանաչողական ճանապարհորդութիւն կազմակերպւեց դէպի Արցախ, որին մասնակցութիւն էին բերել թւով 16 հոգի՝ բաղկացած համայնքիս անդամներից եւ կազմակերպիչ միութեան անդամուհիներից։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Խումբը մեկնումից մէկ օր առաջ, ուրբաթ՝ յուլիսի 7-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ստացաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի օրհնութիւնը, ապա շաբաթ՝ յուլիսի 8-ի կէսօրից յետոյ հանրակառքով ուղեւորւեց դէպի Արցախ, որտեղ էլ կայացաւ հետաքրքիր, յուզառատ եւ անմոռանալի շրջագայութիւնը։

Այցելութիւնների մեկնարկը տրւեց Ստեփանակերտ հասնելուն պէս՝ յուլիսի 9-ի երեկոյեան, երբ խումբը հիւրանոցում հաստատւելուց յետոյ, շրջագայեց քաղաքում եւ այցելեց սոյն քաղաքի խորհրդանիշը դարձած տատիկ-պապիկի յուշարձանը։

Այնուհետեւ նախապէս կազմած ծրագրի համաձայն յաջորդ օրերի ընթացքում խումբն այցելեց Գանձասարի վանք, Ղշլաղ գիւղում գտնւող Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի բերդ եւ Հունոտի կիրճ, Տնջրի աղբիւր, Ամարասի վանական համալիր, Տիգրանակերտ բերդ, Դադիվանք, գորգագործութեան գործարան եւ այլ տեսարժան վայրեր։ Յատկանշական է, որ Դադիվանքում եկեղեցու ծխատէր քահանայ Տէր Յովհաննէսը եւ խմբի անդամները միասնական աղօթք բարձրացրին առ Աստւած Արցախի պատերազմի ընթացքում զոհւած ազատամարտիկների հոգիների հանգստութեան եւ հայրենի երկրի սահմանների խաղաղութեան համար։ 

Շրջագայողներն անմոռանալի պահեր ապրեցին յատկապէս Ասկերանի շրջանի զօրանոցներից մէկում, որտեղ մօտիկից ծանօթացան հայ զինւորների առօրեային։ Նրանք Արցախի Հանրապետութեան առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմ կատարած այցելութեամբ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նրա վառ յիշատակին, իսկ ներկայ գտնւելով Շահումեանի շրջանի զոհւած ազատամարտիկների յիշատակին կանգնեցւած խաչքարի մօտ, ծաղիկներ զետեղեցին այնտեղ։

Սոյն ժամանակահատւածում խումբն առանձին հանդիպումներ ունեցաւ Հ.Յ.Դ. Արցախի Կենտ. Կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի եւ Արցախի ՀՕՄ-ի պատասխանատուների հետ։ ՀՕՄ-ի հետ հանդիպման ընթացքում մտերմիկ զրոյցի ներքոյ զեկոյցներ փոխանակւեցին կանանց գթութեան միութեան եւ ՀՕՄ-ի ծաւալած գործունէութեան շուրջ եւ համաձայնութիւններ կայացան երկու միութիւնների յետագայ համագործակցութեան կապակցութեամբ։

Հարկ է նշել, նաեւ որ անցնող մէկ տարւայ ընթացքում Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան Արցախի յանձնախումբն ստացել եւ կապոցաւորել էր համայնքիս ժողովրդի նւիրած հագուստները, որոնք շրջագայող խմբի միջոցով տեղափոխւեցին Արցախ եւ յանձնւեցին տեղի ՀՕՄ-ի պատասխանատուներին։

Շրջագայողնորը Նոր Ջուղա վերադարձան շաբաթ՝ յուլիսի 15-ին, իրենց հետ բերելով հաճելի եւ անմոռանալի յուշեր։

Լուսանկարները տրամադրեցին շրջագայող խմբի անդամները

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։