Հա

Համայնք

Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 11:00

Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։ Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, օրւայ բանախօս, Հայաստանից ժամանած ազգային-քաղաքական գործիչ Սիմոն Սիմոնեանը, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ հոծ թւով ժողովուրդ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետութիւնների դրօշների ծածանմամբ եւ օրհներգերի հնչեցմամբ։ Դրօշակի արարողութիւնը կատարւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով։

Յաջորդիւ ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով ելոյթ ունեցաւ երեկոյի հանդիսավար Մեղրի Ղուկասեանը, ով ընթերցեց նաեւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղերձը սոյն տօնի առթիւ։ Ուղերձում պրն. դեսպանը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ եւ նշելով, որ Հայաստանի երիտասարդ պետութեան համար կարեւոր է ժողովրդի բարեկեցութիւնը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, պաշտպանունակութեան ամրապնդումը եւ հարեւան երկրների հետ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատումը՝ առաջնահերթ նշանակութիւն էր տւել Հայաստան-Իրան միջպետական յարաբերութիւնների բարձր մակարդակի պահպանմանը: Արտաշէս Թումանեանն աւելացնելով նաեւ, որ Հայաստանի համար կարեւոր է այս բարդ տարածաշրջանի անվտանգութիւնը եւ պետութիւնը դեմ է ահաբեկչութեանն ու ծայրահեղականութեանը, դրւատանքի խօսք էր ուղղել իրանահայութեանը՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմի հայութեանը՝ ընդգծելով, նրանց դերը հայապահպանութեան, հայրենիք-սփիւռք  կապերի ամրապնդման եւ Իրանում հայ ազգի վարկը, պատիւն ու արժանապատւութիւնը բարձր պահելու ուղղութեամբ:

Այնուհետեւ բանախօսութեամբ ելոյթ ծաւալեց ազգային-քաղաքական գործիչ Սիմոն Սիմոնեանը, ով անկախ պետականութիւն ունենալն ազգերի յաւերժութեան երաշխիքը համարելով, անդրադարձ ունեցաւ Հայաստանի քաղաքականութեան, տնտեսութեան, անվտանգութեան եւ հասարկութեան վրայ ազդեցութիւն ունեցած կարեւորագոյն իրադարձութիւններին, ընդգծելով վերանկախացման առաջին տարիների ընթացքում պետութեան կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժերի գործած ծանր սխալների պատճառով առաջացած վնասները, որոնցից են՝ հայրենիքից ժողովրդի արտագաղթը, ինչը շարունակւում է առ այսօր, Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների մէջ սեպի խրումը եւ սեփականաշնորհման գործընթացի արդիւնքում ազգի ու պետութեան ունեցւածքի թալանումը։ Նա նշելով նաեւ անկախութեան վերականգնման երկրորդ տասնամեակից մինչեւ այսօր ունեցած մի շարք ձեռքբերումներ, յատկապէս շեշտեց Դաշնակցութեան նախաձեռնութեամբ, Հայաստանում առաջին անգամւայ համար, տարբեր քաղաքական ուժերի մասնակցութեամբ կոալիցիոն կառավարութեան կազմաւորումը եւ աշխարհասփիւռ հայութեանը երկքաղաքացիութիւն շնորհող օրէնքի ընդունումը։

Բանախօսն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով Հայաստանի ներկայ վիճակին՝ առանձնաբար ներկայացրեց առկայ խնդիրներն ու ձեռքբերումները. խնդիրների շրջագծում թւարկեց ներքին դժւարութիւնները, ինչու չէ նաեւ, հարեւան երկրների հետ եւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրադարձութիւնների շրջագծում առաջացած հարցերը, իսկ որպէս ձեռքբերումներ՝ ընդգծեց Հայաստանի անկախութեան կերտումը, Արցախի ազատագրումը, մարտունակ բանակի կազմաւորումը, Սփիւռք-Հայաստան համատեղ աշխատանքների իրագործումը եւ անկախութեան սերունդը։

Ահա մի բաժնի մէջբերում բանախօսական ելոյթի եզրափակիչ հատւածից. «Կազմակերպւած Սփիւռքը Հայաստանի ամուր թիկունքն է, իսկ Արցախը՝ մեր գոյութեան պահպանող զարկերակը։ Անկախութիւնը մեր փառքն է. Արցախը՝ մեր հպարտութիւնը… Հայ ժողովուրդն իր հայրենի ու սփիւռքեան հայութեամբ, միասնաբար լծւած է անփոխարինելի մեր անկախութեան ամրապնդման գործին։ Այսօրւայ հզօր Հայաստանը հիմքն է ապագայի միացեալ Հայաստանի»։

Պաշտօնական բաժնի աւարտին ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Թեմակալ առաջնորդն իր խօսքում շնորհաւորելով պանծալի առիթի կապակցութեամբ եւ յատկապէս գնահատելով օրւայ բանախօսի բովանդակալից ելոյթը, որի շնորհիւ առաւել լուսաբանւեցին Հայաստանի Հանրապետութեան ներկայ վիճակն ու առկայ դժւարութիւնների փարատման միջոցները, պատգամեց, թէ այսօր ունեցած ազատ եւ անկախ հայրենիքը պահպանելու եւ ամուր պահելու համար, պէտք է շարունակ վերյիշել եւ մտաբերել այս ուղղութեամբ անհրաժեշտ բոլոր գործօնները եւ չմոռանալ, որ այս ճանապարհին դրական արդիւնք կարելի է արձանագրել միայն լաւատեսութեամբ շաղախւած վճռական կամքով։

Տօնախմբութեան գեղարւեստական բաժինը յագեցած էր ազգային-յեղափոխական երգերի կենդանի կատարումներով, որն իրականացւեց Հայաստանից հրաւիրւած երգիչներ՝ Եւա Եգանեանի ու Մաւր Մկրտչեանի անզուգական ելոյթներով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ։ Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։