Հա

Համայնք

04/11/2017

Աւստրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Իրանում Աւստրիայի դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք

Պետական հրաւէրով Իրան ժամանած Աւստրիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը, Իրանում Աւստրիայի դեսպան Շտեֆան Շուլթզը եւ դեսպանատան աշխատակիցները, չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ի կէսօրին՝ ժամը 2-ին, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:

«alikonline.ir» - Պետական հրաւէրով Իրան ժամանած Աւստրիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը, Իրանում Աւստրիայի դեսպան Շտեֆան Շուլթզը եւ դեսպանատան աշխատակիցները, չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ի կէսօրին՝ ժամը 2-ին, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք: Տեղեկացնում է Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Պատւիրակութեանը Ս. Ա. Վանքի մուտքի մօտ դիմաւորեց Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, որից յետոյ հիւրերն այցելեցին Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, այնուհետեւ «Ծաղկեայ» դահլիճում հիւրընկալւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի կողմից:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը հակիրճ տեղեկութիւն փոխանցելով պատւիրակութեան Իրան այցի նպատակի մասին, ընդգծեց Սիրիայի անվտանգութիւնն ու կայունութիւնը վերականգնելու կարեւորութիւնը, նշելով, թէ անհրաժեշտ է հնարաւոր բոլոր միջոցներով օգնել Սիրիայի ժողովրդին՝ յաղթահարելու իր առջեւ ծառացած դժւարութիւնները եւ վերահաստատելու խաղաղութիւնը այդ երկրամասում:

Իրանահայութեան իրավիճակի մասին նախարարի տեղակալի հարցադրմանը պատասխանեց Հայր Սուրբը, ով ընդհանուր տեղեկութիւններ փոխանցելով Իրանի հայկական կառոյցի դրւածքի մասին, յայտնեց, որ Իրանում բնակւող հայերը ունեն կրօնական եւ մշակութային լայն իրաւասութիւններ եւ այդ առումով որեւէ արգելք չկայ: Անդրադառնալով Սիրիային օժանդակելու Պրն. Լին Հարթի արծարծած թեմային, թեմիս Առաջնորդը եւս կարեւորեց այս հարցը եւ տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանութիւնները անտարբեր չլինելով սոյն խնդրի նկատմամբ, անցնող տարիների ընթացքում ընդունել են մեծ թւով սիրիահայ գաղթականներ: 

Հանդիպման աւարտին պատւիրակութեան անդամներն այցելեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, որտեղ ծանօթացան գրադարանի կառուցւածքին ու գործունէութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։