Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 10:20

Նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը

Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում։ 

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի որոշմամբ ու հովանաւորմամբ եւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յոբելեանական յանձնախմբի կազմակերմամբ իրականացւած այս ծրագրին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ։

Երեկոն բացւած յայտարարւեց հաղորդավարուհի Ալինա Տէր-Սուքիասեանի ողջոյնի խօսքով, որից յետոյ արտայայտւեց կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Նիկիտ Միրզայեանցը։ Նա նշեց. «Նոր Ջուղայում Բեգլար Աղայեանն ու Յովսէփ Միրզայեանը, տեղացի մի քանի արւեստասէր երիտասարդների հետ, 1887-ի փետրւարի 9-ին, ուսուցչական կազմի եւ աշակերտութեան համար տւել են հենց առաջին ներկայացումը՝ «Խեչոյի թուզը» եւ «Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք» պիեսները, որը տեղի է ունեցել «Սիմոնենց» կոչւող տան դահլիճում»։ Այնուհետեւ պրն. Միրզայեանցն իր խօսքը ծաւալեց՝ ակնարկ ունենալով Նոր Ջուղայի թատրոնի պատմութեանն ու յիշելով այս ճանապարհին դերակատար անձանց, ուր կարեւորութեամբ ընդգծեց յատկապէս՝ ներկայացումներում կանանց դերակատարութիւնը, որը նկատի ունենալով ժամանակաշրջանի սուղ մտածելակերպը՝ ինքնին հերոսութիւն էր համարւում։

Յաջորդիւ ցուցադրւեց տեսաֆիլմ, որտեղ արտացոլւած էր Նոր Ջուղայի թատրոնի պատմութիւնը՝ համապատասխան լուսանկարներով։

Ընթացքում նորջուղայեցու գեղեցիկ բարբառով «Կարօտի երգը» կատարեցին՝ Վահէ Ակոնը եւ Արամազդ Մկրտչեանը, որը հանդիսատեսի մօտ ստեղծեց խանդավառ մթնոլորտ եւ արժանացաւ բարձր ծափողջոյնների։

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Լեւոն Շանթ» թատերախումբը ղեկավարութեամբ Գաբրիէլ Թիքիդջեանի, երեք արարով վարպետօրէն ներկայացրեց ֆրանսահպատակ Բելգիացի դրամատուրգ Մորիս Հէննեկինի «Բեբեկս» (Ախ այս ստախօս կանայք) կատակերգութիւնը։ Հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած այս ներկայացումը պատմում էր մի կնոջ ստախօսութեան մասին, որի պատճառով էլ ընտանիքում առաջանում են անհամաձայնութիւններ ու վէճեր։ Հերոսուհու ստերին վերջ չկայ, քանի որ նա իր նախորդ սուտը քողարկելու համար ստիպւած է անընդհատ նորն ասել, ինչի պատճառով էլ ստախօսի համար առաջանում են մեծ  բարդութիւններ։

Դերերում հանդէս եկան Վաղօ Տէր-Սուքիասեանը, Հայդուկ Վարդեւանեանը, Զարենուշ Աղուրեանը, Կարէն Խանլարեանը, Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, Յասմիկ Յովսէփեանը, Անասիկ Ծառուկեանը, Մարինէ Հայրապետեանը եւ Էդմոնդ Օրդուբէգեանը։

Երեկոն եզրափակւեց Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի խօսքով, ով ակնարկ նետեց թատրոնի հետ կապւած իր յուշերին եւ անցեալ տարիների ընթացքում ներկայացւած ներկայացումներին։ Ահա մի հատւած պրն. Օհանեանի խօսքից. «Գեղեցկօրէն ներկայացւեց «Բեբեկս»-ը եւ Նոր Ջուղայի բարբառը, որոնք մեզ տարան դէպի մեր փառաւոր անցեալն ու ակունքները… Թատրոնը բացի այն, որ վեր է հանում եւ խարազանում համայնքի տկար կողմերը, միեւնոյն ժամանակ գնահատելով բարոյական կողմերը՝ այն ներկայացնում է ժողովրդին։ Կեանքի իրական կրթիչ ու դաստիարակիչ տեղն է բեմը եւ թատրոնը։ Հայկական թատրոնը վաղեմի անցեալ ունի. Քրիստոսից 70-80 տարիներ առաջ, պատմական Հայաստանի Տիգրանակերտ եւ Արտաշատ քաղաքներում բեմադրւել են յունական ողբերգութիւններ։ Անցեալ ունի մեր ժողովուրդը թատրոնի հետ, ինչպէս նաեւ մենք ջուղայեցիներս անցեալ ունենք թատրոնի հետ»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ
    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ

    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը

    Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: 

  • Հանդիսութեամբ նշանաւորւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակը՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Հանդիսութեամբ նշանաւորւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակը՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ, հինգշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։