Հա

Համայնք

Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 12:00

Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

«alikonline.ir» - Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

«Տաթեւ» երգչախմբի հերթական տարեկան համերգը կայացաւ չորեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչների եւ ժողովրդի ներկայութեամբ։

Համերգն սկիզբ առաւ երգչախմբի վարչութեան խօսքով, որն ընթերցեց Ասպետ Մարգարեանը, ուր հիմնականում արտացոլւած էր խմբի գործունէութիւնը՝ սկսած եկեղեցիներում շարականների ու հոգեւոր երգերի կատարումից մինչեւ երկրի եւ արտերկրի զանազան բեմերից հնչեցրած համերգները։

Երեկոն ողողւած էր հին հոգեւոր, ինչու չէ նաեւ ժողովրդական ու մերօրեայ երգերի խմբական ու անհատական ելոյթներով։ Այս շրջագծում հնչեցին հայ երգի մեծանուն վարպետներ՝ Ս. Ներսէս Շնորհալիի, Յակոբ Կլայեցի, Կոմիտասի, Բարսեղ Կանաչեանի, Նիկոլ Գալանդէրեանի, Ռոբերտ Պետրոսեանի, Գուսան Շահէնի եւ Ալեքսանդր Աճեմեանի ստեղծագործութիւններից։

Խումբը հանդէս եկաւ «Նոր Ծաղիկ» (տաղ յարութեան), «Այսօր ցնծան», «Առաւօտ լուսաբեր», «Ել, ել» (սայլի երգ), «Հայրենի կարօտ», «Լուսնակն անուշ», «Ծովափին», «Ֆանտազիա» (Սայեաթ Նովայի երգերի հիման վրայ), «Երանի թէ» եւ «Խռոված էր» երգերով։ Ընթացքում հնչեցին նաեւ մենակատարումներ երգչախմբի մեներգիչների միջոցով. Արմէն Թահմազեանը կատարեց «Կանչէ կռունկ»-ը, Արսինէ Մարգարեանը՝ «Ծիծեռնակ»-ը, Ասպետ Մարգարեանը՝ «Եկւոր աղջիկ»-ը, իսկ Անասիկ Յովսէփեանը մեներգեց «Նայիրեան դալար բարդի» երգը։

Մի շարք կատարումներին դաշնամուրի կենդանի նւագակցութեամբ ընկերակցեց մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը, ով իրականացրել էր նաեւ միւս երգերի գործիքաւորման աշխատանքը։

Երեկոյի եզրափակիչ խօսքն արտասանեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, որը համերգը գեղեցիկ պատարագ համարելով ասաց, թէ երեկոյի ելոյթների շնորհիւ այս սրահը մշակութային կենտրոնից վերածւեց մշակութային հոգեւոր կենտրոնի եւ եկեղեցու, որի խորանը կազմեց «Տաթեւ» երգչախումբը։ Այնուհետեւ Հայր Սուրբը դրւատելով երգչախմբի անդամների ինչու չէ նաեւ ղեկավարի կատարած ջանադիր աշխատանքը, աւելացրեց, որ խումբն իր գոյութեան 18 տարիներին մշակութային կեանքի հայ հոգու անդաստանի մէջ սնունդ է տւել մեր զաւակներին։ Նա յիշելով նաեւ անցնող օրերի ընթացքում Նոր Ջուղայում իրականացւած մշակութային ձեռնարկները, ընդգծեց, որ նման ծրագրերի շնորհիւ ոչ միայն արժեւորւում է թեմը, այլեւ գոյատեւում են հայ ազգն ու մշակոյթը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։