Հա

Համայնք

26/12/2017

Սպահանի նահանգապետը հանդիպել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Սպահանի նահանգապետ դոկտ. Մոհսեն Մեհր Ալիզադէն հանդիպել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Սպահանի նահանգապետ դոկտ. Մոհսեն Մեհր Ալիզադէն հանդիպել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է Սպահանի նահանգապետարանի կայքը:

Շնորհաւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ նահանգապետը նշել է, որ Իրանում, առանց որեւէ չափազանցութեան, Աստւածային բոլոր կրօնների հետեւորդները փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան մթնոլորտում, խաղաղ ու համերաշխ գոյակցում են կողք-կողքի:

Ըստ նրա՝ նեղմիտ հասարակութիւնների մօտ տարբեր կրօնների հետեւորդների ներկայութիւնը տարաձայնութեան եւ խնդիրների պատճառ է դառնում, մինչդեռ լայնախոհ հասարակութիւնների մօտ նոյն երեւոյթը մտերմութեան եւ հանդուրժողականութեան առիթ է:

«Իրանում այլ կրօնների հետեւորդների թիւը քիչ է, բայց նրանց ներուժը մեծ է: Նրանց ներկայութիւնն Իրանում եւ Սպահանում այնքան հին է, որ իրենց մօտ առկայ ներուժը փոխանցել են նաեւ հասարակութեանը»,- ասել է դոկտ. Մեհր Ալիզադէն:

Նա յոյս է յայտնել, որ կրօնական փոքրամասնութիւններն առաւել ակտիւ մասնակցութիւն կը ցուցաբերեն երկրի հասարակական, տնտեսական եւ մշակութային կեանքին, եւ օգտագործելով առիթը Երեւանի քաղաքապետին հրաւիրել է Սպահան, որպէսզի երկու քաղաքների միջեւ կնքւած քոյրութեան պայմանագիրը խօսքից գործի վերածւի:

Հանդիպմանը Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը շնորհաւորելով դոկտ. Մեհր Ալիզադէին Սպահանի նահանգապետի պաշտօնում նշանակւելով առիթով, իր գոհունակութիւնն է յայտնել հանդիպման կապակցութեամբ, որին Նոր Ջուղայի հայութեան ներկայացուցիչներից բացի, ներկայ են եղել նաեւ այլ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները եւս:

Նշենք, որ հանդիպմանը Նոր Ջուղայի ազգային իշխանութիւններից ներկայ են եղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։