Հա

Համայնք

Երեքշաբթի, 23 Յունւարի 2018 10:40

Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում

Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: 

«alikonline.ir» - Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հոգեպարար կարգին ներկայ էին՝ թեմիս Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Ս. Նշան եկեղեցու վարչութիւնը եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից, ինչու չէ նաեւ Փերիոյ գաւառի զանազան գիւղերից ժամանած հաւատացեալ ժողովուրդ:

Արարողութեան ընթացքում նախքան եզրափակիչ «Տէրունական աղօթքը»,  քարոզեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը: Նա անդրադառնալով օրւայ խորհրդին եւ յատկապէս բնաբան ունենալով 29-րդ սաղմոսի 3-րդ համարը՝  «Ձայն Տեառն ի վերայ ջուրց…»-ը, որն արտասանւում է Ջրօրհնէքի արարողութեան սկիզբը, կարեւորութեամբ ընդգծեց, թէ այս հատւածը մեզ յիշեցնում է, որ Աստւած ամէն բանից առաջ գոյութիւն ունեցող հզօրագոյն ուժն է եղել եւ նա է տիեզերքի ստեղծիչն ու արարիչը, Տիրոջ պատւիրաններին ուշադրութիւն չդարձնելու պարագային ենթարկւելու ենք աստւածային պատուհասի, իսկ լինելով նրա հաւատարիմ զաւակները, կեանքը շարունակելու ենք դրախտային վայրում, ուր ջրառատ է եւ Աստւած մշտապէս ներկայութիւն ունի:

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով նաեւ, որ եկեղեցու մէջ օրհնւող ջուրը բաժանւում է հաւատացեալներին՝ որպէս բուժիչ դեղ եւ զանազան բարիքների խորհրդանիշ, կոչ արեց ներկաներին՝ լսելով աստւածային պատւիրանները, լինել Տիրոջ հաւատարիմ զաւակները եւ չհետեւել չարին:

Յատկանշական է, որ թեմակալ առաջնորդն ու նրան ընկերակցող Կրօնական խորհրդի անդամները, նոյն օրը ժամանեցին նաեւ Խոյգան գիւղ, ուր սկզբում աղօթեցին Ս. Աստւածածին եկեղեցում, ապա այցելելով գիւղի Ս. Ներսէս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներ՝ մօտիկից ականատեսը եղան այս երկու սրբավայրերում իրականացւած նորոգութեան աշխատանքներին, որը կատարւել է Ֆերէյդունշահրի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան միջոցով:

Լուսանկարները տրամադրեց՝
Սաքօ Տէր-Յովհաննիսեանը

Յարակից Հրապարակումներ

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

  • Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

  • Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։