Հա

Համայնք

01/02/2018

Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

«alikonline.ir» - Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երկօրեայ արարողութիւնների մեկնարկը տրւեց ուրբաթ՝ յունւարի 26-ի կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, եկեղեցու շրջափակում, որտեղ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի տեղի ունեցաւ աղօրհնէքի կարգը եւ ոչխարների զենման արարողութիւնը: Այնուհետեւ նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին, եկեղեցում, դարձեալ առաջնորդ Հայր Սուրբի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ իրականացւեց հսկման արարողութիւնը:

Հոգեպարար արարողութեան աւարտին Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս 16 զաւակները մասնակցելով զինւորների օրհնութեան յուզիչ կարգին՝ Հայր Սուրբերի միջոցով ստացան Աստծոյ օրհնութիւնը: Ս. Սագրիս զօրավարի տօնի առթիւ իրականացւող այս կարգը հիմք է դրւել նախորդ տարւանից՝ թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ:

Այնուհետեւ բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր իր հայրական պատգամը փոխանցեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հայր Սուրբն սկզբում իր հպարտութեան զգացումը յայտնեց, առ այն, որ թեմիս զաւակները ծառայելով Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակում լաւագոյն կերպով ներկայացնում են հայ երիտասարդի ինքնութիւնն ու նկարագիրը: Նա իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, որ հայ զինւորը միւսներից տարբերում է իր պատասխանատւութեան զգացումով, անձնւիրութեամբ եւ դաստիարակութեամբ, աւելացրեց, թէ ճիշտ է, որ մեր թեմի զաւակները այսօր առիթը չունեն Արցախում ծառայելու, սակայն իրենց հաւատով ու ներկայութեամբ ուժ են տալիս Արցախի սահմանները պաշտպանող իրենց եղբայրներին:

Օրւայ առթիւ արտայայտւեց նաեւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, ով երկօրեայ արարողութիւնների կազմակերպման գործը լաւագոյնս իրականացնելու համար՝ շնորակալական խօսք ուղղեց՝ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանը, եկեղեցու երեցփոխներին եւ Տիկնանց ու Հարիսայի պատրաստման յանձնախմբերին. նա իր խօսքը եզրափակեց հայ զինւորների համար բարի եւ անփորձանք ծառայութիւն ցանկանալով:

Միջոցառման շարունակութեան մէջ Կրօնական խորհրդի կողմից նախատեսւած նւէրները զինւորներին շնորհւեցին՝ ձեռամբ զոյգ Հայր Սուրբերի, ինչու չէ նաեւ թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի, Կրօնական խորհրդի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Ն. Ջ. եկեղեցեաց վարչութեան ներկայացուցիչների: Պարգեւատրւեց նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին մասնակից անձնուրաց-ազատորդի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամ Սուրէն Յակոբեանը:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն, որից յետոյ առաջնորդ Հայր Սուրբն այցելեց եկեղեցու շրջափակում հարիսայի պատրաստման համար նախատեսւած վայր, ուր մօտիկից ծանօթանալով կատարւած աշխատանքներին՝ գնահատանքի խօսք ուղղեց պատկան յանձնախմբին:

Շաբաթ՝ յունւարի 27-ին, տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ: Պատարագին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ թեմիս եկեղեցական դասը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:

ժողովրդից բացի՝ պատարագին ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ-ուհիները՝ իրենց ուսուցչի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ:

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ Հայր Սուրբը, ուր ակնարկ ունեցաւ Սրբի կեանքին, հաւատին ու կատարած սխրագործութիւններին:

Թեմակալ առաջնորդն ասաց. «Ս. Սարգիս զօրավարը եղել է նաեւ Աստծու խօսքի հիանալի ու անվախ քարոզիչ: Նա հանգիստ ու խաղաղ օրերին՝ իր շրջապատին, իսկ պատերազմի ու օրհասական ժամերին՝ բանակին քարոզելով, կարողացել է իր քրիստոնէական հաւատը տարածել թէ՛ խօսքով եւ թէ՛ գործով… Ս. Սարգիս զօրավարի տօնը պատեհ առիթ դարձնելով եւ օրինակելով Սրբին, պէտք է ընդմիշտ մտածել Աստծու մասին եւ ազատ ժամանակները տրամադրել Աստծու փառքին ու կամքին՝ նրա ողորմութեանն ու օրհնութեանն արժանանալու համար»:

Վերջում Ս. Սարգիս զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր օրհնւեց նաեւ պատրաստւած հարիսան եւ բաժանւեց ժողովրդին:

Յատկանշական է, որ վերոնշեալ արարողութիւնների ընթացքում ուխտաւորներն իրենց խորհուրդը կատարեցին նւիրատւութիւններով ու մատաղներով:

Յարակից լուրեր

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ

    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: 

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում
    ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

    Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։