Հա

Համայնք

12/02/2018 - 09:10

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ գնահատւեցին 2016-2017 եւ 2017-2018 ուսումնական տարեշրջանների նորամուտ հայ ուսանողները

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 31-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում կազմակերպւեց միջոցառում, ուր գնահատւեցին 2016-2017 եւ 2017-2018 ուսումնական տարեշրջաններին, դոկտորայի, գեր-լիսանսի, լիսանսի եւ գեր-դիպլոմի մակարդակներում երկրի զանազան համալսարաններում ընդունւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 86 նորամուտ հայ ուսանողներ։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 31-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում կազմակերպւեց միջոցառում, ուր գնահատւեցին 2016-2017 եւ 2017-2018 ուսումնական տարեշրջաններին, դոկտորայի, գեր-լիսանսի, լիսանսի եւ գեր-դիպլոմի մակարդակներում երկրի զանազան համալսարաններում ընդունւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 86 նորամուտ հայ ուսանողներ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ուսանողներից եւ նրանց ծնողներից բացի ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները։

Ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով երեկոն բացւած յայտարարեց Կրթական խորհրդի գրասենեակի պատասխանատու-գործավար եւ օրւայ հանդիսավար Մադլէն Ղարիբեանը։

Միջոցառման առաջին ելոյթը ծաւալեց Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանը, նշելով, որ բարձրագոյն կրթութեամբ ձեռք բերւող հնարաւորութիւններն ու առաւելութիւնները պէտք է օգտագործւեն ճիշտ եւ նպատակադրւած՝ առանց որեւէ մեծամտութեան։ Նա դիմելով նորամուտներին՝ աւելացրեց, թէ հասարակութեան գիտական շտեմարանը հարստացնելուն զուգահեռ, որպէս հայ ուսանողներ  եւ յատկապէս փոքրաթիւ մի համայնքի ներկայացուցիչներ՝ առաւել  գիտակից ու պատասխանատու կեցւածք ցուցաբերեն այս նոր հաւաքականում եւ յատկապէս ջանք չխնայեն եղած հնարաւորութիւնը հայ ժողովրդի ընդհանրական նպատակներին ծառայեցնելու համար:

Այնուհետեւ օրւայ առթիւ արտայայտւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Նա անդրադառնալով նպատակասլաց կեանքի կարեւորութեանը, ընդգծեց, որ բարձրագոյն կրթութեան վկայականից աւելի կարեւոր է մարդու նկարագրի վկայականը։ Նա նշելով, որ Իրանում իւրաքանչիւր հայ համալսարանական համարւում է մեր ազգի, եկեղեցու եւ  Հայ Դատի դեսպանը, ուսանողներին յորդորեց, թէ համարձակ լինեն եւ գերազանց ուսումնասիրելով կրօնը, հայոց պատմութիւնն ու գրականութիւնը՝ հայ ազգին լաւագոյնս ներկայացնեն նոր միջավայրում։

Ելոյթ ծաւալեց նաեւ Թեմական խորհրդի անդամ դոկտ. Նորայր Թումանեանը, ով սկզբում խորհրդի ջերմ շնորհաւորանքները փոխանցեց նորամուտներին, ապա բարձր գնահատելով կրթութեան դերը ազգերի գոյատեւման հարցում, գիտելիքների ձեռք բերումը 21-րդ դարի երիտասարդի ամենակարեւոր պարտականութիւնը համարեց։ Նա շեշտելով, որ այս յաջողութիւնները արգասիքն են ոչ միայն անհատի տքնաջան աշխատանքի, այլեւ դպրոցների, ընտանիքների ու ազգային մարմինների կատարած գործունէութեան ու ներդրումների, շնորհակալական խօսք ուղղեց դրանց իրականացման գործում բոլոր դերակատարներին։

Իր սրտի խօսքն ասաց Կրթական խորհրդի երիտասարդ անդամուհի Արինէ Մինասեանը, ով պետական համալսարանի անգլերէն լեզւի գրականութեան ճիւղն աւարտել է գեր-լիսանսի մակարդակով։ Նա իր ուսանողական վեց տարիների հետաքրքիր յուշերով ու փորձառութիւններով կիսւեց ներկաների հետ, իսկ նորամուտներին խորհուրդ տւեց՝ լինել նպատակասլաց, զինւել զանազան կարողութիւններով եւ կարեւոր դէմք դառնալու փոխարէն օգտակար հանդիսանալ ցանկացած բնագաւառում։

Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գրեպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Գեղարդ Մանսուրեանի, Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի ու Մարգարիտ Դաւթեանի ձեռամբ ուսանողներն առանձնաբար ստացան իրենց գնահատագրերն ու նւէրները։

Միջոցառումը եզրափակւեց թեմակալ առջնորդ Հայր Սուրբի հայրական խօսքով, ով իր սրտի ուրախութիւնը յայտնեց՝ նման մեծաթիւ երիտասարդ-ուհիների համալսարան մուտք գործելու առթիւ։  Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը գնահատեց երեկոյի ելոյթները՝ ի մասնաւորի Կրթական խորհրդի երիտասարդ անդամուհու արտայայտութիւնները, ապա կրթական մշակներին եւ ազգայիններին ոսկեայ կողմնացոյց համարելով, ուսանողներին խորհուրդ տւեց կեանքի  լաւագոյն ու ճշգրիտ ուղղութիւններն ստանալ հենց այս ոսկեայ կողմնացոյցերից։ Նա աւարտին երիտասարդներին յորդորեց ապագայում ընտրել այնպիսի ծառայութիւններ, որոնց համար աշխարհն իրենց կը դիմաւորի հզօրագոյն ծափողջոյններով։

Երեկոյի աւարտին երկու տարեշրջանների նորամուտներն առանձնաբար լուսնակարւեցին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։