Հա

Համայնք

05/03/2018

Ազգային-կրօնական տօների առթիւ միջոցառումներ՝ Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի կազմակերպութեամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների հայեցի դաստիարակութեան ուղղութեամբ, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանում դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ կազմակերպւում են մի շարք միջոցառումներ, որոնցով սաներին առաւել ծանօթացնում եւ հաղորդ են դարձնում ազգային ու հոգեւոր տօներին եւ արժէքներին։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների հայեցի դաստիարակութեան ուղղութեամբ, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանում դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ կազմակերպւում են մի շարք միջոցառումներ, որոնցով սաներին առաւել ծանօթացնում եւ հաղորդ են դարձնում ազգային ու հոգեւոր տօներին եւ արժէքներին։

Այս ծիրում 2018 թւականի առաջին օրերից մինչեւ այսօր իրականացւել են մի շարք ծրագրեր, որոնց ստորեւ ներկայացնում ենք.

Հինգշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան դպրոցի կողմից ձեւաւորւած գեղեցիկ աւանդութեան համաձայն, մանկապարտէզի Դեղին խմբակի սաները պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելեցին հայոց ազգ. ծերանոց՝ այնտեղում բնակւող տատիկ-պապիկներին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնի առթիւ իրենց ջերմ շնորհաւորանքները փոխանցելու համար։ Այցելութեան ընթացքում տօնական շնորհաւորանքներ եւ մաղթանքներ հնչեցին ծերանոցը կառավարող Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանի եւ մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանի կողմից։ Այնուհետեւ մանուկները հանդէս եկան ամանորեայ երգերով ու ասմունքներով, ինչը բարձրացրեց սիրալիր տատիկ-պապիկների տօնական տրամադրութիւնը։ Ընթացքում ներկայցաւ նաեւ Ձմեռ պապը եւ երեխաներին նւէրներ պարգեւեց։

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որից յետոյ դպրոցի կողմից պատրաստւած նւէրները փոքրիկների միջոցով բաժանւեցին տարեցներին։

Մանուկներին Վարդանանց յաղթանակի օրւան եւ հայոց քաջարի զօրավարի հերոսութիւններին ծանօթացնելու նպատակով՝ չորեքշաբթի փետրւարի 7-ի առաւօտեան տնօրինութեան հրաւէրով դպրոց այցելեց հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի ուսուցչուհի Սքարլետ Հայրապետեանը, որը երեխաներին բացատրեց պատերազմի եւ խիզախ սպարապետի մասին, իսկ աւելի ուշ այցելեց նաեւ «Վարդան զօրավար»-ը, ով մեծ ոգեւորութիւն պատճառեց փոքրիկներին։ Սաները հայրենասիրական երգեր կատարեցին եւ ստացան օրւայ առթիւ դպրոցի կողմից կազմւած գրքոյկները։

Բուն Բարեկենդանը նշանաւորւեց շաբաթ՝ փետրւարի 10-ի առաւօտեան՝ գեղեցիկ անակնկալներով ողողւած միջոցառմամբ։ Աշակերտներն ընդունել էին ծիածանի կերպար՝ համապատասխան դիմայարդարմամբ ու գլխարկներով։ Խանդավառ դպրոցական օրւայ ընթացքում երեխաները լուսանկարւեցին, զւարճացան երկու ծաղարծուների հետ եւ գեղեցեիկ դիմակներ ստացան չարաճճի հիւրերից։

Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց երեքշաբթի՝ փետրւարի 13-ի առաւօտեան դպրոցի շրջափակում։ Այդ օրը դպրոց այցելեցին արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանը։ Նախ հնչեցին տօնին առնչւող շարականներն ու «Տէրունական աղօթք»-ը, այնուհետեւ դպրոցի կրտսերագոյն եւ աւագ աշակերտները քահանայ հայրերի հետ միասնաբար բոցավառեցին զարդարւած աւանդական թուփը։ Աւարտին բոցկլտող խարոյկի շուրջ շրջելով՝ բոլորը միասնաբար երգեցին, հիւրասիրւեցին համեղ հրուշակով, իսկ մանուկները ուսուցչուհիների օգնութեամբ թռան խարոյկի վրայից։

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝
Ն. Ջ. հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան զեկոյցի համաձայն

Լուսանկարները տրամադրեց դպրոցի Ծնողական խորհուրդը

Image Gallery

{gallery}45665{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։