Հա

Համայնք

10/03/2018 - 10:40

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեւոր երգերի համերգ՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ հոգեւոր երգերի համերգ, ուր ընդգրկւած էին տաղեր, շարականներ, մեղեդիներ եւ հոգեւոր երգեր։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ հոգեւոր երգերի համերգ, ուր ընդգրկւած էին տաղեր, շարականներ, մեղեդիներ եւ հոգեւոր երգեր։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրի իրականացման գործում համերգի ղեկավար Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ կազմակերպիչների հետ սերտ համագործակցութիւն էին ցուցաբերել Սբ. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանը, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը, նշւած զոյգ երգչախմբերի մեներգիչներից եւ անհատ կատարողներ։

Երեկոն բացւած յայտարարւեց Քրիստոնէական Դաստիարակութեան խորհրդի անդամ Թովմա Գալստանեանի ողջոյնի եւ բացման խօսքերով, ով ընթացքում հանդէս եկաւ նաեւ հոգեւոր ու եկեղեցական երգերի մասին բացատրութիւններով։

Գեղարւեստական ելոյթների բացումն ու փակումը կատարեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը «Ամենակալ» եւ «Որդիս» երգերի կատարումներով։ Առաջին երգի ընթացքում Հայր Սուրբին ընկերակցեց Թադէ Պօղոսեանը դաշնամուրի նւագակցութեամբ։

Վրոնշեալի նւագակցութեամբ հնչեցին նաեւ «Հաւուն հաւուն»-ը Նարբէ Գրիգորեանի ու «Մայր եւ կոյսը»-ը Այլին Քեշիշեանի կատարումներով։

Մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի նւագակցութեամբ հնչեցին «Տաղ Սուրբ Մեսրոպայ» երգը Ասպետ Մարգարեանի, «Ալէլուիա»-ն Սիւնէ Յարութիւնեանի ու Արփի Դիլանչեանի եւ «Տաղ Յարութեան»-ը Արեգա Յարութիւնեանի միջոցով։

«Օրհներգ Հայրապետական» երգը կատարեց Արա սրկ. Բաղումեանը, դաշնակահար Նայիրա Ալեքսանեանի ընկերակցութեամբ։

Հնչեցին նաեւ «Շնորհակալութիւն», «Երգ ուխտի», «Սրբութեան փառքիդ խորանը», «Խաչի մօտ» եւ «Տիրամօր գովքը» հոգեւոր երգերը՝ հերթաբար Վանանդ Իսաղուլեանի, Մինելի Յակոբեանի, Վանա Շիրւանեանի, Հարմա Կարապետեանի եւ Թանիա Մինասեանի կատարումներով։ 

Հոգեւոր երգերի գործիքաւորումն իրականցրել էր Հարմա Կարապտեանը։

Որպէս եզրափակիչ խօսք իր հայրական պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդը։ Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը գնահատանքի խօսք ուղղելով ծրագրի կազմակերպման գործում դերակատարներին եւ համերգի ղեկավարին ու կատարողներին՝ մասնաւորապէս նշեց, որ ձեռնարկն իր կեանքում տեսած լաւագոյն հոգեւոր համերգն է եղել։ Նա մատնանշելով իր ապրած հոգեպարար պահերը՝ ընդգծեց, որ կատարումների առումով աննախադէպ այս միջոցառման շնորհիւ, իր մօտ տպաւորութիւն առաջացաւ, թէ երգերն ունկնդրում է եկեղեցում եւ ոչ սրահում։

Ծրագրին ներկայ էին քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։