Հա

Համայնք

17/03/2018

Նոր Ջուղայում իրանահայ Գարնանային 30-րդ խաղերի մեկնարկը տրւեց խաղերի ջահավառութեան արարողութեամբ

Ուրբաթ՝ մարտի 16-ի առաւօտեան ժամը 11:30-ին, բոցավառւեց Գարնանային 30-րդ խաղերի խորհրդանշական ջահը, որով մեկնարկեց 30-րդ Գարնանային խաղերը:

Ուրբաթ՝ մարտի 16-ի առաւօտեան ժամը 11:30-ին, բոցավառւեց Գարնանային 30-րդ խաղերի խորհրդանշական ջահը, որով մեկնարկեց 30-րդ Գարնանային խաղերը:

Արարողակարգը տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ, որտեղ նախ խաղերը կազմակերպող՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան միջոցով տեղի ունեցաւ ծաղկեմատոյց, ապա Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ, ներկաները միասնաբար արտասանեցին «Տէրունական աղօթք»-ը, այնուհետեւ Թեմակալ առաջնորդի ձեռամբ օրհնւեց եւ յուշարձանի յաւերժ բոցկլտացող կրակով վառւեց ջահն ու յանձնւեց 30-րդ Գարնանաին խաղերի գլխաւոր ջահակիր՝ բասկետբոլիստուհի եւ Իրանի կանանց բասկետբոլի ազգ. հաւաքականի վաստակաւոր մարզիչ՝ Այլին Մելիքեանին, որը ջահակիր խմբի միջոցով փոխադրւեց միութեան կենտրոնատեղի:

Ջահակիր խումբը ներկայացնում էին Գարնանային խաղերի այն ջահակիրները, ովքեր 2004 թւականից ի վեր ներկայացել էին որպէս գլխաւոր ջահակիր, որոնք էին՝ Այլին Մելիքեանը, Գամեր Դիլանչեանը, Արէն Դաւուդին, Թալին Խաչատրեանը, Անիա Յովսէփեանը, Վահիկ Թորոսեանը, Օշին Տէր-Գրիգորեանը, Նորւիկ Օհանեանը, Մայիս եւ Մանուկ Թորոսեանները, իսկ բացակայում էին Օշին Սահակեանը, Արմինէ Պետրոսեանը, Կարէն Ղարախանեանը, Ռիթա Մելիքեանը, Հայոց Ցեղասպանութան 100-ամեակի յանձնախմբի նախագահ՝ թեմիս ժամանակի առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը եւ նոյն յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանը։

Արարողակարգին ներկայ էին Քահանայից դասի, ազգային մարմինների ու միութիւնների, Հայ Դատի շրջանիս յանձնախմբի, միութեան Շահինշահրի մասնաճիւղի եւ միաւորների վարչութիւնների ներկայացուցիչները, 30-րդ գարնանային խաղերի բացման հանդիսութեան եւ կազմակերպիչ երկու յանձնախմբերի անդամները, միութենականներ, ջահակիրների ընտանիքների անդամները եւ հրաւէր-յայտարարութեանը ընդառաջած համայնքի անդամները։

Խաղերի հանդիսաւոր բացումը կայանալու է 2018 թ. մարտի 20-ի ժամը 20:30-ին, Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում:

 Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

 թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։