Հա

Համայնք

19/03/2018 - 09:50

Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած շախմատի բաց մրցաշար՝ Նոր Ջուղայում

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ եւ «Արմէն» շախմատի ակումբի տնօրինութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի մարտի 16-ի առաւօտեան, սոյն միութեան կենտրոնատեղիում կազմակերպւեց շախմատի բաց մարցաշար՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին։

«alikonline.ir» - Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ եւ «Արմէն» շախմատի ակումբի տնօրինութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի մարտի 16-ի առաւօտեան, սոյն միութեան կենտրոնատեղիում կազմակերպւեց շախմատի բաց մարցաշար՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մրցաշարն անցկացւեց երկու տարիքային խմբերի շրջաններում՝ մինչեւ 12 եւ մինչեւ 14 տարեկան։ Առաջին խմբի մրցոյթներին մասնակցել էին 22, իսկ եկրորդին՝ 10 մարզիկներ, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» ու Փերիոյ Կրթ. միութիւնների շախմատի խմբերից եւ «Արմէն» շախմատի ակումբի Սպահանի ու Սեփահանշահրի մասնաճիւղերից։ Մասնակցել էին նաեւ ազատ մարզիկներ։

Միջոցառման մեկնարկը տրւեց առաւօտեան ժամը 9։30-ին, կազմակերպիչ միութեան Կենտ. վարչութեան նախագահ Վահան Թահմազեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով։ Պրն. Թահմազեանն անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կերտմանը՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ հայ ժողովրդի համար անկախութեան ձեռք բերումը դիւրին չի եղել եւ այս ճանապարհին մեծ անձնազոհութիւններ են պահանջւել։ Յաջորդիւ մրցաշարի մասին բացատրութեամբ հանդէս եկաւ «Արմէն» շախմատի ակումբի տնօրէն Նիկիտ Միրզայեանսը, ով ներկայացրեց մրցաշարի իրաւարար պրն. Քալանթարիին։

Բացման ծրագրին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը եւ անդամ Վահէ Թորոսեանը։

Արդիւնքների ամփոփումից յետոյ մինչեւ 12 տարեկան խմբում հերթաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւեցին «Արմէն» շախմատի ակումբի սաներ՝ Ալի Ասադին, Մոին Փուրբաբային եւ Բեհրադ Դայանին. աւագ խմբի մրցաշարում առաջին տեղը գրաւեց Ալի Լաքիեանը «Արմէն» ակումբից, երկրորդ հանդիսացաւ Մելւին Բաբախանը «Արարատ»-ից, իսկ երրորդ կարգը զբաղեցրեց Լէօ Շահիջանեանը դարձեալ «Արմէն» ակումբից։

Աւարտին տեղի ունեցաւ մեդալաբաշխման արարողութիւնը, ուր խօսքերով հանդէս եկան Նիկիտ Միրզայեանսը եւ ՀՀ 100-ամեակի Նոր Ջուղայի ենթայանձնախմբի փոխ-նախագահ Զարեհ Ղարախանեանը։

Պրն. Միրզայեանսը նշելով, որ շախմատի ասպարէզում Իրանը եւ Հայաստանը մեծ ախոյաններ են ունեցել՝ շնորհակալական խօսք ուղղեց Փերիոյ Կրթ. միութեանը՝ իր գովելի նախաձեռնութեան համար։

Զարեհ Ղարախանեանը նոյնպէս շնորհակալութիւն յայտնելով կազմակերպիչներին եւ ի մասնաւորի մասնակիցներին՝ անդրադարձաւ Իրանում միաստւածութեան կրօններին դաւանող ժողովուրդների խաղաղ համակեցութեանն ու միմեանց նկատմամբ ունեցած յարգանքին, նշելով, որ այդ համակեցութեան կենդանի ապացոյցը կարելի է համարել այս մրցաշարի իրականացումը։

Փակման ծրագրին ներկայ էին նաեւ ՀՀ 100-ամեակի Նոր Ջուղայի ենթայանձնախմբի ներկայացուցիչները։

Բոլոր ելոյթները հնչեցին պարսկերէնով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։