Հա

Համայնք

05/04/2018

Աւագ շաբաթւայ եւ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները տեղի ունեցան Նոր Ջուղայի թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին եւ յաւուր պատշաճի քարոզեց։ 

«alikonline.ir» - Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները տեղի ունեցան Նոր Ջուղայի թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին եւ յաւուր պատշաճի քարոզեց։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ Աւագ հինգշաբթի առաւօտեան Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցւած ս. եւ անմահ պատարգին մասնակցել էին նաեւ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 5-րդ եւ 6-րդ դասարանների սաներն ու «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները՝ պատկան տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի ուղեկցութեամբ, իսկ թեմի Կրօնական խորհրդի մտայղացմամբ եւ յատուկ դասաւորութեամբ, ՀՀ 100-ամեակի առիթով, Ս. Ներսէս եկեղեցում մատուցւող Ոտնլւայի արարողութեան ընթացքում, որը տեղի ունեցաւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ու կատարողութեամբ, առաջնորդ Հայր Սուրբը լւաց ազգային մարմինների ներկայացուցիչների ոտքերը։

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութիւնը համագործակցելով թեմի Կրօնական խորհրդի հետ՝ աշակերտների ներկայութիւնն ապահովեց զանազան եկեղեցիներում՝ Աւագ երեքշաբթի օրւայ արարողութեան 10 կոյսերի դերը մարմնաւորելու, ինչու չէ նաեւ Ոտնլւայի կարգին մասնակցելու համար։

Ս. Զատկի Ճրագալոյցին, շաբաթ՝ 2018 թւականի մարտի 31-ի երեկոյեան, թեմակալ առաջնորդը նախագահեց Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու ս. եւ անմահ պատարագին, որի ընթացքում ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Ս. Յարութեան տօնի պատգամը՝ «Քրիստոսի յարութիւնը՝ մարդու ազատագրումը մեղքից» խորագրով։

Կիրակի՝ ապրիլի 1-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնի՝ Ս. Զատկի առթիւ, դարձեալ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց թաղային եկեղեցիներում։

Ս. Ստեփանոս եկեղեցու պատարագիչն ու քարոզիչն էր գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։

Նա յընթացս ս. պատարագի ընթերցեց իր պատգամը, ուր անդրադառնալով Քրիստոսի կրած չարչարանքներին, խաչելութեանը եւ յարութեանը, յատկապէս շեշտեց, որ մարդ արարծը մերօրեայ ժամանակաշրջանում ապրում է այնպէս կերծես, թէ մահ եւ հաշւեյարդար գոյութիւն չունի։ Նա կոչ արեց կեանքում դրսեւորել սէր, յարգանք, եղբայրութիւն, փոխզիջում, հանդուրժողականութիւն եւ յատկապէս ներողամտութիւն՝ փոխադարձաբար Աստծոյ ողորմութեանը, ներողամտութեանն ու շնորհներին արժանանալու համար։

Սոյն պատգամն ընթերցւեց նաեւ թեմիս միւս եկեղեցիներում։

Կիրակի՝ երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ընդունեց ազգայինների եւ համայնքի անդամների շնորհաւորանքները՝ տօնի կապակցութեամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։