Հա

Համայնք

05/04/2018

Իրանահայ 30-րդ Գարնանային խաղերը տեղի ունեցան մարտի 20-ից 25-ը` Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, Իրանահայ Գարնանային յոբելեանական 30-ամեայ խաղերի հանդիսաւոր բացումը, ներկայութեամբ Թեհրանի եւ Սպահանի պաշտօնական հայ եւ պարսիկ հրաւիրեալների, մարզական պատւիրակութիւնների, միութենականների եւ հոծ բազմութեան տեղի ունցաւ երեքշաբթի՝ թւականիս մարտի 20-ի ժամը 20:30-ին, նոյն միութեան մարզասրահում:

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, Իրանահայ Գարնանային յոբելեանական 30-ամեայ խաղերի հանդիսաւոր բացումը, ներկայութեամբ Թեհրանի եւ Սպահանի պաշտօնական հայ եւ պարսիկ հրաւիրեալների, մարզական պատւիրակութիւնների, միութենականների եւ հոծ բազմութեան տեղի ունցաւ երեքշաբթի՝ թւականիս մարտի 20-ի ժամը 20:30-ին, նոյն միութեան մարզասրահում:

Խաղերը նւիրւած էին Գարնանային խաղերի 30-ամեակին եւ Նոր Ջուղայի մարզական աշխարհին:

Պատւոյ օթեակում ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան, Թեմիս ազգային իշխանութեան եւ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը եւ միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները։

Ներկաներին հայերէն եւ պարսկերէն լեզուներով ողջունեց օրւայ հանդիսավարուհի՝ Մանիա Ղուկասեանը, որից յետոյ Սկաուտական միաւորի Արի-Արենուշական հատւածի եւ Երէց փաղանգի ներկայացուցիչների մասնակցութեամբ կատարւեց դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը, ապա տեղի ունեցաւ մարզական պատւիրակութիւնների տողանցք-շքերթը՝ մասնակցութեամբ Հայաստանի, Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան, Հայ Մ. «Նայիրի» եւ Հայ Մ. «Սարդարապատ» միութիւնների, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի եւ Ուրմիոյ մասնաճիւղերի, Հայ Մ. «Րաֆֆի» համալիրի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի մարզական պատւիրակութիւնների:

Այնուհետեւ ցուցադրւեց տեսանիւթ, որով ներկայացւեց ուրբաթ՝ մարտի 16-ին, Ս. Ամենափրկիչ Վանքում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան Սրբոց Նահատակաց յուշարձանի առջեւ կայացած Ջահավառութեան արարողութիւնը, որին յաջորդեց ջահակիր խմբի մուտքը դահլիճ, որին մաս էին կազմում 2014-թւականից ի վեր որպէս գլխաւոր ջահակիր ներկայացւած յաջողակ մարզիկներն ու մարզիչները: Ջահակիր խմբի անդամներին ներկայացնելուց յետոյ խաղերի խորհրդանշական կրակը բոցավառեց գլխաւոր ջահակիր՝ բասկետբոլիստուհի եւ Իրանի կանանց բասկետբոլի ազգ. հաւաքականի վաստակաւոր մարզիչ՝ Այլին Մելիքեանը, ապա հնչեց ջահակիր խմբին եւ մարզական պատւիրակութիւններին նւիրւած «Հայ Մարզիկի օրհներգը»՝ Թանիա Մինասեանի եւ Արայիկ Սիմոնեանի կատարմամբ:

Մարզիկների եւ իրաւարարների երդման կարգը կատարեցին Մարտունի Խաչիկեանը եւ Լուսինէ Սէթ-Աղայեանը, որից յետոյ խաղերը կազմակերպող միութեան Կենտրոնական վարչութեան խօսքն ընթերցեց նոյն վարչութեան անդամ Մանիա Ղուկասեանը, նշելով. «Նոր Ջուղայի Հայ համայնքը դեռ վաղ անցեալից աշխոյժ ներկայութիւն է ունեցել մարզական կեանքում եւ Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական հերթական վարչութիւնների շնորհիւ, օրւայ պայմաններին համապատասխան, մեծ ներդրումներ է կատարւել սոյն բնագաւառի զարգացման ուղղութեամբ՝ նոր որակ հաղորդելով միութեան մարզական կեանքին... եւ այսօր ՀՀ անկախութեան 100-ամեակի սեմին առաջնորդւելով նոյն գաղափարներով սկսում ենք 30-րդ Գարնանային խաղերը: Խոնարհւելով Հայաստանի անկախութեան ճանապարհին զոհւած նահատակների յիշատակի առջեւ, շնորհաւորում ենք ՀՀ անկախութեան հռչակաման 100-ամեակի մեծ տօնը»:

Յաջորդիւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի ուղերձն ընթերցեց Ռուդիկ Եարանեանը, որում մեծարգոյ դեսպանը շնորհաւորելով Գարնանային խաղերի 30-ամեայ յոբելեանը, յաջող ընթացք էր մաղթել եւ նշել, որ նման միջոցառումները առիթ են հայ երիտասարդներին մէկ գաղափարի շուրջ համախմբելու եւ միմեանց հետ ծանօթացնելու համար:

Ելոյթների աւարտին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը յղելով կազմակերպիչներին եւ մարզական պատւիրակութիւններին, ասաց. «Սիրելի հայրենակիցներ, այսօր երբ Գարնանային խաղերի 30-ամեակն ենք տօնում, այն կողմ գազանաբարոյ հրէշը, արդի արհեստագիտութեան նորագոյն ծնունդ՝ բջջային գործիքը, բաժանում եւ պառակտում է զանազան ձիրքերով օժտւած շնորհալի նոր սերնդին, որովհետեւ նրան հեռացնում եւ օտարացնում է հայութիւնից, հայկականութիւնից, աւանդութիւններից եւ ի մասնաւորի եղբայրասիրութիւնից, միասնականութիւնից ու մտերմութիւնից: Ահաւասիկ այսպիսի համաճարակը փրկելու լաւագոյն միջոցը եւ լուծումը ներկայանում է մեր աննման համայնքի հարազատ այս շքեղ տունն ու մեր Գարնանային խաղերը»:

Դահլիճում ստեղծւած խանդավառ եւ ուրախութեամբ լեցուն պահը առաւել խանդավառւեց գեղարւեստական շքեղ յայտագրով, որի մեկնարկը տրւեց միութեանս Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի պարախմբի եւ հրաւիրեալ պարուհիներ՝ Ալինա Յարութիւնեանի, Նինէ Պետրոսեանի եւ Սիւնէ Ուղուրեանի պարային համարի ներքոյ հսկայական գնդակի մուտքով, որը բացւելով երգչուհի Վանա Շիրւանեանը յայտնւեց գնդակի միջից եւ կատարեց «Sway» երգի երաժշտութեան հիման վրայ ստեղծւած Նոր Ջուղայի եւ Գարնանային խաղերի գովքը կատարող՝ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի հեղինակային երգը, որի ընթացքում էկրանի վրայ ցուցադրւում էին թեմատիկ պատկերներ եւ տեսանիւթ: Յաջորդ պարային համարը «Լոյսերի» պարն էր՝ «Կռունկ» պարախմբի կատարմամբ, որը՝ պարուհիների զգեստների վրայ տեղադրւած լոյսերի եւ գեղեցիկ ներկայացման շնորհիւ, հիացրեց հանդիսատեսին։ Հայկական մեղեդիների ներքոյ պարախումբը գեղեցկօրէն կատարեց «Գնչուական պարը», իսկ հայկական աւանդական եւ արդիական օտար պարերի մրցում-ներկայացումը՝ Վանա Շիրւանեանի, Հարմա Կարապետեանի եւ Վանանդ Իսաղուլեանի երգի կատարման հետ զուգահեռ, կատարեցին Քրիստինէ Յակոբեանը եւ Ալինա Յարութիւնեանը, որը յանգեց միասնական «Քոչարի» պարով, ապացուցելով, որ ազգային պարը երբեք չի նահանջելու եւ աւանդական լինելով հանդերձ, միշտ մնալու է արդիական: Դպրոց-միութիւն միասնականութիւնը պատգամող «Հայաստան» երգով հանդէս եկաւ Նարբէ Գրիգորեանը՝ ընկերակցութեամբ Հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» դպրոցների աշակերտ-ուհիներից կազմւած խմբի։ Գեղարւեստական յայտագիրը աւարտւեց «Հու-հա» երգի ներքոյ բոլոր պարուհիների եւ խաղերի խորհրդանիշ՝ Արիօի միասնական պարով:

Գեղարւեստական յայտագիրը ընդմիջւում էր Նոր Ջուղայի եւ նրա մարզական աշխարհի ու 30-ամեայ Գարնանային խաղերի պատկերներով պատրաստւած տեսանիւթով եւ Գինեսի ռեկորդակիր՝ Ալի Բեհբուդի-Ֆարի բասկետբոլի գնդակով ցուցական ներկայացումով։

Բացման Հանդիսութեան գեղարւեստական ղեկավարն էր 30-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսութեան յանձնախումբը, որին մաս էին կազմում Ռիմա Սիմոնեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանը, Նայիրի Այւազեանը, Ալենուշ Մարտոյեանը, Վաղօ Տէր-Սուքիազեանը եւ Րաֆֆի Մկրտչեանն ու Կենտրոնական վարչութեան եւ յանձնախմբի կապ՝ Լորետա Դաւթեան։

«Կռունկ» պարախմբի պարուսոյցն է Նունէ Մկրտչեանը եւ պարախումբը  ներկայացնում էին Նարէ Ասատրեանը, Աւենիա Բաղրամեանը, Լեռնիկ Ղազարեանը, Սիւնէ Շահիջանեանը, Վանէ Մինասեանը, Վանէ Իսաղուլեանը, Ալինա Տէր-Սուքիազեանը, Սարինէ եւ Սերինէ Խուդաբախշեանները, Քրիստինէ Յակոբեանը, Նարէ Մարկոսեանը, Նազէ Ասատրեանը եւ պարի դասարանի սաները։

Ծրագրի իրականացման գործում համագործակցել էր Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ-ուհիները, ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։ 

Հնգօրեայ խաղերը կայացան՝ բասկետբոլ, սեղանի թենիս եւ ֆուտբոլ մարզաճիւղերում:

Խաղերի փակումը տեղի ունեցաւ մարտի 25-ին՝ մեդալաբաշխման հանդիսութեամբ:

Ծրագրի սկզբում հաղորդավարուհի՝ Վանա Շիրւանեանը, խաղերի կազմակերպիչների անունից շնորհակալական խօսք ուղղեց բոլոր նրանց, որոնց համագործակցութեան շնորհիւ իր յաջող աւարտին հասաւ այս շրջանի խաղերը, ապա յաղթող խմբերին շնորհւեց՝ վկայագրեր, մեդալներ ու գաւաթներ:

Մրցանակները յանձնեցին Միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը, միութեան Կենտրոնական եւ Մարզական միաւորի վարչութիւնների անդամները, 30-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսութեան եւ ֆուտբոլի յանձնախմբերի ներկայացուցիչները:

Կարգապահութեան գաւաթին արժանացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի պատւիրակութիւնը։

Նշելի է, որ մինչ փակման հանդիսութիւնը հոծ բազմութեան խրախուսանքների ներքոյ պայքարեցին եզրափակիչ փուլ անցած Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան տղայոց երէց բասկետբոլի խմբերը. արդիւնքում մրցադաշտից յաղթող դուրս եկաւ հիւրընկալ միութեան թիմը:

Հնգօրեայ մարզական փառատօնը իրականացաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպիչ յանձնախմբի, միութեան Մարզական, Մշակութային, Երէցների, Սկաուտական եւ Ուսանողական միաւորների, Կարգապահական կազմի, Ֆուտբոլի յանձնախմբի ու անհատների անշահախնդիր համագործակցութեամբ:

Խաղերի ընդհանուր պատասխանատուն էր Կենտրոնական վարչութեան անդամ՝ Էդւարդ Ղազարեանը։

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։