Հա

Համայնք

12/04/2018 - 09:40

Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչներ, այլ հրաւիրեալներ եւ ժողովուրդ։

Երեկոն սկիզբ առաւ «Կռունկ»-ի երաժշտութեան ներքոյ Թեհրանի «Զարթօնք» պարախմբի երկու անդամների զուգապարով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Վանա Զոհրաբեանը։ Այս խօսքում ընդգրկւած էին մօրը մեծարող ու գովերգով, ինչու չէ նաեւ ՀՀ 100-ամեակի պանծալի առիթին նւիրւած արտայայտութիւններ։

Մի բաժնի մէջբերում բացման խօսքից.  «100 տարի առաջ, երբ աշխարհի բոլոր ժողովուրդների հետ հայութիւնն էլ թեւակոխեց 1918 թւական, չգիտէինք, որ մի քանի ամիս յետոյ Կովկասի շրջանի եղելութիւնները ստանալու են այնպիսի ընթացք, որի արգասիքը պատմական Հայաստանի փոքր հողաշերտի վրայ մեր նորագոյն պատմութեան ամենալուսաւոր էջի կերտումը պիտի լինէր»։

Գեղարւեստական յայտագրով ծրագիրը վարեցին Վանէ Շահնազարեանն ու Սեւադա Իսաղուլեանը՝ հետաքրքիր ու պատշաճ մէջբերումներով ու արտայայտութիւններով։

Առաջին բաժինը նւիրւած էր Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին, իսկ երկրորդ բաժինը՝ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին։  Առաջին բաժնում Շահինշահրի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի անդամներ՝ Նարէ Մարկոսեանը կատարեց «Մայրիկ» երգը, իսկ Արգին Շահմիրզայեանը՝ «Հայոց Մայրեր»-ը։ «Մայր» բանաստեղծութիւնն ասմունքեց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամ Վանիա Պետրոսեանը, իսկ «Վաղարշապատ» պարային համարը՝ «Զարթօնք»-ը, «Մայր իմ սուրբ ու բարի»-ն մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, «Իմ մայրիկ»-ը զուգերգեցին «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ Թանիա Մինասեանն եւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Մայրերին նւիրւած յուզիչ բաժինը եզրափակւեց գերպ. Հայր Սուրբի միջոցով «Երազ-երազ» երգի մենակատարմամբ։

Երկրորդ բաժինը սկիզբ առաւ «Նարօտ» երգչախմբի անդամ Արութին Հախնազարեանի «Քայլենք միասին» երգի կատարմամբ. «Առաքել Մուշեղ»-ը կատարեց «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ Վանա Շիրւանեանը: «Մենք հպարտ ենք» բանաստեղծութիւնը ասմունքեց «Փարոս» խմբից Մեղրի Կարապետեանը եւ «Պատերազմ էք գնում»-ը երգեց «Նարօտ»-ի անդամ Շանթ Թահմազեանը: «Արժանի» երգի կատարմամբ հանդէս եկան Վանանդ Իսաղուլեանն ու Արութին Հախնազարեանը, իսկ «Վաղ թէ ուշ»-ը մեներգեց Թանիա Մինասեանը: «Զարթօնք» պարախումբը հանդէս եկաւ «Սեւանի» եւ «Սիս ու Մասիս» պարերով:

Անզուգական կատարումներով յագեցած այս ձեռնարկի ընդհանուր ղեկավարն էր գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, իսկ  «Զարթօնք» պարախմբինը՝ Լորետա Աւետիսեանը։ Ծրագրի իրականացման գործում համագործակցութիւն էր ցուցաբերել Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանը: Երաժշտութիւնների գործիքաւորումը կատարւել էր Հարմա Կարապետեանի միջոցով։

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, թեմի Պատգ. ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի եւ Բարեգործական ընկերութեան նախագահ Սանդրա Խուդաբախշեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին երեկոյի ղեկավարներին ու կատարողներին:

Վերջում արտայայտւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ.վրդ. Քէչէճեանը, ով սկզբում հանդէս եկաւ տօնի առթիւ ջերմ շնորհաւորանքներով ու ձեռնարկի կազմակերպիչներին ուղղւած գնահատանքի խօսքով։ Նա ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած լինելու եւ բարձրորակ կատարումների շնորհիւ երեկոն բացառիկ համարեց եւ աւելացրնելով, որ հայ ընտանիքում հայրը տաճար է, իսկ մայրը՝ այդ տաճարի սրբութիւնը, ասաց. «Բոլորս հաւատում ենք, Աստւած գերագոյն սրբութիւնն է. Աստւած աշխարհում՝ որպէս իր սրբութեան, գուրգուրանքի, հոգատարութեան եւ գգւանքի մարմնացում Ադամի կողքից ստեղծեց կնոջը, մեզ համար մօրը»։ Հայր Սուրբը ակնարկ կատարելով հայ մօր դերակատարութեանը ընտանիքում, դրւատանքի խօսք ուղղեց զոհողութեան խորհրդանիշ բոլոր հայ մայրերին։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ
    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

  • Ձախողւած մտադրութիւն
    Ձախողւած մտադրութիւն

    Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
    Ի՞նչ պիտի ասեմ իմ մօրը բարի,
    Ա՜խ , չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
    Չեմ տեսել արդէն ես քանի տարի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։