Հա

Համայնք

18/04/2018

Մայրերի տօնի առթիւ միջոցառում՝ Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ

Չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11- ի կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, «Սրբոց Վարդանանց» սրահի յարկի ներքոյ, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը նախաձեռնել էր ձեռնարկ՝ Մայրերի տօնի առիթով։ 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11- ի կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, «Սրբոց Վարդանանց» սրահի յարկի ներքոյ, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը նախաձեռնել էր ձեռնարկ՝ Մայրերի տօնի առիթով։ Ծրագրին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, համայնքի հայոց ազգ. դպրոցների ուսուցչական կազմն ու ծնողական խորհուրդը, «Նարեկ» երգչախմբի ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան անդամուհիները եւ մի շարք այլ հրաւիրեալներ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին միութեան վախճանեալ անդամուհիների եւ առ հասարակ մայրերի յիշատակը։

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, ով շնորհաւորելով Ս. Աստւածածնի Աւետման տօնի առթիւ, մաղթեց բոլորին առողջութիւն, յաջողութիւն եւ  երջանկութիւն:

Այնուհետեւ բանախօսական զրոյց ծաւալեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Նա անդրադառնալով Ս. Աստւածածնի աւետմանը ընդգծեց, որ Ս. Կոյս Մարիամի ներկայացուցիչները երկրում մայրերն են, ովքեր դաստիարարկութիւնից, խնամքից եւ գուրգուրանքից բացի՝ զաւակի մէջ արժէքներ ու հաւատ են սերմանում եւ պարտիզպանի նման խնամում այն։ Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ շեշտելով, որ հայ մայրերի համար ազգի բոլոր զաւակները հաւասար են իր զաւակի հետ, ինչի պատճառով էլ նա առանձնանում է միւս ազգերի մայրերից, իր ելոյթը եզրափակեց Գարեգին Նժդեհի հետեւեալ խօսքով. «Ազգի ապագան երիտասարդների ձեռքերում է, բայց մօր առաջնորդութեամբ ու օրհնութեամբ»։

Օրւայ առիթով իր ջերմ շնորհաւորանքները փոխանցեց նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ Միջոցառման գեղարւեստական բաժնում երգերով ու ասմունքներով ելոյթ ունեցան՝ Արգին Շահմիրզայեանը, Ռիտա Մինասեանը, Ժաննա Շահբազեանը, Այիդա Մուրադեանը, Վարդուհի Պօղոսեանը, Սառա Գրիգորեանը, Քարմէն Յակոբեանն ու երէցկին Սեւանայ Քէօշկէրեանը։

Նախատեսւել էր հիւրասիրութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։