Հա

Համայնք

06/05/2018

ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած մանկական գեղարւեստական երեկոյ՝ Նոր Ջուղայում

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի գրական միաւորի նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական երեկոյ՝ յագեցած մանկական գեղեցիկ ներկայացումներով: 

«alikonline.ir» - Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի գրական միաւորի նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական երեկոյ՝ յագեցած մանկական գեղեցիկ ներկայացումներով: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Փոքրիկներից ու նրանց ծնողներից բացի՝ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, ազգային մարմինների, հայոց դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի Գրական միաւորի անդամուհի Քառոլին Վարդանեանը, ով ողջունելով ներկաներին, անդրադարձ ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր սերնդին եւ հայ ժողովրդի ձեռքբերումներին:

Ծրագրի առաջին գեղարւեստական ելոյթն իրականացւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի համագործակցութեամբ, ուր հայրենասիրական երգերով ու ասմունքով ելոյթ ունեցան մանկապարտէզի դեղին խմբակի սաները:

Փոքրիկների գեղեցիկ ելոյթին յաջորդեց «Պապն ու շաղգամը» հեքիաթի ներկայացումը մի խումբ մանուկների ու պատանիների հետաքրքիր կատարմամբ: Ներկայացման պատմիչն էր Ստեփանիա Յակոբեանը, իսկ դերերում հանդէս եկան՝ Թադէ, Թեդի եւ Թենի Թահմազեանները, Անիա եւ Գեւիկ Յովսէփեանները, Միրօ Խուդավերդեանն ու Սիսիանա Յակոբեանը:

Յաջորդ ներկայացումը Յովհաննէս Թումանեանի «Շունն ու կատուն» էր, որը բեմականացւեց մասնաճիւղի Գրական միաւորի ջանքերի շնորհիւ: Պատմիչի դերը ստանձնել էր միութեան անդամուհի Վեհանուշ Խուդաբախշեանը, իսկ միւս կերպարները մարմնաւորեցին դարձեալ միութենականներ՝ Սոնիա Մկրտչեանն ու Վանէ Թորոսեանը, պատանի Լէօ Շահիջանեանը եւ փոքրիկ Մանէ Բարսեղեանը:

Աւարտին թատրոնի դերձակ կատուն եւ իր օգնականը մանուկների հետ հաճելի երկխօսութեան մէջ մտնելով՝ նրանց փոխանցեցին հեքիաթի պատգամը՝ լինել պարտաճանաչ եւ կատարել խոստումները:

Հաճելի եւ խանդավառ երեկոյի եզրափակիչ խօսքն արտասանեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Նա իր ուրախութիւնը յայտնելով՝ դաստիարակիչ կէտերով յագեցած ծրագրի իրականացման համար, կարեւորեց այն հանգամանքը, որ փոքրիկներն իրենց վարքագիծը հաստատում են մեծերին ընդօրինակելով:

Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ նոյնպէս կարեւորելով խոստումին տէր կանգնելը, մատնանշեց առաջին ներկայացման պատգամը եւ ասաց, որ դժւարութիւնները յաղթահարելու համար պէտք է թեւութիկունք կանգնենք միմեանց եւ վստահենք նաեւ փոքրիկ ուժերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։