Հա

Համայնք

23/05/2018

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մատուցւած իր առաջին եպիսկոպոսական ս. պատարագը Նոր Ջուղայում

Կիրակի՝ 2018 թւականի մայիսի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ հոծ բազմութեան ներկայութեամբ, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մատուցեց իր անդրանիկ եպիսկոպոսական ս. պատարագը: 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի մայիսի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ հոծ բազմութեան ներկայութեամբ, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մատուցեց իր անդրանիկ եպիսկոպոսական ս. պատարագը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. պատարագին մասնակցում էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ Գուճանեանը եւ եկեղեցական դասը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:

Յընթացս ս. եւ անմահ պատարագի առաջնորդ Սրբազան Հայրն փոխանցեց իր քարոզը, ուր նախ փառք ու գոհունակութիւն յայտնեց Աստծուն եւ շնորհակալական խօսք ուղղեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ իր ցուցաբերած հայրական խնամքի, հոգածութեան ու գուրգուրանքի համար:

Շարունակութեան մէջ քարոզիչ հայրը բացատրեց Հոգեգալստեան տօնի մասին եւ նշեց. «Շատ հետաքրքիր է ընտրւած բնաբանը, որն ասում է.- «Երբ Պենտեկոստէի օրը հասաւ, բոլոր հաւատացեալները միասնաբար մէկտեղւած էին»: Այստեղ մեր ուշադրութիւնը գրաւող բառերը աշակերտների ու առաքեալների միասնութիւնն ու մէկտեղումն է, որ ուզում եմ մեր խորհրդածութեան առանցքը դարձնել»: Սրբազան Հայրը մի այլ բաժնում ասաց. «Այստեղ ուզում եմ իւրայատուկ կերպով ընդգծել բոլոր առաքինութիւնների ու շնորհների կարեւորագոյն, գլխաւոր ու աւագ երեքը, որոք են՝ հաւատքը, յոյսն ու սէրը: Ինչո՞ւ: Որովհետեւ սրանք դարձան պատճառն ու հիմքը՝ աշակերտների ու առաքեալների մէկտեղւելու»:

Պատարագի աւարտին հաւատացեալները հաղորդութիւն ստացան, ապա համախմբւեցին եկեղեցու բակում, ուր Սրբազան Հօր եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման առթիւ իրականացւեց միջոցառում:

Ծրագրում ձեռնադրութեան մասին բացատրութեամբ եւ յանուն թեմի ազգային մարմինների շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Պատգ. Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, որից յետոյ ազգային մարմինների կողմից պատրաստւած նւէրները՝ լանջախաչը, պանակէն եւ առաջնորդական գաւազանը շնորհւեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին: Իսկ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անունից շնորհաւորանքի խօսք ընթերցեց Լիդա Սիմոնեանը:

Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւս իր հերթին հանդէս եկաւ շնորհակալական խօսքերով:

Միջոցառման աւարտին ներկաները մօտենալով Սրբազան Հօրն իրենց ջերմ շնորհաւորանքներն ու մաղթանքները փոխանցեցին նրան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։