Print this page
23/06/2018 - 08:30

ՀՀ 100-ամեակին նւիրւած աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամլիրի կազմակերպութեամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Որպէս հանդիսատես ներկայ էին ազգային մարմինների եւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ու Նոր Ջուղայի տօնակատարութեան ենթայանձնախմբի ներկայացուցիչները, դպրոցի անձնակազմը եւ մասնակիցների ծնողներն ու հարազատները:

Մրցոյթի մեկնարկը տրւեց ՀՀ օրհներգով՝ ներկաների միասնական կատարմամբ, այնուհետեւ արտայայտւեց կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանը, ով բացատրելով, որ սոյն միջոցառումին նախապատրաստւելու եւ աշակերտների գիտելիքների շտեմարանն առաւել հարստացնելու համար՝ դպրոցի պատասխանատուների կողմից պատրաստւել եւ գարնանային արձակուրդից առաջ սաներին է տրամադրւել համապատասխան թեմաներից կազմւած մի գրքոյկ, անդրադարձաւ այս առիթով դպրոցում իրականացւած միւս միջոցառումներին, որոնք են՝ չորրորդ դասարանի աշակերտների մասնակցութեամբ տեղի ունեցած ընթերցանութեան մրցոյթը եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում բոլոր սաների համար կազմակերպւած միօրեայ ճամբարը: Նա աւելացրեց, թէ նշւած միջոցառումները տեղի են ունեցել ՀՀ 100-ամեակի հիմնադրման Կենտ. յանձնախմբի եւ Նոր Ջուղայի ենթայանձնախմբի համագործակցութեամբ ու հովանաւորութեամբ:

Տնօրինութեան խօսքին յաջորդեց ուսուցչուհի եւ մրցոյթի վարող Սեդա Բարղեանի արտայայտութիւնը, ուր կարեւորութեամբ ընդգծւած էր, թէ հակառակ իր կարճատեւ կեանքին՝ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը ոչ միայն անգնահատելի դեր ունեցաւ հայ ժողովրդի հետագայ պատմութեան համար, այլեւ հայութեան մէջ արմատաւորեց ազգային միասնութեան ու պետականութեան վերականգնման համահայկական տեսլականը:

Իրաւարարութեան պատասխանատու գործը վստահւել էր ուսուցչուհիներ՝ Ժանետ Բաղումեանին, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանին եւ Անահիտ Օհանեանին, որոնց հետ համագործակցեց հարցաշարի համակարգչային ձեւաւորող եւ դպրոցի գրասենեակի պատասխանատու Արփինէ Յովսէփեանը:

Մասնակիցները բաժանւել էին 6 խմբերի միջեւ. իւրաքանչիւր խմբին անդամակցում էին 6-7 անդամներ: Խմբերն անւանւել էին՝ «Արծիւ», «Առիւծ», «Արարատ», «Ղարաբաղ», «Էջմիածին» եւ «Նայիրի», որոնց մրցոյթին մասնակցելու հերթականութիւնը ճշտւեց վիճակահանութեամբ: Նկատի առնւած երկու առանձին փուլերում մրցակից խմբերը պատասխանեցին «Հայկական թագաւորութիւններ», «Հայաստանի Հանրապետութիւններ», «Արցախի Հանրապետութիւն», «Հայոց Ցեղասպանութիւն ու «Նեմեսիս» գործողութիւն», «Հայկական խաչքարեր» եւ «Ընդհանուր գիտելիքներ» բնագաւառների հարցերին: Արդիւնքում «Նայիրի» խումբը առաւելագոյն նիշ հաւաքելով՝ հանդիսացաւ մրցոյթի յաղթողը. յաղթող խմբի անդամներն էին՝ Լուսին Տէր-Մկրտչեանը, Ադելինա Յարութիւնեանը, Փրենի Թահմազեանը, Յաւերժ Յակոբեանը, Էմիլի Նաւասարդեանն ու Արփի Ղազարեանը:

Ընթացքում արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի եւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա ողջունելով դպրոցի պատասխանատուների մտայղացումը մրցոյթի կազմակերպման համար՝ մեծ յաջողութիւն համարեց նման համարձակ սերունդ դաստիարակելը: Պրն. Օհանեանը նշելով նաեւ, որ եթէ չիմանան, չեն ճանաչելու եւ եթէ չճանաչեն, զոհողութիւն չեն կատարելու, ընդգծեց, թէ պէտք է մատաղ սերնդին սովորեցնել եւ ճանաչեցնել հայ ժողովրդի պատմութիւնն ու ներկայ կացութիւնը եւ իր հպարտութիւնը յատյնեց առ այն, որ հայ տնօրինութեամբ ղեկավարւող այս ազգային դպրոցում ջանք չի խնայւում աշակերտների հայեցի դաստիարակութեան եւ բազմակողմանի զարգացման ուղղութեամբ:

Որպէս եզրափակիչ խօսք պրն. Շիրւանեանը շնորհաւորելով բոլոր մասնակիցներին՝ շնորհակալական խօսք ուղղեց Թեմական եւ Կրթական խորհուրդներին, ՀՀ 100-ամեակի յանձնախմբերին եւ դպրոցի անձնակազմին՝ մրցոյթի կազմակերպման գործում կատարած համագործակցութեան, ինչպէս նաեւ ծնողներին՝ իրենց զաւակների նախապատրաստւելու հարցում կատարած աշխատանքի համար:

Վերջում Թեմական եւ Կրթական խուրհուրդների ներկայացուցչներ՝ Սոնիկ Բաղումեանի եւ Մինաս Թահմազեանի, ՀՀ 100-ամեակի Նոր Ջուղայի տօնակատարութեան ենթայանձնախմբի անդամուհի Նորա Շահիջանեանի ու դպրոցի տնօրէններ՝ Վրէժ Շիրւանեանի եւ Արսինէ Դաւթեանի միջոցով գնահատագրեր յանձնւեցին բոլոր մասնակիցներին: Յաղթողի պարգեւատրումը կը կատարւի դպրոցի աւարտական հանդիսութեան ընթացքում:

Նշելի է, որ կազմակերպիչների գեղեցիկ մտայղացմամբ, նախքան մրցութային բաժնի մեկնարկը, ներկաների մէջ աշխուժութիւն առաջացնելու նպատակով, մի մրցոյթ յայտարարւեց հանդիսատեսի մասնակցութեամբ: Այս ծիրում ցանկացողներին բաժանւեցին հարցաթերթիկներ, որտեղ պահանջւել էր հերթականութեամբ նշել Հայաստանի առաջին Հանրապետութեան չորս վարչապետների անունները: Ներկաները մեծ ոգեւորութեամբ եւ խանդավառութեամբ պատասխանեցին հարցին, իսկ վերջում ճիշտ պատասխանողներից վիճակահանութեամբ ընտրւեց եւ պարգեւատրւեց ծնող Ալենուշ Քամարզարեանը:

Յարակից լուրեր