Հա

Համայնք

28/07/2018 - 09:40

Նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան որոշումների հիման վրայ նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար:

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան որոշումների հիման վրայ նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հարկ է նշել, որ Սպահանի Պետական համալսարանի աւելի քան 50 տարի անցեալ ունեցող Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի հիմնադրման եւ բարգաւաճման, ինչպէս նաեւ պատկան ֆակուլտետի շէնքի կառուցման գործում իր դերակատարութիւնն ու ներդրումն է ունեցել թեմիս ազգային իշխանութիւնը: Դժբախտաբար վերջին տարիներին ֆակուլտետի աշխատանքների սահուն ընթացքը խանգարել են երկու հանգամանքներ՝ ամբիոնի գիտական խորհրդում դոկտորայի աստիճանով դասախօսների եւ բաւարար թւով ուսանողների պակասը: 

Ամբիոնի պատասխանատուների նախաձեռնութեամբ քայլեր են իրականացւել դասախօսական կազմի համալրման ուղղութեամբ, ըստ որի գերլիսանս ունեցող երկու ուսանողներ (մէկը հայ) ներկայացւել են Երեւանի Պետական համալսարան՝ դոկտորայի մակարդակում ուսանելու. այս հարցին ժամանակաւորապէս լուծում տալու նպատակով՝ թեմիս ազգային իշխանութեան համագործակցութեամբ եւ հովանաւորութեամբ Հայաստանից հրաւիրւել են դասախօսներ:

Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ընդունւելու պայմաններին ծանօթանալու համար՝ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թւականի յուլիսի 14-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում կայացաւ հանդիպում, ուր ներկայ էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից անդամներ՝ ի մասնաւորի երիտասարդներ: 

Հանդիպումն սկիզբ առաւ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանի խօսքով, ով բացատրութեամբ հանդէս եկաւ այս ճիւղն աւարտածների համար Իրանում եւ Հայաստանում առկայ աշխատանքային հնարաւորութիւնների մասին: 

Այնուհետեւ դոկտ. Նորայր Թումանեանը, ով նոյնպէս լինելով Թեմական խորհրդի անդամ, միեւնոյն ժամանակ հանդիսանում է որպէս թեմի Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան նախագահ, անդրադառնալով ամբիոնի ներկայ դժւարութիւններին, լուսաբանեց այն նպաստաւոր պայմանները, որոնք ստեղծւել են ազգային իշխանութեան կողմից՝ այս ճիւղում առաւել չափով հայ ուսանողներ ընդգրկւելու համար: 

Ընթացքում հնչած տեղեկութիւնների համաձայն լուսաբանւեց, որ Հայոց լեզու եւ գրականութիւն ճիւղում ուսանել ցանկացողները պէտք է ունենան միջնակարգ դպրոցի դիպլոմ, իսկ արւեստի դպրոց աւարտածները՝ որեւէ ճիւղի գերդիպլոմ: Ընդունւելու համար հարկաւոր է մասնակցել ընդհանուր կոնկուրսի շրջագծում օտար լեզուների բաժնի մուտքի քննութեանը. քննութիւնում չյաջողելու պարագային հաշւի է առնւում մասնակցի հայ լինելը, ինչի շնորհիւ էլ հնարաւորութիւն է ընձեռւում ուսումը շարունակելու համար:

Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում կրթւելն անվճար է, սակայն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն այս ճիւղի իրանահայ ուսանողներին յատկացնելու է մէկ միլիոն թուման նիւթական օժանդակութիւն՝ իւրաքանչիւր կիսամեակի դիմաց: Բոլորը կարող են օգտւել այս նպաստաւոր հնարաւորութիւնից բացառաբար այն անհատները, ովքեր նախապէս լիսանս են ստացել Իրանի որեւէ պետական համալսարանից:

Օգտաշատ բացատրութիւններ իրազեկելուց յետոյ, հանդիպումն ընթացաւ հարց ու պաստասխանի ձեւով, ուր ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան խորհրդի ներկայացուցիչներից:

Հարկ է նշել, որ լրացուցիչ տեղեկութիւնների համար` կարելի է դիմել Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ:

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ

    Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք, որ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը իր 9-րդ հաշւետու նիստում գումարեալ 2, 3 եւ 13 մայիս 2019 թ.-ին, քննարկեց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի երկամեայ գործունէութիւնը եւ հանեց համապատասխան գնահատականներ, ապա ընտրեց նոր գործադիր մարմիններ առաջիկայ երկամեայ շրջանի համար:

  • «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը՝ Նոր Ջուղայում
    «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցութեամբ, 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրանահայ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» (Project management) դասընթացը, որի մասին ժամանակին իրազեկւել են ընթերցողները, իսկ այս շրջագծում փետրւարի 7-ի առ. ժամը 9-ից իրականացւեց «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը, որի մանրամասնութիւնները լուսարձակի տակ ենք առնում հետեւեալ տողերով։

  • Սպահանի հայոց թեմի գործադիր մարմինների միամեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցը՝ թեմի ժողովրդին
    Սպահանի հայոց թեմի գործադիր մարմինների միամեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցը՝ թեմի ժողովրդին

    Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր թեմիս Թեմական եւ Կրօնական խորհուրդները զեկոյցով հանդէս եկան իրենց կատարած միամեայ գործունէութեան շուրջ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։