Print this page
25/08/2018

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

«alikonline.ir» - Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

Այս տօնի առթիւ կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու եւ Ս. Աստւածածին ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ: Ս. Աստւածածին եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոյն առիթով ս. եւ անմահ պարարագ մատուցւեց նաեւ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցում, ուրբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդի։

Հարկ է նշել, որ Խոյգան գիւղն ունի երեք եկեղեցիներ, որոնցից երկուսը՝ Ս. Յովհաննէսն ու Ս. Ներսէսը, վերջերս վերանորոգւել են  Ֆերէյդունշահրի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի ու զբօսաշրջութեան կազմակերպութեան միջոցով եւ սոյն պատարագը եկեղեցու վերանորոգումից յետոյ իրականացւած առաջին արարողութիւնն է։

Գիւղի պատարագը մատուցւեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ։

Առաջնորդ Սրբազան Հայրը Ս. Աստւածածին եւ Ս. Յովհաննէս եկեղեցիներում տւած իր քարոզի հիմնական առանցքն էր դարձրել «Յովհաննէս» աւետարանի 19-րդ գլխից 26 եւ 27-րդ համարները, որտեղ Քրիստոսը խաչի վրայից այս աշխարհում իր վերջին տնօրինումն է կատարում՝ Ս. Մարիամին ու Յովհաննէսին միմեանց մայր եւ որդի կարգադրելով։ Քարոզի շարունակութեան մէջ Սրբազան Հայրն անդրադառնալով իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնեայի կեանքում առկայ ծնողներին՝  մարմնական եւ հոգեւոր ծնողներին (Ս. Աւետարանը եւ Հայ եկեղեցին)՝ յորդորեց հզօրագոյն յանձնառութեամբ մեր սէրն ու հաւատարմութիւնն արտայայտել զոյգ տեսակի ծնողների նկատմամբ՝ Աստծու ողորմութեանը, օրհնութեանն ու շնորհքներին արժանանալու համար։

Հոգեպարար բոլոր արարողութիւններին յաջորդեց Խաղողօրհնէքի կարգը, որտեղ Աստծուց խնդրւեց օրհնել եկեղեցի բերւած խաղողի ողկոյզներն ու այն ճաշակողներին՝ մեղքերի թողութեանն ու առողջ մարմնի եւ հոգու արժանանալու համար։

Խոյգան գիւղի եկեղեցում, Սրբազան Հայրն իր եզրափակիչ պատգամի ընթացքում  երախտիքի խօսք ուղղեց՝ Իրանի Իսլ. Հանրապետութեանն ու դերակատար կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ բարերար անհատներին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

Առաջնորդի նախագահութեամբ իրականացւած պատարագների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Յարակից լուրեր