Հա

Համայնք

25/09/2018 - 11:00

Դպրոցական առաջին զանգը Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի բակում համախմբւել էին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները։

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի բակում համախմբւել էին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ուսումնական տարեմուտի առթիւ ձեւաւորւած գեղեցիկ աւանդոյթի համաձայն աշակերտներին եւ պատասխանատուներին ողջունելու եւ յաջողութիւն մաղթելու էին եկել՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւ Պատգամաւորական ժողովի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։

Օրւայ ելոյթների շարանը սկիզբ առաւ «Արմէն» դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանի բարի գալստեան խօսքով, ով խորը համոզում յայտնեց, թէ սրտցաւ ու նւիրեալ ուսուցիչների ու պատասխանատուների ջանքերը առաւել կարդիւնաւորւեն ուսումնական եւ դաստիարակչական ոլորտի աշխատանքներում՝ նոր ընդունակութիւնների ու նոր տաղանդների բացայայտմամբ եւ աշակերտները ջանք չեն խնայի՝ ապագայում իրենց գիտելիքներով ու իմացութեամբ մեր ազգային-հասարակական կեանքում եւ այլ բնագաւառներում կարեւոր պարտասխանատւութիւններ ստանձնելու համար։ Տնօրէնն իր ելոյթում շնորհաւորանքի խօսք ուղղեց ՀՀ անկախութեան տօնի առթիւ, իսկ ցաւակցութիւն յայտնեց Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման կապակցութեամբ։

Յանուն թեմի Կրթական խորհրդի արտայայտւեց նոյն խորհրդի փոխ-ատենապետ՝ Սաթենիկ Աւետումեանը։ Նա նշեց, որ հայոց դպրոցներում ծաղկում է մեր մշակոյթը եւ այսօր մի անգամ եւս դպրոցի դարպասները բացւեցին աշակերտների, կրթական մշակների ու հոգատար ծնողների առջեւ եւ ուսումնական այս գեղեցիկ գարնանամուտին ականատեսը եղանք աշակերտների, ուսուցիչների ու ծնողների առոյգ եւ ուրախ ներկայութեանը՝ այս հոգեհարազատ վայրում։

Վերջում իր հայրական օրհնանքը փոխանցեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով շնորհակալութիւններ յայտնեց ազգային իշխանութեանը, Կրթական խորհրդին եւ դպրոցի անձնակազմին, առ այն, որ մեծագոյն զոհողութեամբ են լծւել աշխատանքի։ Նա երախտագիտութեան խօսք ասելով յատկապէս Իրանի Իսլ. Հանրապետութեանն ու Կրթադաստիարակչութեան նախարարութեանը՝ ցուցաբերած բոլոր համագործակցութիւնների համար, բարի գալուստ եւ յաջողութիւն մաղթեց աշակերտ-ուհիներին։

Այնուհետեւ Սրբազան Հօր նախագահութեամբ բոլորը միասնաբար արտասանեցին «Տէրունական» եւ «Զգործս ձեռաց մերոց …» աղօթքները, որից յետոյ ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց թեմակալ առաջնորդի ձեռամբ։

Սրբազան հօր գլխաւորած պատւիրակութիւնը ներկայացաւ նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանում, ուր եւս տեղի ունեցաւ վերամուտի հանդիսութիւն։ Սկզբում ներկաներին եւ ի մասնաւորի փոքրիկ սաներին ողջունեց դպրոցի տնօրէն Քառոլին Դիլանչեանը, ապա նշելով, որ դպրոցի նշանաբանն է «Երջանիկ ներկայ, լուսաւոր ապագայ», յոյս յայտնեց, թէ բոլոր փոքրիկները երջանիկ մանկութիւն են ունենալու եւ դառնալու են այնպիսի անհատներ, ովքեր կը կերտեն լուսաւոր ապագայ։ Տնօրէնի խօսքին յաջորդեց Սրբազան Հօր օրհնանքն ու շնորհաւորանքների շարանը։

Առաջնորդի պատգամի աւարտին փոքրիկ սաները արտասանեցին «Տէրունական աղօթք»-ը, իսկ Սրբազան Հայրը հնչեցրեց դպրոցական առաջին զանգը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։