Հա

Համայնք

06/11/2018 - 14:00

Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակի տօնակատարութիւնը՝ Նոր Ջուղայում

Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակը հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակը հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյին ներկայ էին՝ Հայաստանից ժամանած Հ.Յ.Դ. կուսակցութեան անդամ, քաղաքական գործիչ եւ ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի քահանայից դասըն ու ազգային մարմինների ներկայացուցիչները, գաղափարակից ընկերներ եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ։

Բանախօսական-գեղարւեստական ելոյթներով յագեցած այս միջոցառման մեկնարկը տրւեց յոբելեար կուսակցութեան քայլերգով՝ «Մշակ Բանւոր»-ով, ապա ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ ծրագրի հանդիսավար Սօսէ Ասատրեանը, ով կարեւորութեամբ նշեց, թէ Դաշնակցութիւնն իր անմնացորդ ծառայութեան նկարագրով միշտ եւ յատկապէս ամենաճգնաժամային պայմաններին եղել է սեփական ժողովրդի կողքին եւ մինչեւ օրս մնացել է պարզ, թափանցիկ, սկզբունքային, ուղղախօս, ուղղամիտ եւ ամենակարեւորը միակ կազմակերպութիւնը, որը չի ընկնում սեփական շահերի յետեւից եւ հայ ժողովրդի ընդհանրական շարհերի իրականացումը համարում է իր գործունէութեան յենակէտը։

Այնուհետեւ շարունակութեան մէջ իր դասախօսական ելոյթը ծաւալեց Արթուր Խաչատրեանը։ Նա դրւատանքի խօսք ուղղելով Սպահանի հայոց թեմի ժողովրդին եւ Հ.Յ.Դ. շրջանի կազմակերպութեանը՝ հայապահպանման ուղղութեամբ կատարած գործունէութեան եւ յատկապէս Հայ Դատի աշխատանքներում ու հայրենիքում ունեցած նիւթա-բարոյական ներդրումների համար, թւարկեց անցնող 128 տարիների ընթացքում յանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի Դաշնակցութեան կատարած կարեւորագոյն իրագործումները, ինչպէս նաեւ մատնանշեց այն պատճառները, որոնք ՀՀ վերանկախացումից յետոյ կուսակցութեանը մղեցին մաս կազմելու իշխող կառավարութիւններին. նա շեշտեց, որ կառավարութիւններին մաս կազմելով Դաշնակցութիւնը երբեք չփոխեց իր ուրոյն ոճն ու ձեռագիրը եւ փորձեց ներսից շտկել կառավարութեան քաղաքականութիւնը:

Պրն. Խաչատրեանն իր խօսքի մի այլ բաժնում անդադարձ կատարեց Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձութիւններին եւ ընդգծելով, թէ իշխող քաղաքական ուժը, առանց կառավարութեան գործընկերների հետ քննարկումների, պարտադրեց ընտրութիւններն անցկացնել այս տարւայ դեկտեմբերին, որից յետոյ ազգային համաձայնութեան կառավարութիւնը ցրւեց եւ Հ.Յ.Դ.-ն յետ կանչեց իր նախարարներին, աւելացրեց, թէ Դաշնակցութիւնը նոյնիսկ գտնւելով ընդիմադիր դաշտում, առաջնորդւում է կառուցողականութեան սկզբունքներով՝ աջակցելով կառավարութեան այն նախաձեռնութիւններին, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացմանն ու հայկական երկու պետութիւնների անվտանգութեան ապահովմանը:

Դասախօսն անդրադարձ կատարեց նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում որդեգրւած մի քանի յստակ մօտեցումներին՝ Դաշնակցութեան արժէքային համակարգից բխած եւ Հ.Յ.Դ. տնտեսական դոկտրինը կազմող երեք սկզբունքներին, որոնք են՝ ներառական տնտեսական աճը, սոցիալական արդարութիւնն ու կայուն զարգացումը, ապա ընդգծեց, որ Դաշնակցութիւնը ձգտում է սոցիալական երաշխիքով հասարակութեանը, որտեղ իւրաքանչիւրին տրւած է նիւթապէս ապահովւած արժանապատիւ կեանքի երաշխիք` անկախ շուկայի վայրիվերումներից, որպէսզի մարդն ազատօրէն կարողանայ մասնակցի երկրի հասարակական եւ քաղաքական կեանքին:

Ձեռնարկի երկրորդ բաժնում տեղի ունեցան գեղարւեստական կատարումներ։ Ասմունքով ելոյթ ունեցաւ Շաղիկ Մատթէոսեանը, իսկ «Անի» նւագախմբի նւագակցութեամբ յեղափոխական երգերի մենակատարմամբ ու խմբական կատարումներով հանդէս եկան՝ Վանա Շիրւանեանը, Շաքէ Մովսիսեանն ու Դաւիթ Թորոսեանը։ Մի երգ մենակատարեց նաեւ «Անի» նւագախմբի անդամ՝ Րաֆֆի Խուդաբախշեանը։ Նւագախմբի միւս անդամներն էին՝ Ասպետ Սիմոնեանը, Միրօ Խուդաբախշեանն ու Արին Խաչիկեանը (ղեկավար)։

Տօնական ձեռնարկին զուգահեռ կազմակերպւել էր գրքի ցուցահանդէս, որի բացումը կատարւեց ձեռնարկի աւարտին։ Այս ծիրում ցուցադրւել էին հին եւ նոր տպագրութիւններ. հին տպարգութիւնների շարքում աչքի էին ընկնում յատկապէս հնատիպ գրքեր, որոնց վաղեմիութիւնը գերազանցում էր 110 տարին։ Գրքերի շարանում էին՝ Դաշնակցութեանը վերաբերող արխիւային, պատմութեան եւ գաղափարական գրքեր, Հայ Դատի առնչութեամբ տպագրութիւններ, Հ.Յ.Դ.-ի օրգաններից նմուշներ եւ յաւելւածներ, դաշնակցական հեղինակների աշխատութիւններ, յեղափոխական երգի երգարաններ եւ պատանեկան ու երիտասարդական միութիւնների համար նախատեսւած ուսուցողական ձեռնարկներ։

Յարակից լուրեր

  • Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաների այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ
    Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաների այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ

    Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի գովելի մտահղացմամբ, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ սոյն դպրոցի սաներն այցելեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք, հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ին։

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

  • Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք
    Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

    Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

  • Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը
    Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

    Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

  • «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա
    «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա։ «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։